Աշխարհ

26.02.2016 10:15


Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում այսօր՝ փետրվարի 26–ին, մեկնարկել են տասերորդ գումարման խորհրդարանի համընդհանուր ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 8:00-ին:

Քվեարկությանը կկարողանա մասնակցել ձայնի իրավունք ունեցող շուրջ 55 մլն իրանցի:

Իրանի խորհրդարանը՝ իսլամական խորհրդի Մեջլիսը, ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկության միջոցով: Այն թեկնածուները, որոնք ընտրությունների արդյունքներով ստանում են 25 տոկոսից ավելի ձայն, դառնում են Մեջլիսի պատգամավոր: Մնացածը շարունակում են պայքարը երկրորդ փուլում:

290 պատգամավորական տեղի համար կպայքարի մոտավորապես հինգ հազար թեկնածու: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը չորս տարի է:

Զուգահեռաբար՝ սկսվել են ԻԻՀ փորձագետների խորհրդի թվով 5-րդ կազմի ընտրությունները:

Փորձագետների խորհուրդը հատուկ պետական մարմին է, որն իրավունք ունի արտակարգ դեպքերում իր կազմից երկրի գերագույն առաջնորդ ընտրել: Այս պահին Իրանի գերագույն առաջնորդն այաթոլլա Ալի Համենեին է:

Փորձագետների խորհրդի կազմում 88 աստվածաբան է ներառված, որոնք տիրապետում են իսլամական իրավունքի գիտելիքներին: Այս պետական մարմնի լիազորությունների ժամկետը ութ տարի է, թեկնածուները 159–ն են։

Հիշեցնենք, որ Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին առաջադրված 9 իրանահայ թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ է հայտնել: Արդյունքում՝ 7 իրանահայ կպայքարի օրենքով հատկացված երկու տեղերի համար:

Պետական մարմինների ընտրություններն Իրանում այս տարի անցնում են նոր մթնոլորտում՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկումից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը