«Կարծում եմ՝ հանձնարարությունը, որը դրված էր Պաշտպանության նախարարության և զինված ուժերի առաջ, ընդհանուր առմամբ, կատարվել է, դրա համար էլ հրամայում եմ պաշտպանության նախարարին վաղվանից սկսել մեր զինվորական խմբերի դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,–ՌԴ ղեկավարի խոսքն է մեջբերում գործակալությունը։

Խոսքը ՌԴ Ռազմա–տիեզերական ուժերի ավիացիոն խմբի մասին է։

ТАСС–ի փոխանցմամբ՝ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Պուտինը հույս է հայտնել, որ իր այդ որոշումը «լավ ազդակ կդառնա բանակցային գործընթացի համար»։

Լավրովին էլ Պուտինը կարգադրել է ինտենսիվացնել ՌԴ մասնակցությունը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր այդ որոշումը Պուտինը համաձայնեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Ասադը կարծում են, որ հրադադարը նպաստել է արյունահեղության նվազեցմանը։

Պուտինը բարձր է գնահատել ռուս զինվորականների պրոֆեսիոնալիզմը՝ շեշտելով, որ սիրիական բանակի և հայրենասեր ուժերի հետ նրանց հաջողվել է բեկում մտցնել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

7or.am