Աշխարհ

13.03.2016 09:45


Թրամփը հայտնել է, որ Օհայոյում իր դեմ հարձակում կարող էր կազմակերպած լինել ԻԼԻՊ–ը (տեսանյութ)

Թրամփը հայտնել է, որ Օհայոյում իր դեմ հարձակում կարող էր կազմակերպած լինել ԻԼԻՊ–ը (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քիչ է մնացել՝ հարձակման զոհ դառնա Օհայոյում իր ելույթի ժամանակ։ Ապակյա շշով զինված անհայտ անձը փորձել է մոտենալ տրիբունային, սակայն Թրամփի թիկնապահներն իրենց չեն կորցրել և կապկպել են տղամարդուն։

Ոստիկանությունը նշել է, որ հարձակվողը փորձել է շիշը նետել բեմահարթակ։ Ինքը Թրամփը չի ահաբեկվել և շարունակել է ելույթը, ավելի ուշ էլ կատակել է, որ սեփական ձեռքերով էլ հաշվեհարդար կտեսներ հարձակվողի հետ։

Հանրապետական թեկնածուն չի բացառել, որ տղամարդու հետևում «Իսլամական պետությունը» կանգնած լինի։

«Ամենայն հավանականությամբ, նա կապված է ԻԼԻՊ–ի հետ։ Իմ մարդիկ համացանցում պարզեցին, որ այդ տղան նվագում է այնպիսի երաժշտություն, որը հաստատ ձեզ դուր չի գա, քաշ է տալիս ամերիկյան դրոշը գետնին, այլ վատ բաներ էլ է անում»,–ասել է Թրամփը։

Ինչպես գրում է «Lifenews»–ը, Թրամփի ելույթների ժամանակ արձանագրվող անկարգությունները բարձրացնում են դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հեղինակությունը։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ամենասակավաբնակ Վայոմինգ նահանգում Թրամփը պարտվել է Թեդ Քրուզին և Մարկո Ռուբիոյին՝ ընդամենը 7 տոկոս հավաքելով։ Միանգամից մի քանի քաղաքներում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև, որոնք, միլիարդատիրոջ կարծիքով, հրահրում են Բերնի Սանդերսին աջակցողները։

«Իմ կողմնակիցները սադրանքով չեն զբաղվում։ Նրանք միայն իրենց բողոքն են արտահայտում այն թեկնածուի դեմ, որը բռնություն է հրահրում։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ պոտենցիալ նախագահը վիրավորել լատինաամերիկացիներին, Մեքսիկայի մեր հարևաններին, առավել ևս՝ մահմեդականներին, որոնք աշխարհի ամենախոշոր կրոնի ներկայացուցիչներն են»,–հայտարարել է Սանդերսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը