Տնտեսական

19.02.2016 11:49


ԿԲ-ն կարող է նորից իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն կարող է նորից իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկը դրսից ու ներսից եկող գնաճային լրացուցիչ ճնշումների բացակայության պայմաններում դրամավարկային քաղաքականության թուլացման ռազմավարությունը կշարունակի ապագայում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Այսինքն` առաջիկայում սպասելու ենք դոլարի արժեվորման» դիտարկմանն ի պատասխան` ԿԲ ներկայացուցիչը նշեց.

«Մեր քաղաքականությունը նաև ուղղված է նրան, որ ֆինանսական շուկայում հնարավորինս ցնցումներ չլինեն: Այն, որ մենք գնաճային թույլ ճնշումների պարագայում ընդամենը 0.25 տոկոսային կետով իջեցրինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թելադրված է նաև այդ մտահոգություններով: Քանի որ մեր տնտեսությունը բավականին դոլարացված է, դրա համար մեր բնակչության մոտ կան սպասումներ: Դեռևս բարձր են սպասումները դրամի արժեզրկման ու գնաճի ուղղությամբ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության ցանկացած թուլացում և դրամի գնի կրճատումը տանում է դոլարայնացման աճի»:

Սրանով է պայմանավորված այն, որ ազատ դրամային ռեսուրսներ ունենալու պարագայում ոչ միայն անհատ քաղաքացիները, նաև՝ իրավաբանական անձինք, այդ թվում` բանկերը, դրամը վեր են ածում դոլարի, ու շուկայում դրամի արժեզրկման ճնշումը մեծանում է:

«Մենք շատ զգուշավոր ենք, քանի որ դրամի արժեզրկումն իր հետևից բերում է նոր բացասական հետևանքներ, մեր քաղաքականությունը փորձում ենք իրականացնել` ապահովելով և գների կայունություն, և ֆինանսական կայունություն»,-հավելել է պաշտոնյան:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը