Մեկնաբանություն

14.02.2016 17:35


2009թ.՝ «Կեցցե՛ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը», 2016թ.՝ «Կորչի՛ (գոնե այս պահին) «Ֆուտբոլային» դիվանագիտությունը»

2009թ.՝ «Կեցցե՛ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը», 2016թ.՝ «Կորչի՛ (գոնե այս պահին) «Ֆուտբոլային» դիվանագիտությունը»

Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ հայտարարվում էր, թե Թուրքիայի հետ սահմանը չբացելով՝ Հայաստանը զարգանալու հնարավորություն չի ստանա, հետևաբար պետք է վճարել այն գինը, որը պահանջվում է Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

ՀՀԿ ղեկավարն ու Բ26–ին կցված «թուրքագետները», «Չերեզ Թուրքիա ինտեգրվենք Արևմուտքին» ոճի քարոզ տանողները, «անկախ» փորձագետներն ու լրատվական դաշտի դիշովկեքը նմանատիպ քարոզ էին տանում։ Հետո ծնվեցին հայ–թուրքական արձանագրությունները (մեր «ջերմագին» ողջույնները կոալիցիոն քիրվայության պատրաստվող ՀՅԴականներին), որոնց առաջին զոհը դարձան Էդ. Նալբանդյանի անմեղ այտերը։

Թե ինչով ավարտվեց «Ֆուտբոլային» այդ պատմությունը, հիշեցնելու կարիք չկա։ Ուշագրավ է, որ հիմա Սարգսյանի մոտ լրիվ այլ «հոգեվիճակ» է։

«Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերություններն այդ պատճառով չեն։ ... Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: ... Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու։ Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»,– երկու օր առաջ հայտարարել է Սարգսյանը:

Սա մոտավորապես այն է, ինչ ասում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ եթե Թուրքիան իր սահմանը չբացի, ապա Հայաստանը, պատկերավոր ասած, կարող է հարյուր տարի էլ այդ փակ սահմանի առկայությամբ զարգանալ (Օսկանյանը դա ասել էր այն դեպքի համար, երբ սահմանը կլինի փակ՝ ցույց տալով, որ մեր զարգացումը դրանով պայմանավորելը սխալ է, և ներքին խնդիրները բացարձակապես կապ չունեն փակ սահմանի հետ

Իշխանությունները քիրվայության բուռն շրջանում դաժան քննադատության էին ենթարկում Օսկանյանի այդ թեզը, բայց դա ոչ թե նրանց սկզբունքային մոտեցումն էր, այլ Սարգսյանի ընդդիմախոսի դեմ քարոզչություն տանելու ձև։

Հիմա Սարգսյանը գրեթե նույն բանն է հայտարարում, ինչ Օսկանյանը, բայց ասել, որ դա արդեն ՀՀԿ ղեկավարի մոտ արմատավորված մտածողություն է, սխալ կլինի։ Պարզապես հիմա նպատակահարմար է այդ կոդով խոսելը, քանզի այդ կոդն է հաղթել ու պարտվել է «ֆուտբոլային» կոդը։ Ասել է թե՝ Բ26–ում տեղի է ունեցել «օրվա կուրսի» փոփոխություն։ Պարզապես դա այնպես է մատուցվում, կարծես հարյուր տարի այդպես են մտածել ու գործել։

Կասկածից վեր է, որ նույն մարդը կարող է վաղն այլ բան ասել։ Ու պետական շահերն այդ ամենի հետ որևէ կապ չեն ունենա։

2008–ի ներքաղաքական իրավիճակից ու մթնոլորտից ելնելով՝ Սարգսյանը սկսեց «Ֆուտբոլային» քաղաքականություն վարել՝ իր ընդդիմախոսներից խլելով, այսպես կոչված, քիրվայական դրոշը։ Դա նրան օգնեց աթոռը պահել, բայց հարվածի տակ հայտնվեց Հայաստանը։

Ժամանակը ցույց տվեց, որ «նախաձեռնողականությունը», մեղմ ասած, օգտակար չէր, և ճիշտ էին բոլոր նրանք, ովքեր զգուշացնում էին սպասվող վտանգների մասին ու խորհուրդ տալիս չտանել ՀՀ–ն պարտության ճանապարհով։

Հիմա «սրբագրելով» ու «խմբագրելով» քիրվայական հռետորաբանությունը՝ փորձ է արվում ներկայանալ նոր իմիջով, ինչը լուրջ չէ, քանզի գործ ունենք կայուն սկզբունքների ու գաղափարների բացակայության հետ։

Մի բան էլ հիշեցնենք ու թեման փակենք։

Երկու օր առաջ Սարգսյանը հայտարարեց. «Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում»։

Հիշեցնենք, որ նույն Սարգսյանը 2009–ին հայտարարում էր, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե լինեն հայթուրքական բաց սահմաններ, կամ մենք լինենք բացման նախաշեմին։ Այդ խոսքերից հետո նա մեկնեց Թուրքիա, բայց ոչ սահմաններն էին բաց, ոչ էլ բացման նախաշեմին էինք։ Այս պահին էլ առաջընթացի հնարավորություն չկա. սա արդեն Սարգսյանի հիմիկվա տեսակետն է։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եք ինքներդ գնահատել սարգսյանական մտքերի հետևողականությունն ու նրա մտածողությունը, նաև՝ խոսքի արժեքն ու արտաքին քաղաքական ոլորտում նրա՝ հաշվարկներ անելու կարողությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը