Մեկնաբանություն

23.03.2016 10:40


«Ոսկե միլիարդը» վերածվում է թիրախի

«Ոսկե միլիարդը» վերածվում է թիրախի

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն չի կարող լուծել իր անվտանգության հետ կապված խնդիրները: Եվ չի էլ կարողանալու, քանզի այդ հարցերով վաղուց չի զբաղվել՝ աններելիորեն կարծելով, թե կարելի է այլևս չմտահոգվել ու վայելել ձեռք բերած բարիքները:

ԵՄ-ն «արխային» էր, քանզի «չարիքի կայսրություն» համարվող ԽՍՀՄ-ը փլուզվել է, և ԱՄՆ-ն էլ խոստացել է կատարել միջազգային ոստիկանի գործառույթը:

Հիմա ԵՄ-ն վճարում է նախորդ դարի 90-ականներից հետո միջազգային ասպարեզում առաջացած մենաշնորհային հարաբերությունների գինը: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնն իր անհեռատես և անպատասխանատու քաղաքականության հետևանքով ձախողվել է Մերձավոր Արևելքում, բայց դրա համար պայթեցնում են Բրյուսելում. «Իսլամական պետությունը» ստանձնել է բրյուսելյան սպանդի պատասխանատվությունը:

ԻՊ-ն հակաամերիկյան նախագիծ է: Այն ծնվեց, քանզի միաբևեռ աշխարհն անբնական վիճակ է: Ահաբեկչական այդ կազմակերպությունն արդեն դուրս է եկել Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի սահմաններից: Այն ինտերնացիոնալ է, որում հիմնականում սուննի մահմեդականներ են, սակայն կան նաև քրիստոնեաներ և այլ դավանանքի ներկայացուցիչներ: Իսկ դա նշանակում է, որ սա համաշխարհային նոնկոմֆորմիստների յուրօրինակ միավորում է: Հետինդուստրիալ հասարակությունները պատրաստ չեն այսպիսի կառույցի դեմ պայքարի:

Քաղաքակիրթ աշխարհում մարդու կյանքի իրավունքը բացարձակ արժեք է: Իսկ ահա հակառակ ճամբարում մարդու կյանքը ոչինչ է, և մարդն իրեն զոհում է հանուն ինչ-ինչ գաղափարների: Սրանք տարբեր աշխարհներ են: Սրանք տարբեր մտածողություններ են:

Եթե Գերմանիայում վախենում են ցուցմունք տալ աղջիկներին փողոցում բռնաբարելու փորձ արած ներգաղթյալների դեմ, քանզի մտածում են, որ կմեղադրվեն նացիզմի կամ ռասսայական խտրականություն քարոզելու մեջ, ապա դա արդեն համամարդկային արժեքների պաշտպանություն չէ: Դա արժեքների պրոֆանացիա է:

«Իսլամական պետությունը» նաև ռեակցիոն նախագիծ է՝ ընդդեմ «ոսկե միլիարդ» կոչված հատվածի: Եվ սրա դեմն առնելը բավական բարդ է լինելու: Եթե ԵՄ-ն թշնամի է համարում Ռուսաստանին ու ձեռքերը վեր տնկում Անկարայի առաջ, ապա բնական է, որ Փարիզում ու մյուս մայրաքաղաքներում պետք է պայթյուններ լինեն, քանզի իսլամիստները տեսնում են, թե որտեղ է թույլ կետը, և որտեղ է պետք հարվածել: Սա կարող է նաև հակախաչակրաց արշավանք լինել, հատկապես որ ԻՊ քարոզիչները նաև այդ կոդն են օգտագործում մարդկանց հավաքագրելիս:

Ի պատասխան այս ամենի՝ Արևմուտքը գրեթե ոչինչ չի ձեռնարկում, քանզի ադեկվատ չէ: Մարդու կյանքի իրավունքը բացարձակ արժեք հռչակած կողմը չի կարողանում պաշտպանել մարդու կյանքն ահաբեկիչների գրոհներից:

Եթե ԱՄՆ-ն իր համար սպառնալիք է համարում ՌԴ-ին ու Ասադին և դաշնակցում է «Իսլամական պետության» թիվ մեկ բիզնես գործընկեր ու ահաբեկչության հովանավոր Թուրքիայի հետ, ապա բնական է, որ ահաբեկչությունը պետք է նոր տարածքներ նվաճի:

Հռոմի կայսրությունը փլուզեցին բարբարոսները, բայց դրանից առաջ Հռոմը դեգրադացվել էր: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Հռոմի կործանումը չբերեց մարդկության վերացմանը, ապա միջուկային դարաշրջանում բարբարոսների հաղթարշավը կարող է ճակատագրական լինել բոլորի համար:

Կհասկանան ու հետևություններ կանե՞ն Արևմուտքի այս սերնդի առաջնորդները՝ դժվար է ասել: Առայժմ մենք ընդամենը տեսնում ենք ահաբեկչության դեմ կազմակերպվող պարզունակ միջոցառումներ, իներցիոն սխալ քաղաքականություն, ֆլեշմոբային պատասխան, թվիթթերային ակցիաներ, Էյֆելյան աշտարակի վառվող լույսեր, որոնք ցույց են տալիս ահաբեկչության զոհ դարձած երկրի դրոշը, քաղաքական ամլությամբ տառապող եվրաչինովնիկների ծվծվոցներ և անկարողություն:

Իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ԵՄ տարածք, քանզի նոր ահաբեկչության հավանականությունը մեծ է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը