Կարծիք

01.12.2009 17:25


Դեկտեմբերի 10-ը՝ բացառիկ կարևոր նշանակության օր

Դեկտեմբերի 10-ը՝ բացառիկ կարևոր նշանակության օր

Երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը կայացրեց իր պատմական որոշումը՝ ԼՂՀ անկախության հռչակագիրը, նույն տարվա  դեկտեմբերի 10-ին արցախահայությունը հանրաքվեով (որին մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ու բազմաթիվ դիտորդներ տարբեր երկրներից, այդ թվում' Մինսկի խմբի անդամ պետություններից) հռչակեց իր անկախությունը: Փաստորեն, ժողովրդի կամարտահայտության այդ վճռորոշ, միջազգայնորեն ճանաչված ամենաիրավարար գործիք ՀԱՆՐԱՔՎԵՈՎ Արցախը յուր անկախ հանրապետության «օրինական ծննդյան վկայականը» երկնեց:

2006-ին՝ «շրջանավարտի 16-ամյակին» ընդառաջ, արցախցին, դարձյալ միջազգային նորմերին համապատասխանող հանրաքվեի անցկացմամբ, ընդունեց, «կնքեց» կյանք մտնելու իրավաքաղաքացիական իր ԱՆՁՆԱԳԻՐԸ' հանրապետության Սահմանադրությունը: Իսկ այս տարի Արցախի «չափահասության» 18-ամյակն էր, որի կապակցությամբ հայկական երկու պետությունների իշխանությունների համար արդեն ակնհայտ պետք է լիներ տարեդարձի ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՇՄԱՆ հրատապությունը, հատկապես տարածաշրջանային արդի դրամատիկ զարգացումների համատեքստում: Արցախի 18-ամյակի միջազգայնորեն նշումը որպես յուրօրինակ «հակահարված» կհանդիսանա  «ազատագրված տարածքներից հայկական զինուժը հանելու դիմաց սահմանը բացելու» Թուրքիայի պայմանին և իհարկե Ադրբեջանի՝ օրըստօրե հաճախակի դարձող ռազմաշունչ հայտարարություններին:

Այնինչ ՀՀ ու ԼՂՀ ղեկավարությունը 2009-ին ևս բավարարվեց սեպտեմբերի 2-ի որոշման տարեդարձը միայն Ստեփանակերտում նշելով: Իսկ  կուսակցությունները գրեթե մոռացության էին մատնել այդ օրվա խորհուրդը՝ բացառությամբ ՀՅԴ-ի, որն ինչ-որ հավաք էր նախաձեռնել, և «Ժառանգության», որի պատգամավորներն  այցելել էին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչություն, ապա Եռաբլուր (հուսամ, որ դեկտեմբերի 10-ին ևս «Ժառանգությունը» կկրկնի վերոնշյալ ուղին, քանզի այն բխում է նաև Արցախի անկախությունը ճանաչելու մասին իրենց իսկ նախաձեռնած օրենքի նախագծի ոգուց, որը մերժվեց նժդեհահայդատական կոալիցիայի կողմից)...

Դուրս գանք փողոց և առաջին հադիպած ՀՀ հարյուր քաղաքացու հարցնենք՝ ի՞նչ օր է դեկտեմբերի 10-ը (կամ սեպտեմբերի 2-ը): Կարող ենք վստահաբար պնդել, որ ճիշտ կպատասխանի նրանցից լոկ... 5-ը, առավելագույնը' 7-8-ը: Ցավոք սրտի: Իսկ ինչի՞ մասին է վկայում այդ հարցման' «նախօրոք հայտնի» անմխիթար արդյունքը (շեշտեմ, որ ինքս ծանոթ-բարեկամ-հարևան շրջագծով հարցրել եմ շուրջ 30-ի, և նրանցից միայն մեկն է ճիշտ պատասխանել, մեկն էլ' «կիսաճիշտ»' Ղարաբաղի ինչ-որ օր է... մոտեցմամբ): Այն իրողության մասին, որ եթե Արցախի անկախության օրվա վերաբերյալ այսպիսին է հայաստանաբնակներիս իմացությունը, ապա այդ դեպքում ի՞նչ ակնկալել սփյուռքահայերից: Տոնի օրվան ու խորհրդին անտեղյակ մեր միլիոնավոր հայրենակիցներն ինչպե՞ս կարող են իրենցը համարել և ջերմությամբ ու հարազատի սրտացավությամբ համահայկական տոնի վերածել բովանդակ հայության 20-րդ դարավերջի հաղթանակի, թերևս, ամենաիրավարար հիմքը հանդիսացող դեկտեմբերի 10-ը:

...Ե՞րբ պիտի վերջապես մեր իշխանությունները հասկանան, որ աշխարհի տասնյակ հայաշատ քաղաքներում միլիոնավոր հայորդիների կողմից արցախահայկական տոներ դեկտեմբերի 10-ի և սեպտեմբերի 2-ի միջազգային նշումը' ՀՀ ու ԼՂՀ դրոշներով, պաստառներով և այլն, միանշանակ նպաստելու է Արցախի    անկախության       միջազգային              ճանաչմանը:               Սեպտեմբերի 2-ի    հնարավորությունը, ինչպես վերն ընդգծեցի, մենք արդեն «բաց թողեցինք»: Արդ, «հերթը» Արցախի 1991թ. անկախության հանրաքվեի օր դեկտեմբերի 10-ինն է: Եվ այժմ, աչքի առաջ ունենալով նաև տեղեկատվական բացը, ՀՀ իշխանությունները քանիցս բարձրաձայնած իրենց «նախաձեռնողականությունը» տեսանելիորեն հանդես բերելու լավ և, որ ամենակարևորն է, ազգօգուտ առիթն ունեն: Ու ոչ միայն Արցախին առնչվող պատմական հիշարժան  տարեթվերը «ճանաչողական» իմաստով լայն հասարակայնությանը մատուցելու, այլ նաև, ի տես ողջ աշխարհի, հայության համախմբման արդի հրամայականը պատմական այս կարևոր շրջափուլում կազմակերպելու առումով, ինչն այս տարում կյանքի կոչելու ամենահարմար առիթը, իհարկե, դեկտեմբերի 10-ի նշումն է միջազգայնորեն։

Նման խոշորածավալ միջազգայնացված ակցիաներն անպայմանորեն կնպաստեն նաև, որ հայության ռազմաքաղաքական հաղթանակը ամրագրվի ոչ պակաս կարևոր' դիվանագիտական «ճակատում»: Դիցուք, հենց դեկտեմբերի 10-ի նմանատիպ նշումը, որը Սփյուռքի տասնյակ հայկական ազդեցիկ գաղթօջախների հմուտ կազմակերպման շնորհիվ կարող է և լայնորեն լուսաբանվել համաշխարհային լրատվամիջոցներով, ինչը, ըստ իս, չափազանց կարևոր է: Էությամբ հանդիսանալով ապրիլի 24-ի «հակառակ կողմը»' ողջ հայությունը դեկտեմբերի 10-ին  ևս դուրս կգա փողոց, միայն' ոչ թե ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ ուրախ ու տոնական շուքով, հայկական երկու պետությունների դրոշներով, պաստառներով ու հաղթական տրամադրությամբ նշելու Արցախի անկախության օրը: Եվ այդ  «միջոցառումները», հասկանալի է, որ կառաջացնեն տվյալ պետությունների քաղաքացիների (փորձագետների, հ/կ-ների, լրագրողների, քաղաքագետների...) շրջանում հասարակական հետաքրքրություն, որին սովորաբար հաջորդում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ձևավորումը: Իսկ քաղաքակիրթ երկրներում իրենց ծառայող իշխանությունների ընտրությունն ազատ ու տիրաբար կատարող քաղաքացիների հասարակական կարծիքը, որպես կանոն, «ամրակայվում» է այդ պետությունների քաղաքական ուղեգծի դիվանագիտական «խոհանոցում»... Ահա նաև այս հանգամանքն է, որ վկայում է դեկտեմբերի 10-ի համահայկական նշման քաղաքական նպատակահարմարությունն ու հրատապությունը:

Ամփոփելով խոսքս՝ զգուշավոր լավատեսությունս եմ հայտնում առ այն, որ համաշխարհային քաղաքականության կենտրոնական «թատերաբեմում» վերջերս հայտնված Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն անկորուստ կհաղթահարեն «պատմության քառուղիների»՝ խութերով լի այս դիվանագիտական-ռազմաքաղաքական ճամփաբաժանը (որին լիովին հավատում եմ), ինչի  ճիշտ ու նաև շահեկան ուղիներից մեկն էլ 1991թ. Արցախի անկախության հանրաքվեի օր դեկտեմբերի 10-ի համահայկական նշումն է աշխարհի բազմաթիվ քաղաքներում միլիոնավոր հայերի կողմից...

Արամ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը