Մեկնաբանություն

07.04.2016 17:15


Ինչից է ցավ զգում Սերժ Սարգսյանը, և ինչից է ցավ զգում հայ ժողովուրդը

Ինչից է ցավ զգում Սերժ Սարգսյանը, և ինչից է ցավ զգում հայ ժողովուրդը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել։

«Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: ... Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում»,– Գերմանիայի լրատվական գործակալության տված հարցին պատասխանել է ՀՀԿ ղեկավարը։

Դե, քանի ցավերից խոսք գնաց, արժե նշել, թե ինչից է ցավ ապրում հայ ժողովուրդը, որը իր զավակների կյանքի գնով է վճարում վերջին տարիների ապաշնորհ և կոռումպացված սերժսարգսյանական իշխանության գոյության համար և բացառապես հայրենասիրության հաշվին է պաշտպանում ՀՀ ու ԼՂՀ անվտանգությունը մինչև ատամները զինված թշնամուց։

Ցավ է, երբ երկրիդ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը հայտարարում է, թե մենք կռվում ենք հիմնականում 80–ական թվականների զենքով։ Ցավ է, քանզի Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները միայն գերժամանակակից տեխնիկական միջոցներից (ավտոմեքենա, կենցաղային տեխնիկա, ժամանցը հետաքրքիր դարձնող իրեր և այլն) են օգտվում։ Իսկ ո՞վ էր խանգարում Սերժ Սարգսյանին նույն ՌԴ–ից զենք գնել, ընդ որում՝ շատ ավելի էժան գներով, քան դա արել է Ադրբեջանը։ Փող չկա՞ր։ Իհա՛րկե, կար։ Միլիարդներով վարկ է մսխվել վերջին տարիներին։ Ո՞ւր են կորել այդ գումարները։

Սարգսյանն ու իր մերձավորները գերժամանակակից արագաչափեր ու տեսախցիկներ են տեղադրել ամբողջ Հայաստանում, որպեսզի, պատկերավոր ասած, հավքն իր թևով և օձն իր պորտով իրենց ֆինանսական հետաքրքրությունից դուրս չմնան (ի դեպ, այս օրերին Հայաստանից Ղարաբաղ շտապող ու իրենց զավակների ճակատագրով մտահոգ մարդիկ ահագին «նկարվել» են արագաչափերի միջոցով, ինչը լրացուցիչ գումար կմտցնի համապատասխան ընտանիքի բյուջե)։ Դրանց համար փող կար, զենքի համար փող չկա՞ր։ Թե՞ զինվորի կյանքը փող չի բերում և միայն ընտրակեղծիքների ռեսուրս է դիտարկվում, հետևաբար չարժե ավելորդ ծախսեր անել։

Սարգսյանն ու իր մերձավորները գերժամանակակից կարմիր գույնի ներկ են ձեռք բերել, որպեսզի ասֆալտի վրա լցնեն ու փող հավաքեն։ Թող սահմանի վրա հատուկ սարքեր տեղադրեին, որպեսզի մերոնք «կանսեռվայի բանկայի» հույսին չմնային, այլ ոչ թե ներկ առնեին։

Նույն շրջանակները գերժամանակակից ՀԴՄ սարքեր են ներմուծել, որպեսզի բիզնեսին քերթեն։

ՀՀԿ ղեկավարի անսպառ ախորժակ ունեցող մերձավորները ամենաքիչը 1 միլիարդ դոլար արժողությամբ Որոտանի կասկադը սեփականաշնորհեցին գրեթե ձրի, ու հետո տխրահռչակ Նազարյանի «անկախ» հանձնաժողովը հոսանքի գինը բարձրացրեց, որպեսզի սերժենք հանկարծ 2016 թվականից ցածր տարեթվի անձնական օգտագործման տեխնիկական միջոցներ չունենան։

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը մի քանի միլիարդ դոլարով ավելացրեց ՀՀ պարտքը՝ այն բազմապատկելով չորս անգամ, որպեսզի բավարարվի անկուշտ մարդկանց ախորժակը։

Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները մենաշնորհային դարձրեցին տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, որպեսզի ցավ չապրեն ու հիմա էլ փորձում են վերջնականապես կյանքի կոչել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։

Հայ ժողովուրդը ցավ ապրեց, երբ Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները խփեցին այնքան տոկոս, որքան ուզեցին, բայց դա չանհանգստացրեց «Վերջի բոլշևիկին»։

Սերժ և Տիգրան Սարգսյանները համատեղ կառուցեցին «Հայկական աշխարհ», որի արդյունքում ՀՀ–ից հեռացավ 300 հազար մարդ, ու սահմանում կանգնողների քանակը կտրուկ կրճատվեց։ Արդյունքում՝ զինվորը կռվում է իր ու Հայաստանից հեռացած ընկերոջ փոխարեն։

Սերժ Սարգսյանն ու իր մերձավոր շրջապատը ոչ թե ժամանակակից զինտեխնիկա գնեցին, որպեսզի սահմանում հայ մարդը ստիպված չլինի հրացանով կռվել անօդաչու սարքի դեմ, այլ հսկայական միջոցներ դրեցին ու մանրամեծածախ գներով սեփականաշնորհեցին լրատվական դաշտը՝ ստեղծելով Հայաստանի քաղաքացիների դեմ պայքարելու «Գեբելսյան» քարոզչամեքենա։

Թող իշխանության վերին օղակներում ոչ թե օֆշորային մեքենայություններով զբաղվեին, այլ զենք գնեին, որպեսզի մարտի դաշտում հայ զինվորի ու սպայի ոգին նաև ժամանակակից զենքով ամրապնդվեր։

Այս շարքը երկար կարելի է շարունակել։ Ահա այս հարցերի շուրջ պետք է ցավ ապրել, համապատասխան եզրակացություններ անել ու կոնկրետ քայլերի դիմել։

Իշխանությունները վայելքներն ու հաճույքները պահել են իրենց, իսկ մեր երկրի պաշտպանության համար զոհվելու գործը թողել են շարքային քաղաքացիների վրա։

Հայրենիքն, անշո՛ւշտ, պետք է պաշտպանել թշնամուց, բայց երբ քեզ «մերկ ձեռքերով» ուղարկում են կռվելու և հայտարարում են, թե բա՝ մեր ոգին լավն է, ու ոչինչ, որ ունենք ընդամենը 80–ականների զենք, դա արդեն այլ բան է նշանակում։

Վերջին օրերի թեժ մարտերում մենք ցավալի զոհեր ունեցանք, որոնք չէին լինի, կամ այդ քանակի չէին լինի, եթե Հայաստանի ներսում թալանչիական միջավայր չլիներ, և գերկոռումպացված իշխանություն չլիներ։

Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում այս ամենի համար։ Ու նա չի կարող իր սիրած ոճով հիմա որդեկորույս հորն ու մորը հանդիպելիս ասել, թե բա՝ ե՞ս եմ մեղավոր, որ քո որդին զոհվել է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը