Մեկնաբանություն

01.04.2016 10:55


Ստրկուհի Իզաուրան և դիսկո պարողը նյարդայնացած ծխում են

Ստրկուհի Իզաուրան և դիսկո պարողը նյարդայնացած ծխում են

Բ26–ի ջահելությունը վաղ պատանեկան հասակում ակնհայտորեն տարված է եղել սերիալներով և հնդկական կինոյով։ Նաև՝ «ուժեղ կինո» է սիրել նայել՝ «սպայդերմենի» կամ «այրենմենի» մասնակցությամբ։

Սրանք երազել են, որ երբ մեծանան, ու ձեռքները մի լավ խաղալիք ընկնի, իրենք ահագին կխաղան։ Հանգամանքների բերումով, սակայն, ձեռքները ոչ թե խաղալիք է ընկել, այլ պետություն։ Պետությունն «արևմտամետ» ջահելների համար դարձել է ոչ միայն խաղի, այլ նաև թալանի օբյեկտ։

Ու որպեսզի թալանն այդ չերևա, ու դեռ մի բան էլ երիտթալանչիները հանրությանը ներկայանան թալանի դեմ պայքարողի իմիջով (Սերժ Սարգսյանի խրոխտ հայացքի ներքո), ստեղծել են «Գեբելսյան» քարոզչամեքենա։ Ահա այդ գործիքի մաս կազմող լրատվամիջոցներից մեկը բրազիլական սերիալ կամ հնդկական էժանագին կինո հիշեցնող տեքստ է տարածել՝ քամելով բազմաչարչար հայ ժողովրդի առատ արցունքները։

«Երբ Սերժ Սարգսյանին զեկուցել են «ՊԵԿ աշխատակիցների բաց նամակ» անվանումով ձայնագրության եւ դրանում բերված փաստերի մասին, նա անմիջապես հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել եւ ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվել: Նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողը» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ («կպատժվի» բառը թերթն է մեծատառերով գրել՝ թերևս ահասարսուռ տպավորություն թողնելու համար – Կ. Հ.)»,– տարածել են «գեբելսիկները»:

Ուշադրությո՛ւն դարձրեք. «Գեբելսյան» քարոզչամեքենան հայտնում է, որ Սարգսյանն այլևս արգելում է կոռուպցիայով զբաղվել։ Այսինքն՝ ստացվում է, որ մինչև երեկ կարելի էր, իսկ ահա այսօր արդեն արգելված է։ Բայց սա դեռ մի կողմ։

Տեքստից ստացվում է նաև, որ Սերժ Սարգսյանը «խաբար» չի եղել, որ երկրում փայ մտնել կա, թալան կա, բան կա։ Նա իր համար «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ է զբաղվել, «եվրաասոցացվել» է կամ էլ հանգիստ տոկոս «խփել», երբ զեկուցել են, որ «բաց նամակ» կա։ Դրանից հետո նա փրփրել է, կատաղել և հանձնարարել է այլևս կոռուպցիայով չզբաղվել՝ խոստանալով չներել անգամ իր ընտանիքի անդամներին։ Ա՛յ, ա՛յ ա՛յ...

Զարմանալ պետք չէ, քանզի եթե մարտի 1–ի շահառու Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդես է գալիս նույն մարտի 1–ի զոհի կարգավիճակով («արևմտամետ» դհոլ Արամ Սարգսյանի ականջը կանչի), ապա ինչո՞ւ պետք է «Գեբելսյան» քարոզչամեքենան նրան չներկայացնի որպես հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ կամ հակակոռուպցիոն արշավանքի ռահվիրա։ «Գեբելսյան» քարոզչամեքենան հենց դրա համար է ստեղծված, որպեսզի ստի ու դեմագոգիայի տարածմամբ զբաղվի։

Նկատենք, որ կոռուպցիայի դեմ «պայքարի» այս ձևը հիշեցնում է եժովա–յագոդա–բերիական «անոնիմկաների» կիրառման տեխնոլոգիան, երբ չեկիստները, «վոժդի» ուշադիր հայացքի ներքո, որոշում էին, թե որ «թիմակցին» պետք է «փուռը» տան, ու «անոնիմկա» էին սարքում։ Դե, իսկ «ժողովուրդների հայրը» կայացնում էր «արդար դատավճիռը»։ «Վերջի բոլշևիկն» այժմ նույն բանն է անում։

Այն, որ իշխանական բուրգում թալան կա, նորություն չէ։ Այն, որ թալանն այդ հատկապես առկա է հարկային ու մաքսային համակարգում, նույնպես նորություն չէ։ Բայց քանի՞ մեղսունակ մարդ կա Հայաստանում, որ չհասկանա՝ թալանի գլխավոր ճարտարապետն ու շահառուն նստած է Բաղրամյան 26–ում, իսկ նրան կցված երիտշրջապատի սիրտը «սամալյոտի միս» է ուզում, և դա է պատճառը, որ սկսել են «հակակոռուպցիոն» խաղեր խաղալ։

Պատկերացնո՞ւմ եք, Սարգսյանն ասել է, որ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողն» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ։ Ամա՜ն, ամա՜ն ... Մի հատ վալերյանկա բերեք խմենք, մի հատ սոխը մանր կտրտեք, բերեք աչքերիս մոտ...

Հայաստանյան բիզնեսի տարբեր ոլորտները հերթով մենաշնորհայնացվում են ու անցնում Սերժ Սարգսյանին կից շրջապատին, իսկ ահա նա, պարզվում է, տրամադրված է պատժել (ՊԱՏԺԵԼ) բոլորին՝ լինի դա, Կա՛ռլ, հարազատ եղբայրը կամ փեսան։

Ասում են, թե այս ամենի մասին իմանալուց հետո ստրկուհի Իզաուրան և «Դիսկո պարողը» կինոյի միջի տղեն սկսել են նյարդայնացած ծխել։

Իզա՛ուրա, «к столбу!!!»: Ջի՛մի, «հաչա՛»։ Մի հատ սիգարետ բերեք, ծխենք հանգստանանք, քանզի ՀՀԿ ղեկավարն այլևս արգելել է կոռուպցիայով զբաղվել։ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն էլ, երևի, Սաշիկն է գլխավորելու կամ էլ էն մյուս մեդալակիր եղբայրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը