Մեկնաբանություն

15.03.2016 00:05


Օսկանյանը շարժեց ճահիճը

Օսկանյանը շարժեց ճահիճը

Եթե դեռ չստեղծված, բայց անպայման ստեղծվելիք կուսակցության մասին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած հայտարարությունն է քաղաքական-լրատվական շրջանակներում երկրաշարժ առաջացնում, ապա կարելի է պատկերացել, թե ինչ տեղի կունենա այդ կուսակցության պաշտոնապես հիմնադրումից ու գրանցումից հետո:

Դե, ախր, Բաղրամյան 26-ի գրիչները մինչեւ երեկ չէ առաջին օրը ջանում էին Վարդան Օսկանյանին որպես «անառակ որդի» վերադարձնել ԲՀԿ ու այդ մասին գրում էին՝ իրենց գլգլան աղբյուրներից «ստույգ տեղեկություններ» ստանալով: Նաև գրում էին, թե, իբր, «Հայկական վերածնունդ» է մտնելու: Այլ բաներ էլ էին գրում, բայց դե, Վարդան Օսկանյանը թարսի պես լրիվ այլ ուղղությամբ գնաց՝ փոզմիշ անելով իշխանական լրատվամիջոցների երեւակայական աշխարհը: Հայտնի նպատակներով իրականացվող բանսարկությունը և կեղծիքը կարճ կյանք ունեցան:

Եվ հիմա բոլորը խառնվել են իրար, Բ26-ի պասով Օսկանյանին հիշեցնում են «Մարտի 1»-ից ժամեր առաջ նրա ունեցած ելույթը, նորից ու նորից հավատաքննչորեն փորձում են պարզել Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության կապը ՀՀ երկրորդ նախագահի հետ (ինչի վերաբերյալ հստակ ձևակերպում է տվել Օսկանյանը):

Ի դեպ, նույն այդ լրագրողները մի օր չեն հանդգնում ՀՀԿ ղեկավարին հարցնել՝ 8 տարի է՝ Բաղրամյան 26-ում ես նստած, ո՞վ է ձեզ խանգարում, որ բացահայտեք «Մարտի 1»-ը: Դե, ախր, ո՞նց հարցնեն, երբ «Յոթի գործով» գրեթե բոլոր քաղբանտարկյալներն այսօր նրա ստորին վերջույթների կողքին են տեղավորվել (չհաշված մնացած «արմատականները»)՝ լեգիտիմացնելով այդ ողբերգությունը:

Որոշ գաճաճ ուղեղներ էլ ամբախ-զամբախ դուրս են տալիս ու փորձում Օսկանյանին վերագրել ինչ-ինչ մեղքեր, որոնց հետ նա ընդհանրապես կապ չի ունեցել (շուտով Քենեդու սպանությունն էլ կբարդեն նրա վրա):

Որքան էլ զարմանալի թվա, բայց այս ամենն ինձ ուրախացնում է:

Մեռած, շունչը փչող քաղաքական դաշտը Օսկանյանի մի հայտարարությունից ոչ միայն կենդանության նշաններ է ցույց տալիս, այլ բողկի պես ցցվել է ու աշխուժորեն քննարկում է այդ հայտարարությունը: Այսինքն՝ բավական էր, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն հիմնելու մասին հայտարարություն աներ, եւ արդեն քաղաքական-լրատվական փտած դաշտում փոթորիկ է առաջանում:

Այս ընթացքում մի քանի կուսակցություններ են ստեղծվել: Քաղաքական դաշտի, հանրության կողմից զրո ռեակցիա: Մինչդեռ, դեռ չստեղծված կուսակցության մասին նախկին արտգործնախարարի արած հայտարարությունը շատերին ստիպեց ջղաձգվել, ոմանց՝ հերթական «գուշակություններն» անել, մեծ մասին էլ հույս ներշնչեց, որ ներքաղաքական կյանքը կենդանանում է (քաղաքական առեւուրն անկում է ապրելու), իսկ քաղաքականություն ասվածը հնարավոր է՝ վերագտնի դասական իմաստով իր նշանակությունը:

Եվ որ ամենակարեւորն է՝ ստեղծվելիք ուժը դուրս է լինելու ներկայիս իշխանություն-ընդդիմություն լղոզված տիրույթից և սեփական որակներն է բերելու քաղաքական դաշտ: Մարդը ճահիճը շարժել է, եւ դա շատ լավ է: Ուրեմն, երկրում իրական փոփոխությունների հասնելու հույս կա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը