Մեկնաբանություն

11.03.2016 00:06


Եվ զզվում ենք վերջապես

Եվ զզվում ենք վերջապես

Այսօր հայոց կյանքում կեղծիքը, ժողովրդական լեզվով ասած՝ տարթ է կապել (կենդանիների կղկղանքի տափակացրած շերտ):

Հայոց խմբագիրների մեծ մասն իր կամ զավակների համար ձեռք է գցել ու տիրացել էլիտար շենքերում բնակարանների: Առոք-փառոք ապրում են այդ թանկ բնակարաններում՝ վայելելով քաղաքի կենտրոնում տուն ունենալու հաճույքը: Սակայն մյուս կողմից էլ՝ անխնա քննադատում են քաղաքաշինական գործընթացները, անարգանքի սյունին գամում բոլոր նրանց, ովքեր դրանում մասնակցություն են ունեցել:

Իրենց թերթերում ու կայքերում մեծ հաճույքով «քլնգում» են հին Երեւանը «քանդողներին» ու գրավոր տեքստերում կախաղան են հանում դրա մեղավորներին: Սա անբարոյականություն է:

Մարդիկ ամեն ինչ արել են, ամենաչնչին գներով տիրացել են էլիտար բնակարանների ու լինելով էությամբ «գեղցի»՝ դարձել են քաղաքի կենտրոնի բնակիչ, բայց իրենց ԶԼՄ-ներով հարձակվում են նույն այդ էլիտարները սարքողների, քաղաքաշինության պատասխանատուների վրա: Աո՜ւ...որտե՞ղ է բարոյականությունը:

Նույն այդ խմբագիրները, որ ապրում են «քանդված» պատմամշակութային հուշարձանների տեղում կառուցված տարածքում, նույն եռանդով շարունակում են դնգստել քաղաքաշինական ծրագրերի հեղինակներին: Սա մարազմ է: Ավելի ճիշտ՝ մարազմ էլ չէ: Արդեն ասացի՝ անբարոյականություն է:

Ի դեպ, իմ հորական տունը ավելի մեծ պատմամշակութային արժեք է, քան Արամի 30 հասցեում գտնվող այդ շինությունը: Նույն այդ խմբագիրները ամեն օր «լանչ» են անում Հյուսիսային պողոտայի ռեստորաններում, գնումներ անում նույն պողոտայի բրենդային խանութներից, ինչից հետո վերադառնում են խմբագրություն եւ քլունգները ձեռքն առած՝ անխնա հարվածում այդ պողոտայի հեղինակներին: Ամո՛թ է: Աբուռ-նամուս չունե՞ք:

Նույն այդ խմբագիրները հոգացել են, որ իրենց զավակները չծառայեն բանակում, ու չե՛ն ծառայել (իրենք էլ չեն ծառայել): Սակայն ամեն օր իրենց թերթերում ու կայքերում գրում-խրատում են հայրենիքին մատուցած ծառայության կարեւորության մասին ու թուքումուր շաղ տալիս բոլոր նրանց հասցեին, ովքեր եւս իրենց պես կարողացել են սեփական երեխաներին փախցնել ու թռցնել բանակից:

Արցունքներն աչքերին գրոտում են այն մասին, որ պետք է ամեն ոք իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ: Ու էլի նման՝ հնդկական կինոյի սցենարային տեքստեր են գրում: Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում, պարոնա՛յք և, իհարկե, տիկնա՛յք:

Այս քաղաքն ու երկիրն այնքան փոքր է, որ բոլորը բոլորին, ինչպես ասում են, անգիր գիտեն: Դո՛ւք՝ իբրեւ խմբագիր ու ԶԼՄ-ի պատասխանատու, իբրեւ հանրային կարծիք ձեւավորող սուբյեկտ՝ ձեր արարքից չեք ամաչո՞ւմ: Դո՛ւք ձեր զավակներին դասալիք եք սարքում եւ գրում-բողոքում եք դասալքության դե՞մ:

Սիրտս խառնում է էս երեսպաշտների «դաստիարակչական» հոդվածները կարդալուց: Եվ բոլոր հարցերում է այս կեղծությունն ու սուտը, այս փարիսեցիությունն ու երկդիմությունը:

Հիրավի, ճիշտ է Թումանյանը, երբ նկատում է. «Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում: Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները... Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես...»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը