Հարցազրույց

07.04.2016 21:29


Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում բռնության նոր պոռթկումը կանխելն է. Ս. Լավրով

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում բռնության նոր պոռթկումը կանխելն է. Ս. Լավրով

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է փոփոխվել եռակողմ հանդիպման օրակարգը` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով:

–Սերգեյ Վիկտորի, այսօր կայանալու է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը: Դա նոր ձևաչափ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները փոխել են օրակարգը, երեկ հանդիպում եք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ենթադրում եմ, որ ձեր զրույցի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է եղել: Ինչի՞ մասին է եղել ձեր երկխոսությունը Ադրբեջանի նախագահի հետ և ինչո՞ւմ եք տեսնում ելքը այս իրավիճակից:

-Այն պահին, երբ հանդիպեցինք Իլհամ Ալիևի հետ, իրավիճակը, կարելի է ասել, արդեն կայունացել էր: Ինչպես գիտեք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել էր Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր Երևանում է, վաղը կլինի Բաքվում: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով միջնորդել ենք այս հարցում, համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները և կրակը դադարեցնելու շուրջ, որը, ինչպես հայտարարվել է, այժմ ամբողջովին պահպանվում է: Մենք հետևում ենք իրավիճակին: Կարևոր է, որ երկու կողմերն էլ վերահաստատեն իրենց հավատարմությունը այդ ռեժիմին:

Այսօր զրույցը կշարունակվի արտգործնախարարների մակարդակով: Եռակողմ հանդիպումից զատ՝ երկկողմ հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Վաղը նույնպես կկայանա վաղուց ծրագրված հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի հետ Մոսկվայում, որտեղ կանցկացվի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը և երկկողմ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ներկա պահին գլխավոր խնդիրը բռնության նոր պոռթկում թույլ չտալն է: Շատ կարևոր է վերադառնալ դեռևս 3-4 տարի առաջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարություններով ամրապնդված գաղափարներին: Քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերից, ստեղծված իրավիճակի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց բացի՝ քննարկվել են նաև շփման գծում վստահության միջոցներին առնչվող հարցերը: Նկատի ունենալով, որ երկու կողմերում էլ կան զոհեր՝ պետք է փոխանակել նրանց մարմինները, կային գերի ընկած մարդիկ:

-Այսինքն՝ որոշակի քայլերո՞վ:

- Այո: Միտք է եղել շփման գծից արձակել դիպուկահարներին: Շատ վտանգավոր է, երբ մարդիկ նայում են նշանակետին և տեսնում են միմյանց ժամը մեկ, ամեն րոպե ինչ-որ մեկի մոտ նյարդերը կարող են տեղի տալ: Նման քայլեր վաղուց են ծրագրված եղել: ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) հետ միասին զբաղվում էր որոշակի քայլերի նախապատրաստմամբ: Կարծում եմ` ստեղծված իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հնարավորինս շուտ հաստատել այդ միջոցները և ուժի մեջ մտցնել: Այս հարցը ես քննարկել եմ երեկ Իլհամ Ալիևի հետ: Նա աջակցել է այդ մոտեցմանը: Իհարկե, ըմբռնելով, որ այդ միջոցները մենք կկիրառենք ոչ թե ստատուս-քվոն հավերժացնելու համար, դա ոչ ոքի պետք չէ, այլ ներկայում քաղաքական գործընթացի համար առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով, որի շրջանակներում Ռուսաստանը սեփական նախաձեռնություններն է կատարում: Նախագահ Պուտինը, նրանից առաջ նախագահ Մեդվեդևը տարատեսակ մտքեր էին առաջարկում, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ ազատագրված շրջանների միջոցով` Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի համաժամանակյա որոշմամբ:

-Վերադառնալով Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ անցկացվելիք խորհրդակցությանը` ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այդ հանդիպումից:

-Մենք Ադրբեջանի և Իրանի հետ վաղեմի, սերտ և բարեկամական կապեր ունենք, ռազմավարական համագործակցության հարաբերություններ: Երկկողմ հարաբերությունների օրակարգը և՛ Բաքվի, և՛ Թեհրանի հետ ներառում է տնտեսությունը, քաղաքական հարցերը և անվտանգությունը, ինչպես նաև համագործակցությունը Կասպից ծովում: Եռակողմ ձևաչափով կքննարկվեն նաև տարածաշրջանում անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը