Մեկնաբանություն

18.03.2016 14:45


Կղերական թմբիր

Կղերական թմբիր

Արմեն Աշոտյանը երբ պատգամավոր էր, հիշում եք, լրջորեն առաջարկում էր, որ Ազգային ժողովի այգում մատուռ կառուցվի, որպեսզի պատգամավորներն ամեն օր գործի գնալիս ու գալիս աղոթեն այնտեղ:

Բնականաբար, մի քիչ հասունացած «Բազե»-ականի այդ սրտառուչ գաղափարը չէր կարող կյանքի կոչվել, քանի որ դեռ իշխանության չէր եկել Սերժ Սարգսյանը: Բայց դրանից մի երկու տարի անց, երբ ՀՀԿ ղեկավարը հայտնվեց Բաղրամյան 26-ում, երկրում մեկնարկեց բուռն «աստվածապաշտական» շարժում: Նա անմիջապես պարադի հանեց տերտերներին, ողջ բանակը լցրեցին եկեղեցու սպասավորներով, ամեն առեւտրի կենտրոնի, մոլի ու զվարճանքի համար նախատեսված շենքի բացմանը Սերժ Սարգսյանի կողքին պարտադիր ներկա է հոգեւորական դասը, որը ջերմորեն աղոթք է հղում առ Աստված, որպեսզի հերթական օբյեկտը ծլի ու ծաղկի, բիզնեսը զարգանա ու փողաբեր լինի ներկաների համար (այլ հարց է, որ այդ օրհնանքները մինչ օրս չեն հասնում Աստծուն, քանի որ ճամփի կեսից 50 տոկոս փայ մտնողը օրհնանքները շուռ է տալիս իր կողմը):

Էլ չենք խոսում Կառավարության բազմազան ու բազմաբովանդակ որոշումների մասին, որոնք գրելու-ձեւակերպելու եւ հիմնավորելու համար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գիշերներ էր լուսացնում՝ ջերմեռանդորեն մրմնջալով Աստծո հետ:

Հերթական որոշումից հայտնի էր դառնում, որ պետական տոնացույցում օր օրի ավելանում են մեռելոցների օրերը (այս մասով իսկական աճ էր գրացնում «աստվածապաշտ» ու «բարեպաշտ» Տիգրան Սարգսյանը):

Մի խոսքով, հիմա երկիրը «ծածկել» են տերտերներով, խաչ ու մոմերով, բուրվառ ու աղոթարաններով: Իր՝ Սարգսյանի գլխին էլ ամպհովանի են պահում:

Չմոռանանք գյուղնախարար Սերգո Կարապետյանի «ռացիոնալիզատորական գյուտի» մասին, երբ նա Աշոտյանից բեթար լրջությամբ գյուղացիներին առաջարկեց իրենց դաշտերն ու հանդերն օրհնել, որպեսզի բերք ունենան, ծախեն ու ապրեն: Փոխարենը՝ գյուղացիները սկսեցին իրենց գյուղերի «տռասը փակել»՝ թույլ չտալով «վաժնի գործերով» Երեւան շտապող «պադավատների» երթեւեկի իրականացումը:

Դաշտերն, իրենց այգիներն ու հողատարածքներն օրհնելով՝ գյուղացիները հո չե՞ն ազատվում վարկերից, որոնց տակ ճռռում են ու հաճախ ստիպված են լինում իրենց տունն ու մեքենան կորցնել:

Այսպես, կղերականությունը ՀՀԿ ղեկավարի թեթեւ ձեռքով «արմատավորվեց» երկրում: Դե, կրոնի բթացնող ուժը հզոր է. մարդիկ կարող են տարվել դրանով ու մոռանալ իրական խնդիրների մասին, եւ որ ամենակարեւորն է՝ հնազանդորեն շարունակել իրենց ստրուկի կյանքը՝ չբողոքելով ոչ մի անարդարության կամ հանրությանը հուզող սոցիալական խնդիրների դեմ:

Սա՛ է Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ կղերականության «հաշիշով» ժողովրդին թմրեցնելու հույժ կարեւոր նպատակը:

Որքան հիշում եմ, ՀՀԿ համագումարներն էլ են սկսվում հոգեւորականների աղոթքով եւ օրհնության արարողակարգով:

Մի կողմից իշխող ուժն ու նրա առաջնորդը «աստվածավախության» մարմնավորում են ներկայանում, մյուս կողմից՝ աստվածուրացությամբ կեղեքում ու թալանում են երկիրն ու ժողովրդին:

Այսօր համացանցը ծիծաղից պայթել է՝ ծանոթանալով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի արարքի մասին պատմող նյութին: Պարզվում է՝ մարդը վեց տարի տերտերներին կանչում է իր այգին, ու նրանք օրհնության կարգ են իրականացնում: Խե՜ղճ մարդ, քեզ կղերականությունը «լրիվ տարել է»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը