Աշխարհ

02.04.2016 21:10


Լ. Օչոա. «Ճիշտ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու»

Լ. Օչոա. «Ճիշտ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու»

Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան շեշտեց, որ միջազգային իրավունքի և դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:

«Լիահույս եմ, որ միջազգային հանրության, Եվրոպական միության արձագանքը և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազմի մեկնարկը»,- շեշտեց Օչոան:

Նրա խոսքով՝ սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, ինչպես օրինակ հրադադարի խախտումների վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռևս 2012թ-ին:

Օչոան հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձևերից մեկում արդեն իսկ առաջարկել էր կիրառել մի շարք պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի նկատմամբ:

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձևը: Ի վերջո, կցանկանայի իմ անկեղծ ցավակցությունները հայտնել այս ահավոր հարձակումների զոհերի ընտանիքներին»,- եզրափակեց Էդուարդո Լորենցո Օչոան:

«Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը