Մեկնաբանություն

23.03.2016 09:35


Իսկ Ալեքսանդրը ծառայություններ չի՞ մատուցել

Իսկ Ալեքսանդրը ծառայություններ չի՞ մատուցել

Երեկ տեղեկացանք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը:

Այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մեդալ է տվել իր եղբորը:

Առաջին հարցը, որն անմիջապես ծագում է պարգևատրման մասին լուրն իմանալիս, հետևյալն է՝ «Բա Ալեքսա՞նդրը»:

Եվ իրոք, ինչո՞ւ Ալեքսանդր Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը, չի պարգևատրվել: Ի՞նչ է՝ նա հայրենիքին ծառայություններ չի՞ մատուցել:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Հայրենիքը ես եմ» սկզբունքով, ապա Ալեքսանդրն ավելի շատ ծառայություններ է մատուցել «հայրենիքին», հետևաբար ավելի շատ է արժանի մեդալի:

Գաղտնիք չէ, որ այլոց բիզնեսներում փայ մտնելու կամ բիզնեսի առանձին ոլորտներ մենաշնորհայնացնելու գործընթացը Ս. Սարգսյանին կից երիտբոլշևիկներն անում են Սաշիկի անունից և հենց Սաշիկին են դարձնում թիրախ «անկախ» մամուլում, որպեսզի իրենք «տակից» թալանը կազմակերպեն: Սրանից ավելի լավ ծառայություն կարելի՞ է պատկերացնել «հայրենիքին»:

Ճիշտ է, Լևոն Սարգսյանն էլ ահագին ծառայություններ ունի մատուցած «հայրենիքին» և արժանի է մեդալի, բայց դե, նա չի հասնի Ալեքսանդրին:

Լևոնի հետ է կապվում Երևանի աղբահանությունը և ձնամաքրումը իրականացնելու մենաշնորհատեր դարձած «Սանիտեք» ընկերությունը, այն ընկերությունը, որի տեղադրած աղբամանները փողոցում խանգարում են Երևանի երթևեկությանը՝ խաչմերուկներում առաջացնելով խցանումներ, և որի տեխնիկան այս տարվա ձմռանը մի քանի օր չէր մաքրում ձյունն այնքան ժամանակ, մինչև արևը դուրս եկավ ու մաքրեց:

Սարգսյանի մեդալ ստացած եղբոր անունը նաև այլ բիզնեսների հետ է կապվում, բայց դա փոքր բան է Ալեքսանդրի ունեցածի ու արածի համեմատ: Միայն արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի բիզնեսն արդեն լուրջ հիմք է «Հայրենիքին մատուցած ծառայության» բոլոր աստիճանների մեդալները վերցնելու համար:

Բացի այդ՝ Ալեքսանդրը մամուլի բերանը գցված ֆիգուր է: Դա արվել է շատ կոնկրետ նպատակով: Արվել է, որպեսզի հանրային զայրութը հենց նրա ուղղությամբ տարածվի, իսկ այդ ընթացքում «երիտսաշիկները» ոչ թե 50, այլ 100 տոկոսով փայ մտնեն ամբողջ տնտեսությանը:

Սաշիկի մտքով հաստատ չէր անցնի գազը սահմանի վրա ստանալ 165 դոլարով, իսկ հայ ժողովրդի վրա վաճառել կրկնակիից էլ բարձր գնով:

Սաշիկը հաստատ կապ չունի Որոտանի կասկադի սեփականաշնորհման հետ:

Սաշիկը չգիտի, թե ինչ է հեռուստագովազդը, և նրա մտքով չի անցել մենաշնորհայնացնել այդ շուկան:

Սաշիկը, ըստ ամենայնի, քիչ է տեղյակ համացանցից, հետևաբար նրա մտքով չի անցել սեփականաշնորհել համացանցային լրատվամիջոցների 99 տոկոսն ու ստեղծել գաղջ մթնոլորտ:

Եվ վերջապես, Սաշիկը Հայաստանի հաշվին մի քանի միլիարդ դոլարի պարտք չի վերցրել ու չի պատրաստվում կրկին եվրաբոնդ թողարկել՝ ավելացնելով հայրենիքի արտաքին պարտքը:

Այնպես որ, Ալեքսանդրը, իրական սաշիկների համեմատ, բարության և համեստ ապրելակերպի մարմնավորում է:

Հա, չմոռանանք. հենց Սաշիկի միջնորդությամբ երբեմնի թունդ ընդդիմադիր գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆոտոսեսիայի ենթարկվեց «Ռոսիա Մոլում», ինչն էլ հնարավորություն տվեց շատ ավելի թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ձգտել «Պատվավոր հաճախորդի» կոչմանը:

Եվ ուրեմն, Ալեքսանդրն արժանի՛ է մեդալի:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը