Մեկնաբանություն

23.03.2016 11:30


Քիչ մը չափավորությունը չէր խանգարի, ջանը՛մ

Քիչ մը չափավորությունը չէր խանգարի, ջանը՛մ

Ինչ խոսք, համեստությունը, ժուժկալությունը, կողմնակալ լինելու գաղթակղությունից զերծ մնալու հատկանիշները Սերժ Սարգսյանինը չեն: Նա օժտված չէ նման հատկանիշներով, եւ այդպիսի հատկանիշները նրան չեն զարդարում:

Իբրեւ մարդ՝ նա կարող է այդպիսին լինել կամ չլինել, բայց որպես երկրի ղեկավար՝ ուղղակի պարտավոր է ներքին զսպվածություն դրսեւորել: Ինչպես Պարոնյանը կասեր՝ «Քիչ մը չափավորությունը չէր խանգարի, ջանը՛մ»:

Համացանցում հերթական անգամ ծաղրի ու հեգնանքի ալեկոծություն տեղի ունեցավ, երբ մարդիկ իմացան, որ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել իր եղբորը՝ Լեւոն Սարգսյանին: Այն էլ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին,Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը»,- նշված է մամլո հաղորդագրության մեջ:

Ընդհանրապես, այդ հաղորդագրության ծավալուն բովանդակությանը ծանոթանալիս, մեղմ ասած, տարակուսում ես, քանզի այնպիսի դեր ու նշանակություն է տրվել մինչեւ երեկ բոլորին անհայտ «Փյունիկին», որ թվում է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլեւս կարելի է փակել (դե, ակնհայտ է, որ գալով իշխանության՝ ՀՀԿ ղեկավարը վերացրեց մինչեւ 2008-ը հաստատված եւ անցկացվող համահայկական բնույթի ամենամյա ձեռնարկներն ու փառատոնները, ինչպես, օրինակ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ը և փոխարեն հիմնադրվեց «Իմ Հայաստան» փառատոնը, որն այդպես էլ համահայկական ընդգրկում եւ ընդունելություն չի գտնում Հայաստանի հանրության եւ սփյուռքահայության շրջանում):

Հիմա պարզվում է՝ Լեւոն Սարգսյանի հիմնադրամի «պոչին» կպցրել են «համահայկական» մակդիրը: Շատ զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտական:

Ախր, բացի լրատվական շրջանակներից՝ այդ հիմնադրամի գոյության մասին մինչ օրս անտեղյակ էր հանրությունը: Թեպետ, մի փաստ, այնուհանդերձ, ստիպեց մարդկանց ուշադրությունը բեւեռել «Փյունիկի» կողմը: Դա տեղի ունեցավ 2012-ին, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր «Երեւան» հիմնադրամից 500 միլիոն է փոխանցել Լեւոն Սարգսյանի «Փյունիկին»: Եվ ուշագրավն այն էր, թե ինչ ծրագրեր իրականացնելու նպատակով է Տարոն Մարգարյանն այդ 500 միլիոնը նվիրաբերել Լեւոն Սարգսյանին:

Դե, օրինակ, նրա համար, որ «Փյունիկն» իրականացնի շինարարական, կառուցապատման, շենքերի լուսավորության ու շենքերի վերանորոգման աշխատանքներ: Այսինքն՝ այն, ինչ պետք է անի քաղաքապետարանը, վերապահվել է «Փյունիկին»:

Մի խոսքով, այդ փաստը որքան էլ գնահատենք իբրեւ աբսուրդ՝ իրողություն է:

Իսկապես, զարմանալի է, որ 2008-ից միայն այդ հիմնադրամի (որի գոյության մասին, կրկնում ենք, գրեթե ոչ ոք չգիտեր) ղեկավարությունն ստանձնած Լեւոն Սարգսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ է շնորհվում:

Եթե չափանիշը սա է, ապա պետք է ՀՀ-ում եւ սփյուռքում գործող բոլոր հիմնադրամների ղեկավարներին նույն մեդալով պարգեւատրել: Մինչդեռ, ՀՀԿ ղեկավարն առանձնացրել է իր եղբորն ու պարգեւատրել: Դե, հո չէ՞ր կարող նրան որպես դեսպանի կամ ամբիոնի վարիչի պարգեւատրել (այդպիսի փորձով հարյուրավոր դեսպաններ ու ամբիոնի վարիչներ կան): Մնում էր՝ բոլորին անծանոթ «Փյունիկի» «բարեգործությունները» մեջտեղ բերելով մեդալ տալ եղբորը:

Ինչ-որ շատ է շտապում Սերժ Սարգսյանը, որ սկսել է իր հարազատների կենսագրության մեջ ամրագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների» հանգամանքը: Երեւի, մտածում է՝ պաշտոնավարման ժամկետին քիչ ժամանակ է մնացել, ու պետք է հասցնել մեդալավորել ազգուտակին, որ հայրենիքը հետագայում չմոռանա իր ու հարազատների «ծառայությունները»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը