Մեկնաբանություն

29.03.2016 11:42


Աշոտ Աղաբաբյանն՝ ընդդեմ նեոբոլշևիկների

Աշոտ Աղաբաբյանն՝ ընդդեմ նեոբոլշևիկների

Գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը մի բան գիտեր, որ ԵԿՄ-ի համագումարի ժամանակ «Վերջի բոլշևիկ» էր անվանում Սերժ Սարգսյանին: Վերջինիս ձեռքում եղած մեխի ու չագուճի կիրառման մասով անձնական փորձ ունեցող Մանվելը զգում էր, որ դա դուր կգա Սարգսյանին:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ում քաղաքական դպրոց հիմնելու մասին որոշում են կայացրել:

Երբ տնտեսաքաղաքական գերմենաշնորհի ձգտող ուժը, ավելի ճիշտ՝ ուժի ղեկավարը, որոշում է քաղաքական դպրոց բացել, նշանակում է՝ նա կուսակցությունը դիտարկում է որպես վերպետական կառույց, որտեղ նաև ապագա կադրերին պետք է, այսպես ասած, ինկուբացիոն համակարգով անցկացնել:

Նոր Սահմանադրության շրջանակներում խնդիր է դրված իշխող կուսակցությունը վերածել վերպետական կառույցի այնպես, ինչպես բոլշևիկներն էին արել:

Բոլշևիկյան պետությունն իր համակարգային դեֆեկտի պատճառով փլուզվեց, բայց բոլշևիկյան մտածողության մնացուկները դեռ շարունակում են գոյություն ունենալ: Հայաստանում իշխանությունն անցել է ռեակցիոն ուժերի ձեռքը, ինչն ավերածությունների պատճառ է դարձել:

Բ26-ին կից քարոզչամեքենան Սերժ Սարգսյանի քայլերը ներկայացնում է որպես սերնդափոխության իրականացում, բայց քաղաքական մենաշնորհի պայմաններում իշխող կուսակցության իրականացրած սերնդափոխությունը միայն կարող է բերել սերնդապղծման և դեգրադացիայի:

Եթե չկա մրցակցային միջավայր, ապա չեն կարող տեղի ունենալ զարգացում և առողջ սերնդափոխություն:

Տնտեսաքաղաքական գերմենաշնորհի հաստատման դեպքում այսօրվա մականունավորները կարող են շահեկանորեն տարբերվել «ուսյալ-կրթյալներից»:

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոցի բացման թեմայով քննադատական գնահատականներով է հանդես եկել Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը:

«Կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ. դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ,- «News.am»-ի հետ զրույցում հայտարարել է նա:

Բուռնաշի հայտարարությունն ինչ–որ առումով կարելի է խորհրդանշական համարել: Ֆորմալ առումով նժդեհական գաղափարների կրող համարվող ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում կանգնած Աղաբաբյանը բնազդով է դեմ արտահայտվում բոլշևիկյան ծրագրերին: Ճիշտ է, նրա մոտ նորմալ մտքերն առաջացել են բիզնեսում ունեցած իր խնդիրներից և իշխանությունների «ռեյդերական» քայլերից հետո, բայց դա տվյալ դեպքում արդեն երկրորդական է:

Աղաբաբյանի գնահատականը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի ներսում նկատվող մականունավորներ-«առաջադեմ կադրեր» խուլ պայքարում առաջինները փառք են անհայրենիք ու ժելեոտած մազերով երիտբոլշևիկների համեմատ: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը պետք է ընտրություն կատարի սրանց մեջ: Դա կեղծ օրակարգ է և կեղծ ընտրություն:

Հանրությունը պետք է նորի ու հնի միջև ընտրություն կատարի՝ նախապատվությունը տալով նորին և ձևավորելով մրցակցային միջավայր:

Մրցակցային տնտեսաքաղաքական միջավայրում չեն լինի բարի և չար ուժեր: Այդ միջավայրում անգամ չար ուժերը ստիպված կլինեն բարի գործեր կատարել:

Մրցակցության պայմաններում բոլորն էլ իրենց արժանի տեղը կունենան և կզբաղվեն իրենց գործով:

Եվ ամենակարևորը՝ մրցակցային միջավայրում նեոբոլշևիզմը կվերանա, և Հայաստանը հնարավորություն կստանա զարգանալ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Նույն հարցազրույցում Աշոտ Աղաբաբյանը նշել է. «Եթե անդամագրվում են տվյալ կուսակցությանը, նախ պետք է ծանոթանան այդ կուսակցության ծրագրերին, գաղափարներին: Կուսակցությունը պիտի ձերբազատվի շահերից դրդված անդամագրվող մարդկանցից»:

Սա հետաքրքրական գնահատական է այն առումով, որ կարող է վերաբերել նաև Սերժ Սարգսյանին: Չէ՞ որ նա, այդ կուսակցության ծրագրերի ու գաղափարների մեջ չխորանալով, անձնական շահի համար անդամագրվեց ՀՀԿ-ին և Անդրանիկ Մարգարյանի մահից հետո դարձավ այդ ուժի ղեկավարը, ու հիմա, պատկերավոր ասած, փորձում է տնից վռնդել մյուս տանտերերին և երիտբոլշևիկներով շրջապատված միջավայր ստեղծել:

Այս խորագրի վերջին նյութերը