Հարցազրույց

15.03.2016 13:42


Ա. Մարտիրոսյան. «Օսկանյանն իր փորձը կօգտագործի կառավարման համակարգում»

Ա. Մարտիրոսյան. «Օսկանյանն իր փորձը կօգտագործի կառավարման համակարգում»

Հայաստանի հանարապետության քաղաքական դաշտում նոր ձեռագիր է հայտնվում, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կազմավորվում են նոր քաղաքական բևեռներ: Այս և այլ հարցերի շուրջ «Zham.am» զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո'ն Մարտիրոսյան, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական միավորումները հայտնում են իրենց դիրքորոշումների մասին, ընտրակարգը փոփոխված է` պայմանավորված նոր Սահմանադրությամբ: Ո՞րն է «Ժառանգության» դիրքորոշումը, ի ՞նչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

-«Ժառանգությունն» այս պահին որևէ դիրքորոշում չունի առաջիկա ընտրությունների հետ կապված: Դա պայմանավորված է այն պատճառով, որ մենք արտահերթ գործընթացներ ենք ցանկանում, բայց, բնականաբար, երբ հետագայում ակնհայտ դառնա հերթական քաղաքական գործընթացների անխուսափելիությունը, այդ ժամանակ կքննարկենք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցը` մասնակցե՞լ, թե՞ ոչ, և ձևաչափը` միայնա՞կ, թե՞ դաշինքով, բայց դեռ ժամանակ կա:

-Քաղաքական դաշտում կան կուսակցություններ, միավորուներ, ո՞ւմ հետ եք համագործակցության եզրեր տեսնում: Վերջերս Օսկանյանի կողմից հայտարարվեց նաև նոր կուսակցություն ստգեղծելու մասին: Հնարավո՞ր է համագործակցություն՝ հաշվի առնելով նաև այն, որ նախկինում «եռյակի» ֆորմատով Օսկանյանի հետ «Ժառանգությունը» համագործակցել է:

-Ցանկացած պարագայում կարելի է հանգիստ քննարկել համագործակցության հարցերը, ինչպիսի ֆորմատով կարող են ընթանալ, իհարկե, այն ժամանակ, երբ արդեն «Ժառանգությունը» որոշած կլինի իր հետագա անելիքների մասին: Սակայն մինչ այդ, եթե կոնկրետ որևէ հարց լինի, կարելի է մասնակցել, մանավանդ որ երեկ Վարդան Օսկանյանն ասել է, որ բաց է համագործակցության համար: Նա նաև անդրադարձել է մարտի 1-ին, ինչը դրական մոտեցում է: Բացի դա, ակնհայտ է, որ պարոն Օսկանյանի նման պատրաստված քաղաքական գործիչների Հայաստանում ամեն տեղ չէ, որ հանդիպում ես: Ուստի, ակնհայտ է, որ նաև իր այդ փորձը Օսկանյանը կօգտագործի կառավարման համակարգի համար:

-«Ժառանգությունն» իր դիրքորոշմամբ տարբերվել է արտաքին քաղաքականության հարցում: Դուք համագործակցությունը հնարավոր եք համարում, և Օսկանյանն առաջարկում է վերականգնել Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը: Դուք համամի՞տ եք:

-Որոշակիորեն մենք դեպի եվրաաինտեգրմանը միտված քաղաքական ուժ ենք, Օսկանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ պետք է արագացնել Եվրամիության հետ տնտեսական պայմանագրի գործընթացը, բայց մենք ավելի խոր գործընկերության կողմնակից ենք: Այս հարցում պարզաբանման կարիք կա. մենք կողմնակից ենք, որ Հայաստանը որևէ ռազմական դաշինքի չանդամակցի, այլ բացառապես ուղիղ հարաբերություններ ունենա պետությունների հետ, այսինքն` Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Իրան, դրա համար արտաքին քաղաքական հարցերի և նոր ԸՕ-ի հարցերի շուրջ քննարկումների անհրաժեշտություն կառաջանա, եթե, իհարկե, նմանատիպ խնդիր բարձրացվի:

-Պարո՛ն Մարտիրոսյան, մարտի 18-ին «Նոր Հայաստանի» հանրահավաքն է. Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի՞:

-Իհա՛րկե, մենք «Նոր Հայաստանի» վարչության անդամներ ենք, անպայման կմասնակցենք հանրահավաքին, և կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է ԸՕ-ի` մեր կողմից ընդունված դրույթներն առաջ մղելու համար:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը