Մեկնաբանություն

16.02.2016 00:05


Ուորլիքի «կանչը»

Ուորլիքի «կանչը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս Ուորլիքը պարբերաբար հանդես է գալիս Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված տեսակետներով՝ պնդելով, որ պետք է «օկուպացված տարածքները վերադարձնել Ադրբեջանին»։

Տպավորությունն այնպիսին է, որ կա ինչ–որ պարբերաշրջան, և ամեն անգամ այդ պարբերաշրջանի սկզբում կամ վերջում պետք է, պատկերավոր ասած, կկուն կանչի, այն է՝ Ուորլիքը պետք է խոսի «օկուպացված տարածքների վերադարձից»՝ հպանցիկ և լղոզված ձևով անդրադառնալով նաև ԼՂՀ կարգավիճակի հստակեցման հարցին։

Դեսպանի այս ձևակերպումներին պաշտոնական Երևանը որևէ մակարդակով երբեք չի անդրադարձել։ Դա, իհարկե, սխալ է, բայց դե, «նախաձեռնողականությունն» այլ բան չի էլ ենթադրում, մանավանդ որ ՀՀԿ ղեկավարն ինքն է հաճախ այդ նույն տեսակետները հնչեցրել։

Ադրբեջանում, օրինակ, մշտապես արձագանքում են Ուորլիքի կամ այլ գործչի նմանատիպ հայտարարություններին ու իրենց մասով ցույց տալիս դժգոհություն։ Արդյունքում ստացվում է, որ համանախագահողները և ընդհանրապես «միջազգային հանրություն» կոչվածը պետք է փորձեն համոզել ադրբեջանական կողմին, քանզի պաշտոնական Երևանը դրսի ուժերին մշտապես «այո» է ասում՝ երևի այն հույսով, որ Ալիևը կասի «ոչ»։ Այսինքն՝ հույսները Ալիևի վրա է, ու այս անգամ էլ լռություն կլինի։

Հարկ է, սակայն, նկատել, որ Ռուսաստան–Արևմուտք պատժամիջոցային պատերազմի ու միջազգային ասպարեզում մրցակցության սրման, ռուս–թուրքական աճող լարվածության և Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ փետրվարի 18–ին Ադրբեջան սպասվող այցելության համապատկերին Ուորլիքի հարցազրույցը «Թուրանին» և բարձրաձայնվող գնահատականներն այլ երանգ են ստանում։

Դա նշանակում է, որ պաշտոնական Երևանն այս անգամ պետք է որևէ մակարդակով արձագանքի։ Բայց դե, նման հարցերին անդրադառնալու ժամանակ չկա, քանի որ պաշտոնների հարց է որոշվում։ Իսկ դա ներկայիս հայաստանյան վերնախավի համար ավելի կարևոր է, քան ցանկացած այլ հարց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը