Լրահոս

11.10.2010 16:39


Քաղաքագետ. «Վիհը իշխող վերնախավի և ժողովրդական մեծամասնության մեջ շարունակում է խորանալ»

Քաղաքագետ. «Վիհը իշխող վերնախավի և ժողովրդական մեծամասնության մեջ շարունակում է խորանալ»

Երեկ լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ Ի՞նչ արդյունքներ ունենք մենք այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։

-Գլխավոր և, իհարկե, դրական արդյունքն այն է, որ այդ արձանագրությունները, հակառակ վայ-քաղաքագետների կանխատեսումների, պատվիրված հիմնավորումների, «գերպետությունների միաձայն շահագրգռվածության» և «անհաղթահարելի միջազգային ճնշման» մասին անհիմն ենթադրությունների, այդպես էլ չվավերացվեցին: Սրանից ավելի լավ կարող էր լինել ստորագրության հետկանչը,-«7օր»-ին ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը։

Նա նշել է սակայն, թե այս խայտառակ նախաձեռնության բուն հեղինակներից' մեր երկրում իշխող վարչախմբի առաջին դեմքերից, նման բան սպասելն անիմաստ է:

-Ինձ համար շատ կարևոր են նաև ներքին արդյունքները: Մասնավորապես այն, որ հայությունը այս առիթով ցուցաբերեց դիմադրողականության բավականին բարձր մակարդակ, ինչը և դարձավ արձանագրությունների չվավերացման հիմնական գրավականը,-ասել է Ա. Աղայանն ու ավելացրել, թե տարբեր կառավարությունների կողմից շուրջ 20 տարի շարունակվող քաղաքացիների քարոզչական մշակումն այդպես էլ արդյունք չտվեց: Թուրքիայի հետ ինտեգրվել շտապող իշխող վերնախավի և նրանից պահանջատեր ժողովրդական մեծամասնության մեջ եղած վիհը շարունակում է խորանալ:

Թե հետագայում ինչպիսի զարգացում կունենան այդ արձանագրությունները, քաղաքագետի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորում հնարավոր կլինի միայն ավելի ազգային քաղաքական ընտրանու և կառավարության առկայության պայմաններում, երբ Հայաստանը մի կողմից պաշտոնապես տեր կկանգնի ազգային իրավունքներին, մյուս կողմից դրանք իրացնելու բավարար ներուժ կկուտակի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը