Լրահոս

02.03.2016 14:00


Վ. Սահակյան. «Վարչական տույժի ենթարկելը դաստիարակչական բնույթ է կրում»

Վ. Սահակյան. «Վարչական տույժի ենթարկելը դաստիարակչական բնույթ է կրում»

Տաքսի ծառայությունների հիմնական խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ՝ եթե տաքսու վարորդը խախտում է անում, տուգանքը վճարում է տաքսի ծառայության տնօրենը: Դա հիմնականում արվում է այն դեպքում, երբ վարորդից գումարը գանձել չեն կարողանում, և դատարանը նրան սնանկ է ճանաչում և այլն: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

-Վարչական տույժի ենթարկելը դաստիարակչական բնույթ է կրում: Վարորդը խախտումն անում է, սակայն տուգանքը մուծում է ծառայության տնօրենը, նշանակում է՝ դաստիարակում են տնօրենին, ոչ թե խախտում անողին: Սա մարդու իրավունքի կոպիտ խախտում է,- ասել է միության նախագահը:

Սահակյանի դիտարկմամբ՝ տաքսի ծառայությունների մատուցման ոլորտում որակները բարձրացնելու և խնդիրներից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի ոլորտում սահմանափակումներ մտցվեն, իսկ վարորդներն ատեստավորում անցնեն:

-Օրինական և անօրինական գործում է 25 հազար տաքսի ծառայություն: Աշխարհում նույնիսկ մեծ քաղաքներում 13-14 հազար ծառայություն է գործում: Սահմանափակումների ներդրման արդյունքում լիցենզավորման գործընթացը կվերջանա, դա նաև ծառայությունների մատուցման որակի բարձրացման կբերի,-նշել է նա:

Վարորդների ատեստավորումն, ըստ Սահակյանի, ենթադրում է, որ վարորդը պետք է քննություն հանձնի, այնուհետ ստանա տաքսի վարելու լիցենզիա:

Անդրադառնալով նաև ԱՊՊԱ համակարգի գործունեությանը՝ միության նախագահը նշել է, որ համակարգի ներդրումից հետո երկրում վթարների թիվն ավելացել է, քանի որ մարդիկ սկսել են անպատասխանատվությամբ վերաբերվել երթևեկությանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը