Մեկնաբանություն

19.02.2016 21:25


Լացացնում ես, Աղվա՛ն, լացացնում ես…

Լացացնում ես, Աղվա՛ն, լացացնում ես…

Իր տան խոհանոցում նստած թոշակառու Ջիվան պապը, որ ժամանակին ՀՅԴ կոմիտեության անդամ էր (չի հիշում՝ որ կոմիտեության անդամ էր, ուղղակի Անդրանիկ փաշայի խաթեր անդամագրվել էր), ռադիոյով լսում է ԱԺ ամբիոնից ՀՅԴ խմբակցության (չի հիշում՝ ինչ անդամ) Աղվան Վարդանյանի ելույթը:

- Արա՛, էս ի՞նչ ես ասում,- բորբոքվում է Ջիվան պապը:

«Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք: Անհրաժեշտությանը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից: Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի և մեր մոտեցումների ընդհանրությունը: Ուժերի մեկտեղումը այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ: Դժվար պահին բեռ վերցնելու կամքով: Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից»,-ասում է Ջիան պապի նախկին ընկեր Աղվանը:

Ջիվան պապը քթի տակ մի ուշունց է տալիս ու բարձր ասում. «Արա՛, էդ ի՞նչ դրականի մասին ես խոսում, էս ինչ մեծ-մեծ ես բրդում՝ յանի դժվար պահին եք բեռ վերցնում... Ո՞ր դժվար պահին, կուսակցության փողը պրծել ա՞…Էդ կարող ա դժվար պահ լինի, բայց էս օխտը տարի չտեսա՞ք, որ դժվար պահ ա, հիմա նո՞ր տեսաք ու գնացիք մտաք Սերժիկի թևի տակ: Բա էս ժողովրդին վաղը ի՞նչ եք ասելու, ձեզ ո՞վ ա հավատալու…Թո՛ւ, ձեր նամուսին…»։

Շարունակելով լսել Աղվան Վարդանյանին, որը դիմելով չգիտես՝ ում, հարցնում է. «Դուք ի՞նչ եք արել: Մի փուշ հանե՞լ եք այս ժողովրդի մատից»:

Էստեղ Ջիվան պապը կատաղում է ու գոռում. «Արա՛, մի հատ բան ցույց տուր, որ դու կամ մնացած դաշնակները էս ժողովրդի մատից փուշ են հանել…Արա՛, դուք հա էլ էս ժողովրդի վզին նստած տզրուկ եք էղել, հիմա դու ի՞նչ ես խոսում.. հմի ես հազար խնդիր ունեմ, դե արի մատիցս փուշը հանի…Կգա՞ս…Չե՛ս գա…Ա՛յ սենց մենակ լոպազ-լոպազ խոսացող եք էղել, արա՛…»

Ջիվան պապի թղթակից

Այս խորագրի վերջին նյութերը