Տնտեսական

22.03.2016 13:12


Կենսաբան. «Սևանա լճի ռեսուրսները պետք է դիտվեն որպես ռազամավարական օբյեկտ»

Կենսաբան. «Սևանա լճի ռեսուրսները պետք է դիտվեն որպես ռազամավարական օբյեկտ»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ջրի միջազգային օրվա կապակցությամբ, «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանն անդրադարձել է Սևանա լճի էկոլոգիական և ձկնային պաշարների վիճակին, լճի փրկմանն ուղղված միջոցառումներին:

–Սևանն ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Լճի ռեսուրսները պետք է օգտագործվեն ոչ միայն հանգստի նպատակով, այլև դիտվեն որպես ռազամավարական օբյեկտ: 90-ականների անբարենպաստ պայմանների ժամանակ Սևանա լիճն իր ձկնային պաշարների առանձնահատկություններով, հատկապես սիգ ձկնատեսակով, միակ արժեքավոր սննդի աղբյուր էր: Մենք միշտ պետք է ունենանք այդ ռազամավարական պահուստային պաշարը, քանի որ նման իրավիճակները կարող են կրկնվել նաև ապագայում,- Գաբրիելյանի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը։

Խոսելով Սևանա լճի ջրի որակի մասին՝ Բարդուխ Գաբրիելյանը նշել է, որ այն գնալով լավանում է, ինչը հնարավոր չէ ասել լճի ձկների մասին, իսկ լճի էկոլոգիական վիճակը կախված է նաև որոշ տեսակի ձկներից, որոնք մաքրում են ջուրն օրգանական նյութերից:

-Նախատեսվում են նոր ծրագրեր ձկնորսական համակարգի, ձկների արհեստական բազմացման և լճի պահպանման համակարգի փոփոխման վերաբերյալ,-ասել է Գաբրիելյանը:

Բարդուխ Գաբրիելյանը նշել է , որ Սևանա լճի էկոլոգիական և ձկնային պաշարների վիճակի հարցում մեծ է նաև լիճը սնուցող գետերի դերը, որոնք բնիկ ձկների ձվադրավայրն են: Մեծ է նրանց դերը նաև ձկների արտադրման հարցում, սակայն այդ գետերի ներկայիս վիճակը չի կարելի բավարար գնահատել՝ փոքր ՀԷԿ-երի և արհեստական աղտոտումների պատճառով:

–Նախատեսվում է կառուցել մաքրման կայաններ Մարտունիում, Վարդենիսում: Դրանց առկայությունը պարտադիր է, քանի որ լիճը հիմնականում աղտոտվում է գետերից եկող աղբի և կենցաղային թափոնների պատճառով,- ասել է Գաբրիելյանը:

Նա նշել է, որ 2004թ. ջրի մակարդակի բաձրացման միտում է նկատվել: Ընդհանուր առմամբ, ջրի մակարդակը 3մ-ից ավելի բարձրացել է և հասել մինչև 1900մ–ի: Դա նպաստել է ջրի որակի լավացմանը, ինչն էլ բարենպաստ է լճի կենդանական և բուսական աշխարհի համար:

Բարդուխ Գաբրիելյանը նաև հավելել է, որ Սևանա լճի վիճակի բարելավումը պետք է իրականացվի տնտեսության, գյուղատնտեսության զարգացման հետ համահունչ: Հենց այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել դրական միտումները, և ջրի մակարդակի իջեցում չի նկատվի:

Սևանա լճի ձկնային պաշարների հիմնահարցը պետք է համալիր լուծում ստանա: Ձկներն արհեստականորեն աճեցնելով՝ մենք լճի խնդիրները չենք լուծի: Նախ և առաջ պետք է կարգավորել գետաբերանների և գետերի մաքրման հարցը, որից հետո միայն իշխանի բազմացման վերականգնման հարցում դրական արդյունքներ կունենանք,- ասել է Գաբրիելյանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը