Քաղաքական

06.04.2016 12:14


Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ժամանակ

Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ժամանակ

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳՇ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- նշել է Օհանյանը:

Բացի այդ, նա շեշտել է, որ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստվածության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում:

«Դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ քայլեր էին: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- հավելել է նախարարը։

ՊՆ ղեկավարի խոսքով՝ Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում, հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո։

«Պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը»,–ասել է նախարարը՝ վերջում հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը, և դեռ ավելին:

Այս խորագրի վերջին նյութերը