Լրահոս

07.03.2016 22:20


Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում

Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է «NEWS.am»-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

–Ռոբերտ, վերջերս կրկին վերադարձար Ղազախստան: Ինչպե՞ս են գործերդ: Ե՞րբ է լինելու քո նորամուտը:

–Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Պատրաստվում եմ մարտի 12-ին «Աստանայի» հետ խաղին: Այդ օրն էլ կլինի նորամուտս: Այժմ «Շախտյորում» ձեւավորվել է շատ լավ թիմ: Ունենք շատ լավ մարզիչ:

–Ո՞րն է թիմի առջեւ դրված առաջնային նպատակը այս խաղաշրջանում:

–Առաջնային նպատակը վեցնյակ մտնելն է, որը մեզ հնարավորություն կտա պայքարել մրցանակային տեղերի համար:

–«Ակտոբեի» երկրպագուները չե՞ն դժգոհում, որ գնացիր մրցակից թիմ:

–Շատերը գրում էին, որ վերադառնամ «Ակտոբե», կամ ինչո՞ւ ընտրեցի «Շախտյորը»: Բայց հիմա ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ եւ շատ ուրախ եմ դրա համար:

–Ռոբերտ, անցել է մի քանի ամիս, ինչ Հայաստանի ազգային հավաքականի ինը ֆուտբոլիստներ նամակով հանդես եկան, որտեղ հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները իրենց հասցեին չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Միանալո՞ւ ես հավաքականի առաջիկա խաղին:

–Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից, իբր թե, հրաժարվելը՝ ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ:

Աղբյուրը՝ «NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը