Աշխարհ

10.03.2016 09:25


Պենտագոնի նախկին ղեկավար. «Ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեղավորն ԱՄՆ–ն է»

Պենտագոնի նախկին ղեկավար. «Ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեղավորն ԱՄՆ–ն է»

«Սառը պատերազմին» անմիջապես հաջորդած ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունն ԱՄՆ–ինն է։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Փերրին։

Պենտագոնի նախկին ղեկավարը 3 կետ է առանձնացրել ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, որոնք նպաստել են «սառը պատերազմից» հետո ռուս–ամերիկյան հարաբերությունների անկմանը։

«Առաջին քայլը, որը մեզ սխալ ուղղությամբ տարավ, կատարվեց այն ժամանակ, երբ ՆԱՏՕ–ն սկսեց ընդլայնվել՝ ներառելով նաև արևելաեվրոպական երկրները, որոնցից ոմանք սահմանակից են Ռուսաստանին»,–Փերրիի խոսքն է մեբերում ТАСС–ը։

Ամերիկացի գործիչն այդ քայլը ՌԴ նկատմամբ ամբարտավանություն է որակել։

Հաջորդ սխալը, ըստ Փերրիի, ՀՀՊ համակարգերի տեղակայումն էր Արևելյան Եվրոպայում.

«Մենք մտադրություն ունեինք այդ համակարգերի տեղակայմամբ պաշտպանվել իրանական միջուկային հրթիռից. ճիշտ է, նրանք վերջինը չունեն, բայց դա այլ հարց է»։

Եվ վերջապես, ռուս–ամերիկյան հարաբերությունների վատացման երրորդ պատճառը, Փերրիի խոսքով, ԱՄՆ–ի կողմից «գունավոր հեղափոխությունների» աջակցումն էր Վրաստանում և Ուկրաինայում։ Թեև Փերրին նման աջակցությունն էթիկապես ճիշտ է համարել, սակայն նրա կարծիքով հենց այդ ամենն է բերել երկու երկրների միջև ներկայիս լարվածությանը։

Նախկին նախարարը նաև նշել է, որ վերջին մի քանի տարում էլ Արևելքի ու Արևմուտքի հարաբերությունների սրացմանը նպաստել է Ռուսաստանի՝ Ուկրաինայում ու Սիրիայում վարած քաղաքականությունը։

Ուիլյամ Փերրին Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Բիլ Քլինթոնի վարչակազմում 1994–1997թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը