Մեկնաբանություն

11.03.2016 21:04


Իրեն պահում է պուճուրիկ գուբերնիա «նայողի» պես (տեսանյութ)

Իրեն պահում է պուճուրիկ գուբերնիա «նայողի» պես (տեսանյութ)

Երկու օր է՝ լրահոսը հեղեղված է Սերժ Սարգսյանի՝ ՌԴ աշխատանքային այց կատարելու մասին տեղեկություններով:

Աշխատանքային այցը ենթադրում է գործնական հանդիպումներ, քննարկումներ, կոնկրետ պայմանավորվածություններ: Այդ ամենն, իհարկե, մենք չտեսանք: Փոխարենը՝ հյուրընկալ երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հերթական անգամ շնորհակալությունների տարափ թափեց Պուտինի գլխին (այդ հարցում «արգելակները չեն աշխատում»):

Հայտնի ստեղծագործության մեջ Զիմզիմովն անգամ իրեն բավական զուսպ է պահում եւ ընդամենը մեկ-երկու անգամ է շնորհակալություն հայտնում իր տուն եկած ռուս գուբերնատորին, և անգամ վերջինս է «շնորհակալություն» հայտնում ու գովեստի խոսքեր շռայլում Զիմզիմովին: Նրան կեղծ գովեստի խոսքեր էին հասնում, բայց գոնե այնքանով էր կարողացել դիրք ձեռք բերել Զիմզիմովը, որ թեկուզ կեղծ գովեստի արժանանում էր (տե՛ս կից տեսանյութը): Իսկ Սերժ Սարգսյանը հասել է Մոսկվա, Կրեմլ, որ ելույթ ունենա, ու այդ ելույթի կեսը «շնորհակալությունների» տարափ է (օղորմի այդ ելույթը գրողի անցավորներին, քանզի շեֆը քանի հատ ասել է, այդքան էլ գրել է «շնորհակալություն» բառը):

Իսկապես, ամոթալի է. այդքան նսեմանալ ու այդպես խոնարհվել չարժե: Երբ, մանավանդ, ԵՏՄ անդամ այլ պետությունների ղեկավարների շուրթերից այդ բառը հազվադեպ է հնչում:

Բայց ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում պարգեւատրել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահին, գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին («Բարեկամության» շքանշանով): Սա էլ, երեւի, այն բանի համար, որ, ըստ տարածված տեղեկատվության, մեր իրավապահները բռնել են Պերմյակովին ու հանձնել ՌԴ իրավապահներին: Իսկապես, զարմանալի է:

Նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, Ավետիսյանների ընտանիքի սպանդի օրերին այդպես էլ Գյումրիում չերեւաց, գյումրեցիները մի քանի օր բողոքի ակցիաներ անցկացրին, դիմեցին ՌԴ դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին: Նրանց նամակներին ոչ ոք չպատասխանեց:

Եվ հիմա այս ամենի համար Սերժ Սարգսյանը պարգեւատրում է նրանց: Խնդիրը ՌԴ արդարադատության, իրավապահ համակարգի բարձրաստիճանավորները չեն: Խնդիրը «արեւմտամետ» Սերժ Սարգսյանի՝ Կրեմլին քծնելու (այն էլ՝ արեւելյան ոճով) մշտական ցանկությունն է:

Հիմա մենք ո՞ւմ ենք տեսնում՝ ինքնիշխան պետության ղեկավարի՞, թե՞ ինչ-որ պուճուրիկ գուբերնիա «նայողի»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը