Մեկնաբանություն

29.03.2016 09:40


Մարտի են նետվել «լուսավոր» ու «պատվավոր» հաճախորդները

Մարտի են նետվել «լուսավոր» ու «պատվավոր» հաճախորդները

Բ26-ն իր քարոզչամեքենայով և դրածոներով փորձում է վարկաբեկել Ընտրական նոր օրենսգրքի քննարկման «4+4+4» ձևաչափը: Պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող հրաժարվել այդ ձևաչափով քննարկումից և զիջումներից, քանզի դա Արևմուտքի պահանջն է, այն Արևմուտքի, որից կրկին վարկ են ուզում վերցնել: Վարկատուն էլ արդեն քաղաքական պահանջ է դնում և այդ պահանջներից մեկը ընդդիմության հետ կոնսենսուսային տարբերակով ԸՕ-ի ընդունումն է:

Ասել, որ «4+4+4» ձևաչափը հարյուր տոկոսանոց երաշխիք է տալիս, որ Սարգսյանը կհրաժարվի ԸՕ-ի հետ կապված իր բոլոր ցանկություններից, սխալ կլինի: Սակայն ակնհայտ է, որ ձևաչափը հնարավորություն կտա առավելագույն ճնշումներ բանեցնել և զիջումներ կորզել: Հատկապես եթե լինի համախմբված մոտեցում ու նաև փողոցային ճնշում:

Սա շատ լավ հասկանում են իշխանությունները, և ահա որպեսզի արժեզրկվեն քննարկումները ու բուն ձևաչափը, «լուսավոր» հաճախորդի և «պատվավոր» հաճախորդի (նաև՝ մյուս հաստիքայինների) միջոցով քննադատում են Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանություններից զիջումներ ստանալու նպատակով համատեղ ճնշումներ կիրառելու առաջարկը:

Հաճախորդները, «սկզբունքային» նկատառումներից ելնելով, համարում են, որ չի կարելի գնալ իշխանությունների հետ քննարկումների, քանզի այն անպտուղ է: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանադրական հանրաքվեից առաջ հաճույքով մասնակցեց Սերժ Սարգսյանի աշխատասենյակում կազմակերպված ֆոտոսեսիային՝ շատ լավ իմանալով, որ այդ հանդիպումից ՀՀԿ ղեկավարին պետք է միայն տեսախցիկների առաջ կազմակերպվող ձեռքսեղմումը: Այսինքն՝ «արևմտամետ» «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը համաձայնեց դեկորացիայի դեր կատարել հանրաքվեի կեղծումից առաջ:

Է. Մարուքյանը հիմա դեմագոգիայով է զբաղված՝ հայտարարելով, թե այդ ինչպե՞ս է, որ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումը քննադատողները հիմա գնում են ԸՕ-ի հարցով իշխանությունների հետ հանդիպման: Սույն «լուսավոր» հաճախորդը շատ լավ գիտի իր ֆոտոսեսիայի և «4+4+4» ձևաչափով քննարկումների տարբերությունը, բայց իրեն դնում է միամիտ լոռեցու տեղ և կատարում իր մարտական առաջադրանքը «1in.am»-ի աչոնիկի հետ զրույցում:

Ինչ վերաբում է «պատվավոր» հաճախորդի վարքագծին, ապա այն նման է սահմանադրական հանրաքվեի փուլում արձանագրվածին:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հանրաքվեն համարում էր կեղծ օրակարգ և այդպիսով անուղղակիորեն աջակցում Սերժ Սարգսյանին («թունդ ընդդիմադիր» Նիկոլը «շուստրիաբար» խուսափում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների համապատկերին գնահատական տալ «Ռոսիա Մոլում» իր գաղափարակից ընկեր և հովանավոր Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ տեղի ունեցած ֆոտոսեսիային), թեև մանկապարտեզի երեխաներին էլ էր պարզ, որ այն քաղաքական թիվ մեկ օրակարգն էր, քանզի պետական կառավարման համակարգի փոփոխությունը և իշխանության վերարտադրման ցանկությունը չի կարող կեղծ օրակարգ համարվել քաղաքական ուժի համար:

«Պատվավոր» հաճախորդ Նիկոլը հիմա էլ Ընտրական օրենսգրքի թեմայով քննարկումներն է համարում կեղծ օրակարգ և զուգահեռաբար հայտարարում, որ ՔՊ-ի առաքելությունը միակ ընդդիմադիր լինելն է (ամբողջ աշխարհում կուսակցությունները ստեղծվում են իշխանության գալու նպատակով, իսկ ահա ՔՊ-ն «ինստիտուցիոնալ» է. այս կառույցի նպատակը ընդդիմություն լինելն է): Ճիշտ է, նա նաև հայտարարում է, որ միակ ընդդիմադիրը լինելուց հետո արդեն հնարավոր կլինի զբաղվել իշխանության հարցը լուծելու խնդրով, բայց դե դա գեղամյանության «ատմազկա» է: Նիկոլն իր այդ հայտարարությամբ ընդամենը ցույց է տալիս, թե «Ռոսիա Մոլին» կից ինքն իրականում ինչով է զբաղվելու՝ հայտ ներկայացնելով «պատվավոր» հաճախորդից վերածվել հավերժական հաճախորդի:

Ի դեպ, «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» հասցեին Բաղրամյան փողոցից «Աշոտյան» եղած Արմեն Աշոտյանը, երջանիկ պատահականությամբ, գովեստի խոսքեր է շռայլում ու «պերեժիված» անում՝ սրանց ապագա ԱԺ-ում տեսնելու ցանկությամբ: Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը