Մեկնաբանություն

06.03.2016 21:00


Քաղաքականությունն անբարոյականություն չէ՛

Քաղաքականությունն անբարոյականություն չէ՛

Սերժ Սարգսյանն իր գործելակերպով հետեւողականորեն ապացուցում է, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բոլորն անբարոյական են:

Նորմալ երկրներում, իհարկե, այդպես չէ. իշխանության եւ ընդդիմության սահմանագիծը հստակ է: Դե, որովհետեւ նորմալ երկրներում իշխանության գլուխը նորմալ է, և ամենակարևորը՝ լեգիտիմ:

Մեզանում, հատկապես 2008-ից հետո, քաղաքական անոմալիա է: Իհարկե, սկզբունքորեն չծախվողին, իր գաղափարները աճուրդի չհանող քաղաքական ուժին կամ առաջնորդին ոչ ոք չի կարող գնել:

Գնում են նրան, ով ցանկանում է իրեն վաճառել: Սակայն անգամ այդ դեպքում ՀՀԿ ղեկավարի գործելաոճը արդարացնել հնարավոր չէ, որն առանց այլեւայլության արդեն հրապարակային է դարձրել քաղաքական առեւտուրը՝ վաճառվող կողմին ցմրուր ստորացնելու, թերեւս, նախնական պայմանավորվածության համաձայն:

Սա անբարոյականությո՛ւն է: Այլ կերպ հնարավոր չէ բնորոշել հայաստանյան քաղաքական իրականությունը, որի թիվ մեկ պատասխանատուն իշխող ուժի ղեկավարն է:

Նա իր այդ գործելակերպով փորձում է ամորձատել հանրության ընդդիմադիր հատվածին (որն այլեւս հատված էլ չէ. հանրության գերակշիռ մասն է ընդդիմադիր): Մինչդեռ նոր Սահմանադրությունը «կերտելիս» ավելի քան մեկ տարի իշխանությունը մեր բոլորի ականջներն էր սղոցում խոստումով, թե «բարեփոխումներով» նախատեսվում է ուժեղացնել կուսակցությունների դերը, ավելի զարգացնել ու ամրապնդել քաղաքական համակարգը, ավելին՝ ձեւավորել քաղաքական մշակույթ: Ո՞րն է այդ «մշակույթը»: Քաղաքական ափաշքարա առուծա՞խը: Քաղաքական գործիչների, քաղաքագետների, լրատվամիջոցների մեծ մասին գնե՞լը: Եթե դա է համարվում «քաղաքական մշակույթի ձեւավորում», եթե այդ կերպ է «ուժեղացվում» կուսակցությունների դերը, ապա մենք ոչ թե նոր Սահմանադրությամբ «բարեփոխված» իրականության, այլ կեղծիքով ու ստով, փարիսեցիների ու խաչագողերի հարուստ տեսականիով հագեցած իրականության մեջ ենք ապրում: Նույնն է թե՝ նեխած ճահճի մեջ:

Ինչ խոսք, նեխահոտ ճահիճը շարժողներ և իրավիճակը փոխողներ կհայտնվեն. հանրությունը չի կարող մինչեւ վերջ «սկել» այդ ճահճի մեջ:

Կհայտնվեն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ։ Այլապես երկիր կարող ենք կորցնել։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը