Հարցազրույց

22.03.2016 19:08


Ա. Գրիգորյան. «Օսկանյանին կպաշտպանեն և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը»

Ա. Գրիգորյան. «Օսկանյանին կպաշտպանեն և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը»
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն օրեր առաջ հայտարարել էր, որ նոր կուսակցություն է ստեղծում։ Այս թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրությանը:
-Ես շատ դրական եմ նայում և կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այսօրվա հայկական քաղաքական դաշտում, երևի թե, այն հազվադեպ քաղաքական գործիչներից է, ում կպաշտպանի և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը: Ելնելով քաղաքականության մեջ ունեցած նրա բազմամյա փորձից, շատ բարձր կրթական ցենզից, արտաքին քաղաքականության մեջ ունեցած հսկայական փորձից՝ դրական եմ վերաբերվում: Ամենակարևորը, որ այսօր Հայաստանում հազվագյուտ կարող եք գտնել քաղաքական գործիչ, որը կոռուպցիոն ոչ մի սկանդալների մեջ չի մասնակցել և ունի շատ ազնիվ մարդու համբավ: Այնպես որ, միայն դրական կարող եմ խոսել Վարդան Օսկանյանի մասին:
-Ինչպե՞ս կգնահատեք Օսկանյանի հնարավորությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններում:
-Եթե մոտենանք այն տեսակետից, որ այսօր փնտրվում է որևէ նման քաղաքական գործիչ, ում շուրջ կարող են կոնսոլիդացվել բոլոր քաղաքական ուժերը, այդ առումով կարծում եմ, որ նրա հնարավորությունը շատ մեծ է: Այսօր Հայաստանում քաղաքական դաշտը ճահճացված է, և բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմություն են հորջորջում, շատ տարօրինակ կեցվածք ունեն և իսկապես, նրանց որպես ընդդիմություն դժվար է ընկալել ու որևէ մեկին վստահել: Ելնելով այս բոլոր ատրիբուտներից՝ ես գտնում եմ՝ այն ուժը, որը նոր հայտ կներկայացնի և կունենա մոտավորապես այն բնութագրերը, ինչ-որ Վարդան Օսկանյանն ունի, այդ ուժը պետք է, որ հաղթանակի: Սակայն, մյուս կողմից, մենք շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում Հայաստան, ինչ է նշանակում Հանրապետական կուսակցություն, ինչ է նշանակում Հայաստանի նախագահի աթոռը զավթած անձ՝ հանձինս Սերժ Սարգսյանի։
-Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ արդյունք եք կանխատեսում։
-Դա կախված է երկու կարևոր պահից: Առաջինը՝ ինչպես է տրամադրված ինքը՝ Վարդան Օսկանյանը, որովհետև Գագիկ Ծառուկյանն էլ շատ լավ էր տրամադրված, բայց չկարողացավ լիովին ավարտել իր առաքելությունը: Այնպես որ, առաջինը, իսկապես, ինչպես է տրամադրված Վարդան Օսկանյանը, և երկրորդ՝ ինչ վայրագությունների կդիմեն, ինչ զարտուղի ճանապարհներով կընթանան իշխանությունները: Եթե իշխանությունները ունեն ևս թաքնված զենքեր, որը մարդկանց կարող է արդեն չափից հանել և նրանք կարող են ինչ-որ նոր մտածված խարդավանքներ կիրառել ցանկացած գործչի նկատմամբ, ապա բնական է, որ առանց մի շարք օգնությունների ոչ մի գործիչ տեղ չի հասնի: Առաջին օգնությունը, իհարկե, մեր ժողովրդական զանգվածներն են. և՛ սփյուռքը և՛ Հայաստանը պետք է կանգնեն արժանի որևէ հայորդու մեջքին, որը կարող է կոտրել այս ռեժիմը և բերել Հայաստանին լույս: Թողնել այնպես, ինչպես Վարդան Օսկանյանը թողնվեց Ազգային ժողովում նրա շուրջ զարգացած խարդավանքների պայքարում մենակ, նույն պատմությունը կլինի, ինչ-որ եղավ տարիներ առաջ: Բայց ես կարծում եմ, որ Վարդան Օսկանյանն այդքան միամիտ չի, որ հանկարծ թույլ տա կրկին իրեն հետ այդպիսի խաղեր անեն: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի մոտ էլ արդեն դանակը ոսկորին է հասել և ժողովուրդը նույնպես, ես ի նկատի ունեմ 10 միլիոն հայ ժողովուրդը, չեն կարող կողքից նայել ու տեսնել, թե ինչպես են մարդուն վարկաբեկում, երբ այդ մարդու 10%-ը նրանք չարժեն: Մեղադրում են այն հարցերի մեջ, որ ընդհանրապես այդ մարդը կապ չունի: Հիշում եք, նույնիսկ ավտոմեքենաների բենզինն էին ստուգում, թե իր ղեկավարած ընկերությունը արդյոք գերածախս չի՞ արել, և այդպիսի զավեշտական բաներ: Այնպես որ, այս բոլորը անցել է և մարդիկ գիտեն: Չեմ կարծում, որ այս անգամ նման ճանապարհներով կարողանան կասեցնել, բայց մյուս կողմից էլ չգիտեմ՝ ինչ նոր խարդավանքներ մտածած կլինեն:
-Պարոն Գրիգորյա՛ն, դուք հնարավոր համարո՞ւմ եք Օսկանյանի հետ համագործակցությունը:
-Ոչ թե հնարավոր համարում եմ, այլ ցանկացած հարմար առիթով մենք պատրաստ ենք շարժմանը միանալ: Մենք ասելով, ես հասկանում եմ նաև՛ Եվրոպայի հայությունը, որը միանշանակորեն անհամբեր սպասում է որևէ մի թարմ ու չվարկաբեկված ուժի հայտնվելուն, որի հետ կշարունակի ճանպարհը: Ես կարծում եմ՝ նույնը և՛ ռուսահայությունը, և՛ ամերիկահայությունը, քանի որ տարիներ առաջ Վարդան Օսկանյանը ուղևորություններ կատարեց դեպի Ռուսաստան, Եվրոպա և Միացյալ նահանգներ ու բոլոր տեղերը այն ժամանակ արդեն նրան սատարեցին, որպես Բարգավաճի ներկայացուցիչ: Հիմա ինձ թվում է, որ նրա այդ պոտենցիալը կա և դժվար գտնվեն համայնքներ, որոնք չհասկանան պահի կարևորությունը: Այնպես որ սպասենք, տեսնենք՝ ինչ ծրագիր կներկայացնի Օսկանյանը և բնական է, կմոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը, որ այս վերջին շանսից ժողովուրդն օգտվի:
Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը