Մեկնաբանություն

26.03.2016 11:32


Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը. Ռոբերտ Քոչարյանը հաղթած է

Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը. Ռոբերտ Քոչարյանը հաղթած է

2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ստեղծեց մի քարոզչամեքենա, որի գործունեության հայեցակարգի հիմքում ուրացումն է: Ուրանում են նախորդ տասնամյակը, ընկերներին, թիմակիցներին, ձեռքբերումները և այլն:

Սերժ Սարգսյանը որդեգրեց «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ» կարգախոսն ու անցավ գործի: Արդյունքում՝ ձախողումներ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, խայտառակ ցուցանիշներ տնտեսական ոլորտում և գաղջ մթնոլորտ:

Եթե Սարգսյանն ուզում էր սեփական քաղաքական դիմագիծն ունենալ, ապա պետք էր որդեգրել «Ես Սերժ Սարգսյանն եմ» կարգախոսը՝ ապահովելով ավելի լավ արդյունքներ, քան արձանագրվել էին Քոչարյանի նախագահության շրջանում և վերացնելով այն բացասականը, որը կար նույն շրջանում: Բայց Սարգսյանի թիմում որդեգրեցին շատ սխալ մոտեցում՝ սկսեցին իրենց հաճախորդների ու «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ սևացնել Քոչարյանին և կառավարման այդ տարիները՝ կարծելով, որ եթե սևացնեն նախորդին, ապա Սարգսյանը նրա ֆոնին կարող է սպիտակ երևալ:

Այսինքն՝ Սարգսյանը որոշեց սեփական դիմագիծն ունենալ ոչ թե հանրային ու պետական շահի ապահովման և դրական արդյունքների արձանագրման, այլ բանսարկությունների, ստի ու կեղծիքի տարածման միջոցով:

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Սարգսյանն ու իր թիմը պարտվեցին Ռոբերտ Քոչարյանին:

«Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ էդ Քոչարյանն էր մեղավոր» բլեֆը միգուցե մեկ-երկու տարի աշխատեց, բայց հետո մարդիկ համեմատեցին ու տեսան, որ Քոչարյանի նախագահության շրջանի համեմատ՝ Սարգսյանի կառավարման տարիները դժոխային են, և այդ մասին վկայում են պաշտոնական տվյալներն ու միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքային թուլացումը (Քոչարյանի նախագահության տարիների դրական ձեռքբերումներին հսկայական հարված էր մարտի 1-ը, որի պատճառը, սակայն, քրեաօլիգարխիկ հեղաշրջումն էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. վերջինս երեք նախագահների մեջ միակն էր, ով դարձավ այդ ողբերգության շահառուն):

Սարգսյանի կիրառած քարոզչակոդը ռազմավարական սխալ էր, քանզի նա տարանջատվեց մինչև 2008-ը արձանագրված դրական արդյունքներից, բայց չկարողացավ դրական ցուցանիշներ ունենալ իր նախագահության շրջանում: Արդյունքում՝ հիմա ինքը չի կարող գոնե նախորդ շրջանի դրական արդյունքներով սեփական «փիառը» կազմակերպել, քանզի ամեն կերպ փնովել է երկնիշ տնտեսական աճի տարիները, այն տարիները, երբ նույնիսկ փոքրիկ, բայց, այդուհանդերձ, մարդկանց ներհոսք արձանագրվեց:

Վերջին ութ տարիների ընթացքում շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացու արտագաղթի պատճառ դարձած իշխանությունը հիմա այլ բան չի կարող անել, քան մթնոլորտի գաղջացում ապահովելն ու «մուտիլովկաներ» տարածելը:

«Քոչարյանական» պիտակով քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելը, հետևաբար, անարդյունավետ է, քանի որ քոչարյանական կառավարման տարիները շահեկանորեն տարբերվում են սերժսարգսյանական կառավարման շրջանից (դոլարային հաշվարկով Սարգսյանը վերջին ութ տարիների ընթացքում չի կարողացել հասնել 2008-ի ՀՆԱ-ի մակարդակին՝ հաջողացնելով այդ ընթացքում ավելացնել ՀՀ պարտքն ավելի քան երեք անգամ, ինչը նշանակում է, որ, մեղմ ասած, տեղի է ունեցել անարդյունավետ կառավարում): Եվ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ խնդիր են լուծում իշխանությունները այս կամ այն ուժին կամ անհատին «քոչարյանական» լինելու «մեղադրանք» ներկայացնելով: Սարգսյանը պետք է երազեր, որ քոչարյանական ընկալվեր հանրության մոտ, որպեսզի Ռ. Քոչարյանի նախագահության շրջանի դրականը գոնե մի քիչ էլ իր վրա «կարվեր», իսկ նա գնաց լրիվ հակառակ ուղղությամբ և «քաշվեց»:

Եթե այդպիսի պիտակավորումներ են կիրառվում, և այդ պիտակը որպես մեղադրանք է ներկայացվում, ապա պետք է նշել, որ ամենաքոչարյանականը եղել է Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, որի համամասնական ցուցակը կազմվել է Քոչարյանի գիտությամբ: Բացի այդ, եթե ոմանք հիմա ուրանում են, որ Քոչարյանի թիմակիցն են եղել, ապա դա ոչ միայն քաղաքականապես սխալ է, այլ նաև՝ անբարոյականություն:

Վարդան Օսկանյանին հիմա, փաստորեն, մեղադրում են, որ նա անբարոյական չէ, և չի ուրանում 1998-2008թթ. կառավարման շրջանն ու չի թաքցնում, որ ունի նորմալ մարդկային հարաբերություններ ՀՀ երկրորդ նախագահի հետ: Մինչդեռ նեոբոլշևիկյան մտածելակերպի մարդիկ առաջնորդվում են սովետական ավանդույթների համաձայն, ըստ որոնց՝ ամեն հաջորդ ղեկավարը քննադատում էր իր նախորդին՝ հետագայում իր հաջորդի կողմից քննադատվելու հեռանկարով:

Ս. Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը ցույց է տալիս, որ վաղը մենք ստիպված ենք լինելու իրեն պաշտպանել այսօրվա այն ոհմակից, որը երեկ իրեն ճղում էր Քոչարյանի կոշիկների փոշին սրբելու համար (Արմեն Աշոտյանն, օրինակ, կարմիր շորտիկը հագին, ծափ էր զարկում ու պար գալիս Քոչարյանի հայացքին արժանանալու համար), սակայն չէր հասնում իր նպատակին, իսկ այսօր նույն բանն է անում նոր տիրոջ մոտ՝ վաղը նրան հոշոտելու պատրաստակամությամբ:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը