Տնտեսական

03.03.2016 18:35


Ավտովարորդներն առաջարկում են լիցենզավորման գումարը 12 հազարից դարձնել 6 հազար

Ավտովարորդներն առաջարկում են լիցենզավորման գումարը 12 հազարից դարձնել 6 հազար

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի շարք տաքսիների վարորդներ հանդիպել են ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Այս մասին տեղեկանում ենք «vesti.am»–ից։

Հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը Ղազարյանին է փոխանցել 24 կետից բաղկացած, հազար վարորդի ստորագրությամբ դիմումը, որում ներկայացված էին վարորդների հիմնական խնդիրները:

Մոտ 4 ամիս առաջ 1000 ստորագրություն է հավաքվել, ու 24 կետից բաղկացած դիմումը ներկայացվել ՀՀ նախագահին ու վարչապետին, ինչի հետ կապված բացարձակապես ոչ մի պատասխան չունենք: Խնդիրը վերաբերում է ոչ միայն տրանսպորտի նախարարության լիցենզավորման կարգի կասեցմանն ու նոր կարգ սահմանելուն, այլ ճանապարհային ոստիկանությանը, քաղաքապետարանին, արդարադատության նախարարությանը, հարկադիր մարմիններին: Խնդիրներն այնքան ծավալուն են, որ մենք խնդրում ենք վարչապետին հանձնաժողով ստեղծել, հանձնարարություն տալ նրանց, ու մենք համապատասխան գերատեսչությունների մարմինների հետ աշխատանք տանենք, ոչ թե կանգնենք գերատեսչական մարմինների շենքերի մոտ ցույց անցկացնենք,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ասել է, որ իրենց խնդրանքն է վարչապետի հետ հանդիպման կազմակերպումը: Հովհաննիսյանի խնդրանքին ի պատասխան՝ Ղազարյանն ասել է, որ իրավասու մարմինների հետ կքննարկվեն հանդիպման հնարավոր ժամկետները, ու կտեղեկացնեն վարորդներին:

Վարորդներից մեկը նշել է, որ իրենք առաջարկում են՝ եթե հնարավոր չէ հանել լիցենզավորման գումարը, գոնե գինը 12 հազարից նվազեցնել մինչև 6 հազար դրամ:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը