Մեկնաբանություն

13.03.2016 19:40


Իրական ու կեղծ քաղաքացիական պայքարի մասին

Իրական ու կեղծ քաղաքացիական պայքարի մասին

Հայտնի բան է՝ իշխանության ուշքը գնում է «քաղաքացիական» պայքարի կամ «շարժումների» համար:

Խելքն իրենը չի ցանկացած թեմայով «քաղաքացիական» ակտիվիզմի համար:

-Ինչ ուզում եք՝ արեք, բայց ոչ մի խնդիր հանկարծ չքաղաքականացնե՛ք,- հրահանգելու պես ասում է իշխանությունն ու մտածում հերթական «քաղաքացիական պայքարի» սցենարի մասին:

Եվ արդեն բանը հասել է այնտեղ, որ «քաղաքացիականության» չափանիշ է սահմանվել շոումեն Հայկոյի ակտիվիզմը: Կամ, ավելի ճիշտ, այդ հարցը իշխանական լրատվամիջոցները քննարկում են Հայկո-Մկո համատեքստում: Դե, որ առաջինը ակտիվ է, իսկ երկրորդը՝ ոչ: Ինչո՞ւ: Շատ լրջորեն հարցնում են Մկոյին (Մկրտիչ Արզումանյանին): Մկոն էլ, ոչ դես, ոչ դեն՝ բռնում ճշմարտությունն է ասում. «Այո՛, բայց չեմ սիրում դրանով զբաղվել, որովհետև խնդիրը ստատուս գրելով չի լուծվում: Ես չեմ կարող պարզապես արտահայտվել՝ հանուն արտահայտվելու: Եթե ես արտահայտվեմ, ուրեմն կմիանամ, ուրեմն մինչև վերջ կգնամ, բայց մինչ այդ պետք է իմանամ՝ ում կողքն եմ կանգնելու, հարգեմ այդ մարդուն, որ գնամ մինչև վերջ: Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման: Քաղաքացիական շարժումը առաջին հայացքից է միայն հոբբի թվում: Իրականում դա շատ լուրջ գործ է: Իսկ ես զբաղված եմ. ունեմ շատ անելիք ու հենց դրա միջոցով եմ ինքնարտահայտվում. սա ավելի ազնիվ է ու ավելի պրոֆեսիոնալ»:

Համաձայնեք, որ դերասանը իրականությունն է ասում:

Հայկոն ու էլի հայտնիներից շատերն ինչպես անսպասելի հայտնվում են ասպարեզում, նույնքան էլ անսպասելի չքանում են ասպարեզից: Մինչեւ հաջորդ «քաղաքացիական պայքարի» մասին հայտնի կենտրոնից հրահանգ ստանալը կամ էլ ալիքի տակ ընկնելը:

Ժամանակին նրանք Մաշտոցի պուրակի համար էին պայքարում, իսկ թե հետո ինչով ավարտվեց այդ ամենը, հայտնի է («Տարոն ջան, սիրուն չի»-ով):

Հետո սկսեցին «ընդվզել» տրանսպորտի սակագնի թանկացման դեմ եւ նույնիսկ իրենց մեքենաներով մարդկանց էին տեղափոխում (սրտալի արցունք ու հուզմունք կորզելով կանգառներում սպասող մարդկանց աչքերից): Միեւնույն ժամանակ, չէին նկատում կարմիր կետագծերի ու նկարահանող սարքերի բիզնեսը, ինչով պատասխանատուները կեղեքում ու թալանում են վարորդներին: Էդ թեման «քաղաքացիականի» մեջ չէր մտնում: Ինչեւէ:

Ավելի ուշ նույն շրջանակը հայտնվեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում եւ սցենարով նախատեսված «կենդանի պատի» դերակատարում ստանձնեց: Ոչ մի պայմանով չքաղաքականացրին այդ «պայքարը» ու անգամ 100 մետր հեռավորությամբ Բաղրամյան 26 հասցեին չմոտեցան, բայց հաջողեցին մի լա՜վ «կաթսայի գոլորշին բաց թողնել» ու նպաստել Բ26-ի՝ էլցանցերի հետ կապված բիզնես նախագծի իրականացմանը՝ հուսավառելով միամիտ ժողովրդին: Դե, հետո էլ գիտեք՝ ինչ եղավ. ճիշտ ժամանակին քը՛րթ կտրեցին ու կիսեցին հավաքված ակտիվին. մի մասը գնաց Օպերայի հրապարակ ու գոլորշիացավ, մի մասն էլ տեղում գոլորշիացավ: Վերջերս էլ սրանց Գյումրիում տեսանք ու դեռ էլի շա՜տ «քաղաքացիական» դրսեւորումներ կտեսնենք՝ խնդիրները քաղաքականացնելուց սարսափող իշխանության կողմից մշակված սցենարների շրջանակում:

Այնպես որ, Մկոն ճիշտ է ասում. «Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը