Մեկնաբանություն

14.02.2016 10:14


Ետնամուտքի ճերմակ դուռը՝ վտանգավոր ապագայի խորհրդանիշ

Ետնամուտքի ճերմակ դուռը՝ վտանգավոր ապագայի խորհրդանիշ

Եթե ունենայինք տաղանդավոր ու համարձակ մի բեմադրիչ՝ նա անպայման կբեմադրեր Փետրվարի 12-ին Բաղրամյան 26-ում հավաքված հասարակական-քաղաքական «էլիտայի» փախուստը նույն այդ շենքից:

Ես հետեւում էի «Ազատության» ուղիղ եթերին ու ապշած էի Բաղրամյան 26-ի ետնամուտքի ինչ-որ տարածքում բացվող ու փակվող ճերմակ դռանը նայելով:

Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո ինչու էին փախչում ներկաները: Զարմացած էի ես: Իսկ այդ ճերմակ դռան մոտ «դիրքավորված» լրագրողները փորձում էին ինչ-որ «կարեւոր ու հայտնի» դեմքի կալմեջ անել ու նրան հարցնել, թե ինչ հարցեր քննարկվեցին:

ՀՀԿ-ականները միաբերան պնդեցին, որ հարցեր չեն քննարկվել. պարզապես «նախագահի ելույթն ենք լսել, որը քիչ հետո կհրապարակվի, եւ բոլորդ կկարդաք»:

Սա ասելով՝ փախչում էին դեպի իրենց «պադավատների» ուղղությամբ: Միայն Հրանուշ Հակոբյանը մի քիչ «գաղտնազերծեց» այդ ելույթի «գաղափարական մեխերը»՝ ոգեշնչված բոլորիս տեղեկացնելով, թե հատկապես ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը:

«... որ պետք է այսուհետեւ բոլորս ավելի արդյունավետ աշխատենք, որ պետք է երիտասարդներին տեղ տանք, որ պետք էՆախագահն ասաց, որ կա հայ ժողովուրդ եւ Հայաստան, եւ այս արժեքներն են կարեւոր…»: Այսպես, հախուռն, ինքնամոռաց իր նախագահի ելույթն էր փորձում հիշել Սփյուռքի նախարարը:

Մնացածն, ինչպես նշեցինք, համարյա փախչելու պես հեռացան՝ ետնամուտքի ճերմակ դուռը բացելուց հետո (վստահաբար, նրանք գիտեին, որ այդ դռան ետեւում իրենց լրագրողներ են սպասում, եւ դռնից դուրս էին թռչում այնպես, որ ոչ ոք իրենց հարց չտա): Ինչո՞ւ:

Շարունակում էի զարմանալ: Բայց պատասխանը պարզ էր հենց սկզբից: Եթե երկրի առաջին դեմքը լուրջ ու իրական ինչ-որ բան ասած լիներ, ինչին կհավատար հանրությունը (որի համար, ի դեպ, լրիվ միեւնույն էր, թե ինչ հավաք է պալատում, ովքեր են հավաքվել, ինչի համար, եւ, որ ամենակարեւորն է՝ հանրությունը միանգամայն անտարբեր էր սպասվելիք ելույթի նկատմամբ), ապա ետնամուտքի ճերմակ դռնից դուրս եկողները ոչ թե կփորձեին ճողոպրել ու հասնել իրենց բաղձալի պատսպարան-«պադավատին», այլ ինքնավստահ կկանգնեին նկարահանող խմբերի առաջ եւ գոնե մի քանի նախադասությամբ կներկայացնեին իրենց նախագահի ելույթից ըմբռնած ինչ-որ մի բան:

Բայց ի՞նչը ներկայացնեին, երբ այդ ամենի մասին արդեն 7 տարի լսում են իրենք եւ մենք ՀՀԿ համագումարների ամբիոնից: Բառացիորեն նույն բանը՝ «պետք է», «անհրաժեշտ է», «պետք է», «անհրաժեշտ է»….

Սա հավատ չի ներշնչում, այլ միայն թերահավատություն, եւ «Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ»՝ Սերժ Սարգսյանի պնդումը դառնում է անհիմն, քանզի ետնամուտքի ճերմակ դռնից փախչում էին նույն այդ իշխանության մեջ գտնվողները:

Այդ հեքիաթներից մինչեւ կոկորդը կուշտ է ժողովուրդը: Մարդը ապառնի ժամանակով 7 տարի խոսում է ու հիմա էլ նույնը խոստանում է սահմանադրական «բարեփոխումների կենսագործման» շրջանակներում:

Ո՞ր հիմքով, կամ ի՞նչ հիմքի վրա է կառուցելու այն ամենը, ինչի մասին խոսում ու խոստանում է: Երբ բոլոր ոլորտներում ձախողումներ են, կոռուպցիա ու անօրինություն, այդ ի՞նչ հիմքի վրա է խոստումներ տալիս:

Սահմանադրություն փոխելով երկիրը չի բարեփոխվելու: Անկախ հանգամանքից՝ քաղաքական կամ կառավարման կայությունը կպահպանվի, թե ոչ: Մի բան, ինչի մասին արդեն 7 տարի երազում է ՀՀԿ ղեկավարը:

Կայուն ճահիճը իր նախագահության շրջանում հիմնականում պահպանվել է: Բայց ի՞նչ է փոխվել: Դեպի վատը՝ ամեն ինչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը