Մեկնաբանություն

25.03.2016 00:30


«Ֆուտբոլային» դիվանագիտության «հայրենասիրական» դրսևորումները

«Ֆուտբոլային» դիվանագիտության «հայրենասիրական» դրսևորումները

Մինչ Վարդան Օսկանյանի կուսակցության գրանցումը (դրանից հետո էլ, իհարկե) դեռ որքա՜ն կեղտաջուր է հոսելու Սերժ Սարգսյանի ՍՊԸ հանդիսացող լրատվամիջոցների էջերում:

Շուտով կհասնեն Օսկանյանի ուսանողական տարիներին (բայց դե, մարդն այդ եւ իր կենսագրության հետագա փուլերի մասին հուշագրություն է հրապարակել, եւ Բաղրամյան 26-ի «բեղուն» գրիչներին կեղծիք տարածելը դժվար թե հաջողվի, սակայն, իհարկե, նրանց փեշակն է դա, ու վստահ չենք, որ չեն «խորանա» մինչեւ նրա մանկություն):

ՀՀԿ ղեկավարի ՍՊԸ հանդիսացող լրատվամիջոցներից մեկին ակնհայտորեն զայրացրել է Օսկանյանի մասին դրական արտահայտվող գործիչների կարծիքն ու գնահատականը, եւ այդ լրատվամիջոցի լրագրողն ինքն իրեն քացի տալով ջանում է «ապացուցել», թե նախկին արտգործնախարարն իր պաշտոնավարման տասը տարիներին (ՀՀ երկրորդ նախագահի հետ միասին) ԼՂ կարգավորման հարցում որդեգրել էր պարտվողական քաղաքականություն:

Հիշեցնում է «Ընդհանուր պետության» գաղափարը, որն այդպես էլ գաղափար մնաց: Այս առաջարկի հետ համեմատում է փուլային ու փաթեթային տարբերակները ու այդ ամենից «բխեցնում», թե մազ էր մնում՝ Ղարաբաղը տային Ադրբեջանին: Եվ այս ամենն ասվում է տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր թիմակիցների կողմից:

Պարզ է, թե ով է եղել այս ցնորամտության «մուսան», որ թելադրել է լրագրողին (դավիթշահնազարյանական խելապակաս «վերլուծություն»): Բայց ամենազավեշտականն այն է, որ իր «լավաշն» ավարտում է այն փաստով, որ այդպես էլ Ալիեւը չի համաձայնել «Ընդհանուր պետության» առաջարկին: Հընթացս հասցնելով Օսկանյանին ու Քոչարյանին մեղադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին գործելու մեջ: Ողբալի շարադրանք:

Գոնե «ֆայմեր» ու վերջում չգրեր, որ Ալիեւը դեմ է եղել նշված առաջարկին: Դրանով արդեն ամեն ինչ «ջրվում» է:

Եթե Ալիեւը դեմ է եղել «Ընհանուր պետությանը», ապա էլ ի՞նչ նաղլ ես պատմում, ա՛յ «մուտիլովշիկ»-ուհի:

Պարզ է, որ դավիթշահնազարյանական ցնորագրության հեղինակը չէր գրելու, որ այդ տասնամյակում Օսկանյանն ու Քոչարյանը հասան նրան, որ ամրագրվեց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ինչը մինչ այդ ամրագրված չէր, եւ միայն խոսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Պարզ է նաեւ, որ սույն «մուտիլովշիկ»-ուհին չէր գրելու, որ 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը սկսեց քիրվայության գործընթացը, ԼՂ կարգավորման հարցում հայկական կողմի դիրքերը թուլացան (չենք խոսում արդեն սահմանային լարվածության եւ դիվերսանտների հաճախակի ներխուժումների մասին, որոնց ժամանակ ՀՀԿ ղեկավարն անհետանում էր):

Վերջին խայտառակությունն էլ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հակահայկական երկու զեկույցների քննարկումն է, որոնցից մեկն ընդունվեց:

Իսկապես, Օսկանանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտը Բաղրամյան 26-ին ստիպել է քարոզչամեքենային յուղել ու անհիմն մեղադրանքների «Ընտրանի» հրապարակել:

Երկրում լիքը վախ չափող կա, անգամ ձեր TV-ների մշտական հյուրերն են նրանք: Գնացեք դիմեք այդ վախ չափողներին: Կարող է՝ օգնեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը