Մեկնաբանություն

21.03.2016 00:03


Շիրայոտ հայրենասիրություն

Շիրայոտ հայրենասիրություն

Դրանից գարշելի բան չկա: Երբ, մանավանդ, վերին հրահանգով այդ շիրայոտ հայրենասիրության շա՜տ շահավետ գործին են լծվում իրենց արվեստագետ ու մտավորական համարող մարդիկ:

Այն, ինչ ստեղծվել է մինչեւ 2008 թվականը, հիմա ակնհայտորեն մերժվում է: Մասնավորապես, քաղաքաշինության եւ ճարտարապետության դեմ արշավի մասին է խոսքը:

Մեկ տարի առաջ Աշոտյան նախարարի հետ դպրոցներում «գյովդ» պարող Գագիկ Գինոսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրուցում հայտարարում է, թե պետք է ազգովի քանդենք-ջարդենք-փշրենք Հյուսիսային պողոտան: Լրիվ բոլշեւիզմի դրսեւորում: Եվ նման կոչ անողն, իբր, պարարվեստի «երախտավոր» է:

Մեկը, որն իր պարային խմբերին տանում է Հյուսիսային պողոտա, որտեղ պարում են տարբեր միջոցառումների շրջանակներում, նկարահանվում ու լուսանկարվում են հպարտ կեցվածքով: Բայց հիմա բոլշեւիկյան ոճով հայտարարում է, թե պետք է աշխարհի երեսից վերացնել այդ պողոտան (է՛հ, հա՛, էդ էլ քանդեցիք, հետո՞…):

Ու այնպիսի անգիտությամբ է ներկայացնում թամանյանական շրջանը, որ ողբալ կարելի է: Կարծես, մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը թուրքա-պարսկական գյուղաքաղաք Երեւանը կառուցելու համար ոչինչ չի քանդել: Իհարկե, քանդել է: Ամո՛թ է:

Նույն՝ 1937 թվին Ճարտարապետների միությունն իր ժողովներից մեկում անարգանքի սյունին էր գամում Թամանյանին՝ վերջինիս համարելով «ազգայնամոլ»: Բայց հիմա Հյուսիսային պողոտայի հեղինակներին ու այդ ծրագիրն իրականացնողներին ազգայնամոլ չեն համարում: Ուղղակի շարք են կանգնեցրել չակերտավոր մտավորականների խմբերին, որ խոսեն այդ պողոտայի դեմ:

Անկեղծ ասած, ես երբ բոլշեւիզմի դրսեւորում եմ տեսնում, միանգամից տեղ եմ գրավում այն փոքրամասնության մեջ, որոնք իրավացիորեն կարծում են, որ այդ պողոտան եւ, ընդհանրապես, մինչեւ 2008-ը երկրում իրագործված քաղաքաշինական ծրագրերը կգնահատեն ապագա սերունդները (ասեմ, որ այդ ծրագրերի առաջին քննադատը ե՛ս եմ եղել):

Պարզապես բանական մարդը չի կարող չհասկանալ, որ այդ պողոտայի տեղում առնետանոց էր, հյուղակներ եւ հակասանիտարական վիճակ: Եվ, իհարկե, ճիշտ էր այդ ամենը վերացնելը:

Ի դեպ, ժամանակին բազաթիվ հոդվածներ եմ գրել ու գործընթացին տեղյակ եմ, ինչպես նաեւ տեղյակ եմ, որ տվյալ հատվածի իրացման գոտու բնակիչները հասան նրան, որ իրենց ակնկալածից կրկնակի բաժին ստացան: Այդ հիմա է, որ ներդրողները փախել են, ու այդ շրջանում սկսված շինարարությունը կանգ է առել (հարազատներիս օրինակը՝ վկա, որոնք փոքր կենտրոնի բնակիչներ են ու 8 տարի վարձով են ապրում. խոսքը Կոնդի ու «Ֆիրդուսանոցի» մասին է):

Երեւի, Գինոսյանը եւ մնացած խամաճիկ մտավորականները, որոնք, ի դեպ, մինչեւ հիմա այդ թեմայով ծպտուն չէին հանում, այժմ ինչ-որ մեկի բզումով ոտքի են կանգնել ու գոռգոռում են (հավանաբար, կարծում են, թե իրենց տուն եկած հյուրերին եւ, ընդհանրապես, Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին պետք է տանեինք ու ցուցադրեինք այդ առնետանոցներն ու հյուղակները):

Մի ճղճղան «դեՌասանուհի» էլ կա սրանց մեջ, ու էլի շատերը կան, որոնք մինչեւ հիմա պապանձված էին, բայց երեւի սրանց զառաարամյանների ու վահրամսահակյանների նման տուն են խոստացել, այլապես սովետի մառոժնի ծախող կնկա պես չէին ճղճղա:

Ի դեպ, սրանք իրենց արվեստում էլ այդպիսին են: Չե՛ն զգում 21-րդ դարը եւ դարին համարժեք գործընթացները, ու ստեղծում են փտած, դարն ապրած «արվեստ»:

Ահա այսպիսի ճենճոտ հայներասիրությո՛ւն: Ավելի ճիշտ՝ հատու բոլշեւիզմ՝ քանդել-ջարդել-փշրել…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը