Լրահոս

28.11.2009 15:34


Արտաշես Գեղամյանի համար անակնկալ էր ՀՀԿ համագումարին ողջույնի խոսքով հանդես գալը

Արտաշես Գեղամյանի համար անակնկալ էր ՀՀԿ համագումարին ողջույնի խոսքով հանդես գալը

ՀՀԿ 12-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես էին եկել «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը, ՕԵկ նախագահ Արթուր Բաղդասարյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։ Նրանց ելույթից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև վարում էր համագումարը, ողջույնի խոսքը փոխանցել է ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին, ինչը վերջինիս համար անակնկալ էր։

Ողջունելով համագումարին ներկա պատվիրակներին և հրավիրվածներին՝ Ա. Գեղամյանն ասել է. «Ինձ համար անակնկալ էր, որ պետք է ողջույնի խոսքով հանդես գայի բառիս իսկական իմաստով ճակատագրական հանդիսացող համագումարում։ Ճակատագրական, որովհետև, հիրավի, անցած գոնե մեկ ու կես տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր նորագույն պատմության ամենաբախտորոշ ու ամենավճռական փուլը, և այդ բախտորոշությունը և վճռականությունն, ըստ իս, պայմանավորված են աննախադեպ նախաձեռնողական քաղաքականությամբ, որը դրսևորվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Երբեք ու երբեք ՀՀ-ն՝ լինի առաջինը, երկրորդը, թե գործողը, չի եղել համայն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Իսկ եթե անգամ հիշատակվել է, ապա հիշատակվել է ողբերգական էջերով պայմանավորված, որը 20-րդ դարասկզբին ցնցեց ողջ մարդկությանը։ Այս պահին, բնականաբար, յուրաքանչյուր պատասխանատու հայրենասիրական, քաղաքական ուժ պետք է հաշիվ տա ոչ թե այն մասին, թե ինչ սպասելիք ունի երկրի Հանրապետական կուսակցությունից, այլ ինչ տալու ունի ՀՀ-ին ու իշխող ուժին։ «Ազգային Միաբանություն» կուսակցությունը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել ո՛չ Հանրապետական կուսակցության, ո՛չ որևէ այլ կուսակցության հետ իր 12-ամյա պատմության ընթացքում։ Մենք ստորագրել ենք հիմնական փաստաթուղթը՝ հավատարիմ լինել ՀՀ-ին, ՀՀ իշխանություններին այնքան ժամանակ, որքան նրանք կանգնած են հայոց պետականության թիկունքին և պաշտպանում են հայոց պետականությունը։ Ահա դա էր պատճառը, որ դեռ նախանցած տարի՝ սկսած սեպտեմբերի 21-ից, երբ արդեն նոր քաղաքական իրավիճակ էր ձևավորվում ՀՀ-ում, «Ազգային Միաբանություն» կուսակցությունն անվարան կերպով, սթափ գիտակցելով սեփական հնարավորությունները գալիք նախագահական ընտրություններում, որոշում է կայացրել սատարել Սերժ Սարգսյանին։ Չե՛ն հրապարակել դա, թեև ապացույցը մեկն էր, որ ամենասկզբից մինչև օրս էլ մենք կրակը վերցրել ենք մեզ վրա՝ առանց ամպագոռգոռ խոսքեր, ճառեր արտասանելու։ Վերցրել ենք գիտակցաբար, որովհետև տվյալ պարագայում կանգնած ենք եղել հայոց պետականության թիկունքին։

Բայց Գեղամյանը Գեղամյան չի լինի, եթե ինչ-որ մի դառը բան չասի։ Ես այսօր շատ և շատ կցանկանայի այս դահլիճում տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես շատ կցանկանայի այստեղից տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ մենք աշխարհի առաջ հանդես գայինք որպես միասնական մի ուժ, որ բոլոր տեսակի ներքին, ճղճիմ, ավելի շատ ոչ թե ի խորոց սրտի, այլ գիտակցաբար պայմանավորված տարաձայնությունները մի կողմ է շպրտում, և ՀՀ-ն թևակոխում է իր նորագույն պատմության ամենալուսավոր էջը»։

Վերջում նա իր խոսքը եզրափակել է՝ ընդօրինակելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին՝ ասելով. «Առա՛ջ, Հայաստա՛ն»։ Սակայն Արամ Սաֆարյանն ասել էր. «Առա՛ջ, Հայաստա՛ն. միասին կառուցենք բարգավաճ Հայաստան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը