Մեկնաբանություն

10.03.2016 00:05


«Նախաձեռնողական» թամաշան շարունակվում է

«Նախաձեռնողական» թամաշան շարունակվում է

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը հետահայաց գնահատելու դեպքում կարելի է արձանագրել մի ուշագրավ փաստ: Ութ տարի շարունակ ՀՀԿ ղեկավարն իր նախաձեռնած զանազան գործընթացներով պարզապես զբաղեցրել է հանրությանը փուչ, ինքնանպատակ, սնամեջ գաղափարներով՝ հասարակական-քաղաքական միտքը ընկղմելով այդ «նախաձեռնողականության» տիղմի մեջ:

Մի 4-5 տարի հանրության համար «պարապ վախտի խաղալիք» էր դարձրել հայ-թուրքական գործընթացը, իշխանական եւ իշխանամետ քաղաքագետների, քաղտեխնոլոգների ու փորձագետների ուղեղներում եւ երեւակայության մեջ քիրվայության «զարգացումներն» էին, որին հետեւում էին ուշ-ուշով ու Բաղրամյան 26-ի հրահանգով, որպես միասնական երգչախումբ՝ ձոներգում էին Սարգսյանի «նախաձեռնողականությունը»:

Այսինքն՝ իշխանությունը բանուգործը թողած՝ սպասում էր, թե ինչպես էր ՀՀԿ ղեկավարը սահմանը բացելու: Էս գործընթացը մի քիչ «սառեցվեց», ու հանրային, քաղաքական միտքը Սարգսյանն ուղղորդեց դեպի սահմանադրական փոփոխությունների գործընթաց:

Հերթական «նախաձեռնողականության» գերին դարձած հանրությունը մի երկու տարի էլ տապակվեց իշխանության մատուցած «բարեփոխումների» քննարկումների թեժ կաթսայում: Չհաշված Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվող հեքիաթները՝ երկրի այս ու այն հատվածը դրախտավայր սարքելու մասին:

-Թող զբաղվեն, էլի,- երեւի, մտածում էր Սերժ Սարգսյանը, որին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր մարդկանց ուշադրությունը շեղել երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներից:

Սա էլ հաջողվեց, քանզի Գագիկ Հարությունյանն իր հանձնաժողովով մարզային «կուլտ-պախոդ»-ներ էր կազմակերպում եւ տեղերում իր աննման բառակույտերի հեղեղով զբաղեցնում էր մարզային բնակչությանը: Իսկ երկիրն այդ ընթացքում շարունակում էր «զարգանալ» ելույթների ու ճառերի, խոստումների ու երդումների գրավոր ու բանավոր տեքստերում:

Ի դեպ, չմոռանանք Բաղրամյան 26-ի սցենարներով «հեղափոխական» ակցիաների իրականացումը, որոնցով անցած տարիներին անդադրում զբաղված էր հանրային միտքը:

Հիմա էլ Սերժ Սարգսյանը հասարակական-քաղաքական միտքը ներքաշել է Ընտրական օրենսգրքի քննարկումների «ծիր»: Բոլորը խոսում ու բանավիճում են, առարկում եւ հակադարձում են. ընտրությունները կեղծած իշխանությունը «հորս արեւ»-ի դոզայով երդվում է, թե իրեն միայն «օրինական ու արդար» ընտրությունների անցկացումն է պետք, իսկ ընդդիմադիր գործիչները ծանոթանալով «չերեզ Վենետիկի հանձնաժողով» իրենց հասած ԸՕ-ի նախագծին՝ չեն հավատում իշխանության երդումներին: Ինչի համար հիմքեր ունեն, քանի որ այդ նախագիծը գրված է «ձախ ոտքի բութ մատով»:

Օրինական, ազատ եւ արդար ընտրությունների մասին իշխանության պատկերացումներն այդ փաստաթղթում տեղ գտած խայտառակ ձեւակերպումներն ու սահմանափակումներն են (դասական իմաստով համամասնական ընտրակարգ, ըստ էության, չի լինելու. նախատեսվում է ընտրական գործընթացի ավելի խճճված ու բարդ իրականացում, առկա անտրամաբանական դրույթների առատություն եւ այլն):

Այսպես, առաջիկա ամիսներն էլ մսխվելու են այս թեմայով քննարկումների վրա, իսկ երկրում ոչինչ տեղից չի շարժվելու: Ինչպես կա, այդպես էլ մնալու է, եթե, իհարկե, ավելի չի վատանալու:

Ահա՛, հանրությանը, քաղաքական դաշտին նետած Սերժ Սարգսյանի «գաղափարների» ոչ լրիվ ցանկը: Լրիվ պարապ պետություն է, որտեղ կարեւոր ու առաջնային խնդիրները մղվել են հետին պլան, եւ բոլորին տարիներ շարունակ իր «գաղափարներով» զբաղեցնում է ՀՀԿ ղեկավարը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը