Հարցազրույց

11.10.2010 18:20


Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյան

Հարցազրույց վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ.

-Մարտի 1-ից 2,5 տարի է անցել։ Հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների առումով,  ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակաշրջանը։ 

-Ինչ վերաբերում է մարտիմեկյան իրադարձություններին հետևող զարգացումներին, ապա հասարակական այն ընկալումները, որ մենք պետք է ունենայինք, մենք չենք կարող ունենալ հասարակության որակի և, առհասարակ, իրավիճակի պատճառով։ Հասարակությանը գցել են այնպիսի շրջանակների մեջ՝ մի կողմից հեռուստատեսային «ապուշացումն» է, մյուս կողմից նույն կրկնվող սցենարները թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության կողմից։ Բողոք, իհա՛րկե, մարտի 1-ի կապակցությամբ կա, դա ակնհայտ է, և այն բավական միաձայն է։ Իսկ ինչ վերաբերում է, որ այդ բողոքը պասիվ է, միանգամայն հասկանալի է, որովհետև բողոքական զանգվածի կրճատումը ուղիղ համեմատական է այդ բողոքականության արդյուքների նվազմանը։ Ինչքան արդյունքը նվազում է՝ բողոքի միջոցով ինչ-որ բաների հասնելու, այնքան բողոքային զանգվածի ակտիվությունը մարում է։ Ես չեմ կարող ասել, թե մարտի 1-ով մեր հասարակությունը վրդովված չէ կամ անտարբեր է։ Չէ՛, բնականաբար անտարբեր չէ։ Բայց նաև մարդկանց ազդեցության լծակները, պետք է օբյեկտիվորեն ընդունենք, որ շատ-շատ սահմանափակ են։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։

-Արտահերթ ընտրությունը ֆորսմաժորային երևույթ է։ Եթե ամեն ինչ պլանավորված ընթանա, իհարկե, չի լինի արտահերթ ընտրություն, սակայն որոշակի քաղաքական ֆորսմաժորային զարգացումներ լինեն՝ լինի դա ղարաբաղյան հարցը, լինի տնտեսական վիճակի առավել կտրուկ վատթարացումը՝ ոչ թե աստիճանական, այլ կտրուկ վատթարացումը, այո՛, կարող են առաջացնել արտահերթ ընտրությունների պահանջ, բայց ներկա դրության այս զարգացման համատեքստում չեմ տեսնում։

-Ժամանակին Դուք պնդում էիք, թե իշխանությունների  միակ այլընտրանքը Հայ ազգային կոնգրեսն է։

-Հիմա էլ եմ պնդում, որ Հայ ազգային կոնգրեսը միակ գաղափարական ընդդիմությունն է։

-Իսկ «Ժառանգությունը՞», ՀՅԴ-ը՞։

-Իհարկե, «Ժառանգությանը»  այս պլանում չեմ անտեսում, ուղղակի ուզում եմ ասել, որ եթե ՀԱԿ-ի տեսակարար կշռով նայենք զանգվածի լայնությանը, ապա ՀԱԿ-ը խիստ կազմակերպված ընդդիմություն է։ «Ժառանգությունն» ավելի լոկալ գործունեության խնդիրներ ունի, բայց մենք պետք է ընդունենք, որ մնացած բոլոր ընդդիմադիր շարժումները դեռ սաղմնավորման շրջանում են։ Իսկ «Դաշնակցությանը» ես երբևէ չեմ ընկալել իբրև ընդդիմություն։ Քանի «Դաշնակցության» ղեկին կանգնած են նույն մարդիկ, որոնք հողմաղացի նման իշխանության կազմում լինելու կամ չլինելու հետ փոխում են իրենց սկզբունքները, ես երբևէ չեմ ընկալել։ Յուրաքանչյուր երկրին պետք է ազգայնական պլատֆորմ, բայց բացարձակ այլ մենեջմենթով։ Կուսակցության ներկա մենեջմենթն ուղղակի ծիծաղելի է, ծիծաղելի է նաև Դաշնակցությանը որպես ընդդիմություն դասակարգելը։

-Ասում եք, թե ՀԱԿ-ն է միակ կազմակերպված ընդդիմությունն ու իշխանությունների այլընտրանքը։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ այլընտրանք լինելը, եթե իշխանություններն իրենց ծրագրերն իրականացնելիս ամենևին կաշկանդված չեն։ Օրինակ՝ «Ակցիզային հարկի մասին» օրինագծի ընդունումը։

-Ինչ ուզել անելը մի քիչ հարաբերական է։ Մի քանի մանր քաղաքացիական ակցիաներ, այնուամենայնիվ, գալիս են իրենց տրամաբանական և դրական վերջաբանին, այսինքն ինչ-որ բողոքի ակցիաներ ցուցադրվում են։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իշխանություններն ինչ ուզում անում են, ապա ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 1996թ.-ից Հայաստանում իշխանություններն ինչ ուզում՝ անում են։ Դա շարունակական գործընթաց է։ Այն ժամանակվա ընդդիմություններն էլ ուրիշ էին, բայց իշխանություններն ինչ ուզում անում են, երբ պետական և հասարակական մեքենան թերի է։

-Այժմ ամեն ինչ հերթական ընտրությունների է տանում։ Ի՞նչ կանխատեսումներ և ակնկալիքներ ունեք։

-Կատարվելու է ուժային վերաբաշխում։ Չգիտեմ, մինչ այդ կհասցնե՞ն պայմանավորվել ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, կլինի՞ արդյոք ԲՀԿ-ն երկրորդ կուսակցությունը քանակով։ Ներկա դրությամբ հարաբերությունները լարված են, ամեն ինչ կախված է նրանից՝ հարաբերությունները կբարելավվե՞ն, թե՞ չէ։ Այնուհետև ես պլանավորում եմ, որ խորհրդարանում անպայման կլինի «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ էլի իշխանական փաթեթի մեջ, դա ուղղակի կլինի փաթեթային քվեարկություն։ Կարծում եմ, որ պայքարը կգնա ոչ թե «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև, ուղղակի այստեղ կընտրեն, թե որն է ավելի արմատական ընդդիմությունը, որը՝ ոչ արմատական։ Բայց բոլոր դեպքերում այդ երկու ընդդիմություններին երբեք չեն թույլատրի որոշիչ փաթեթով մտնել խորհրդարան։ Իհարկե՛, եթե մի օր Հայաստանում լինեին արդար ընտրություններ, ապա ձայների մեծամասնությունը կվերցնի ընդդիմադիր դաշտը, որովհետև Հայաստանի հասարակության 80%-ն իր բնույթով ընդդիմադիր է։

-Այսինքն, ենթադրում եք, որ խորհրդարանում կլինի «Ժառանգությունը», իսկ ՀԱԿ-ը՝ ոչ։

-Վստահ եմ, որ կլինի «Ժառանգությունը» մի շարք պատճառներով։ «Ժառանգության» անդամների առկայությունն ավելի տանելի է իշխանական շրջանակի համար զուտ այն պատճառով, որ այդ մարդիկ աշխատում են (ես շատ եմ գնահատում նրանց աշխատանքը), բայց  միևնույն ժամանակ անձնական հակակրանք չկա իշխանական և «Ժառանգության» ներկայացուցիչների միջև։ Մինչդեռ ՀԱԿ-ում այդ անձնական հակակրանքն ընդգծված է, իսկ Հայաստանն անձնական նախապատվությունների երկիր է։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը