Լրահոս

02.12.2009 09:51


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել է մեղադրանք

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝  ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝  առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական  խուզարկության ենթարկվելու,  որտեղ տեւական ժամանակ մնացել են  առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի՝ հասարակության համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հերթափոխի ավագ  Ա.Սմբատյանին,  անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը