Մեկնաբանություն

08.03.2016 22:45


Մարտի 8–ի ուղերձն ու կանանց դերը Բ26–ի պատկերացմամբ

Մարտի 8–ի ուղերձն ու կանանց դերը Բ26–ի պատկերացմամբ

Երբ ամեն անգամ տոնական առիթով իշխանավորներն վերից վար սկսում են շնորհավորական ուղերձներ տարածել, մտածում ես՝ այդ տեքստերը բացի դրանք գրողներից ու «շարողներից» ոչ ոք չի կարդում:

Մարդկանց այդ՝ «քնքշանքով ու ջերմությամբ լցոնած» շարադրանքները պետք չեն: Երբ, մանավանդ, ապրում ենք այնպիսի մի գաղջ ու ապականված իրականության մեջ, որի թիվ մեկ պատասխանատուն նույն այդ իշխանավորներն են՝ վերից վար:

Բայց մի զավեշտական բան նկատեցի, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում: Պարզվում է, նա «ավանդույթ» է դարձրել դեկտեմբերի 6-ի կեղծված հանրաքվեից հետո ամեն տոնական առիթով իր ուղերձներում շեշտել սահմանադրական «բարեփոխումների» գործընթացի մասին ու երդվելու պես անպայման խոստանալ, որ հեսա-հեսա կտեսնեք, թե էդ «բարեփոխումների» շնորհիվ ինչքան լավ եք ապրելու դուք:

Մարտի 8-ի առիթով էլ նրա անունից տարածված ուղերձում նույն՝ սահմանադրական «բարեփոխումների» մասին հատուկ շեշտադրում կա:

«Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ»,- գրված է Սերժ Սարգսյանի ուղերձում ու դարձյալ նշված, որ հեսա-հեսա «բարեփոխումների» շնորհիվ ավելի կբարձրանա կանանց դերը:

Սահմանադրական «բարեփոխումները» դնենք մի կողմ ու հարցնենք՝ այդ որքա՞ն մեծ է մեր երկրում կանանց դերակատարությունը, որը մինչեւ հիմա չէինք տեսել:

Փաստորեն, շատ աննախադեպ բան է տեղի ունեցել եւ դրա համար կանայք «պարտական» են իր նախագահության շրջանին: Եթե ՀՀԿ-ական «կանանց գունդը» անմոռուկներով «զարդարված» Ծիծեռնակաբերդում ծիծաղում ու զվարճանում է, հավանաբար, դա պետք է դիտարկել բոլոր կանանց արտոնված «ավելի մեծ դեր»-ի շրջանակներում: Կամ՝ երեւի, ՀՀ իգական սեռի գերակշիռ մասը ՀՀԿ-ական վերնախավի կանանց նման բիզնես-վումն է:

Իրականում, հայ կանանց մի զգալի հատված դեգերում է օտար ափերում եւ որ՝ ամենանվաստացուցիչն է՝ առեւտուր է անում Թուրքիայում, թուրքերի առաջ սպասյակություն ու դայակություն է անում, որպեսզի կարողանա այստեղ ապրող իր ընտանիքին պահել: Այսպես, պարզվում է «ավելի մեծ դեր» ունեն նրանք:

Էլ չենք խոսում սահմանագոտում չարքաշ գոյությունը քարշ տվող կանանց մասին, որոնք զրկված են ամենատարրական պայմաններից եւ կենսապահովման օբյեկտներից:

Եթե երկրում գործազրկության ծավալներն այսքան մեծ են, ինչպե՞ս կարող է կանանց դերը մեծ լինել:

Երևի խորհրդարանի ամբիոնից քծնական բնույթի բոցաշունչ ելույթներ ունեցող ՀՀԿ-ական կանանց տեսնելով ու լսելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ իր նախագահության շրջանում կանանց դերակատարությունն ավելի է մեծացել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը