Մեկնաբանություն

12.02.2016 17:00


Ելույթս գաղտնի թող մնա

Ելույթս գաղտնի թող մնա

Մի տեղ մարդը քնում է, մի տեղ՝ կենաց ասում, մեկ այլ տեղում՝ առանց թղթի շփոթահար բացահայտում է սեփական մտահորիզոնը (թարս բուսած խիյարի մասին): Ու այս ամենը ջանադրաբար հերքվում է:

7 տարվա մեջ երկու ասուլիսները խնամքով ընտրված շատ փոքրաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ևս «նոու-հաու» են հանրության համար, որը միայն հաջորրդ օրն է իմանում այդ մասին:

Լավ, հիմա՞ ինչ է պատահել: Չէ՞ որ խոսքը հասարակական-քաղաքական ողջ անպիտան «էլիտային» Բաղրամյան 26-ում հավաքելու եւ նոր Սահմանադրության կենսագործման վերաբերյալ ելույթի մասին է:

Ինչո՞ւ պետք է այդ մասին նախ Բաղրամյան 26-ի «պասով» խեղաթյուրված տեղեկություններ հրապարակեն «անկախ» լրատվամիջոցները, եւ հետո միայն Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը հստակեցնի, պարզաբանի եւ բացահայտի այդ հանդիպման մանրամասները: Մարազմը ուր կարող է հասնել:

Նախահագականի կայքը կարող էր նշված հանդիպման մասին կոնկրետ տեղեկություն տարածել: Եթե խոսքն իսկապես սահմանադրական «բարեփոխումների» կենսագործմանն է վերաբերում:

Ի՞նչ է՝ դա է՞լ եք գաղտնի պահում հանրությունից եւ ընտրում «խորդուբորդ» ճանապարհը՝ «Թող մի հատ լրատվամիջոցները էդ մասին գրեն՝ ՀՅԴ-ին ոգեշնչելու մոտիվով, հետո կասենք, թե իրականում ինչն ինչից հետո է» մտայնությամբ:

Չեմ հասկանում՝ էդ պալատը բանսարկուների ու մուտիլովշիկների արտադրամա՞ս է, թե՞ պետական ինստիտուտ:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդից գաղտնի է պահում իր յուրաքանչյուր քայլ ու որոշում, ինչպես նաև դրանց մասին տեղեկացնելու համար դիմում է նման էժան մեթոդի: Չնայած, չհասկանալու բան չկա. միշտ էլ այդպես է եղել: Թող ՀՅԴ-ն մտածի, թե իր քթից բռնած՝ ինչքան իրեն խաղացրեց ՀՀԿ ղեկավարը (ինչի մասին, ի դեպ, ես ավելի վաղ գրել էի, որ դեռ մի քանի ամիս ՀՅԴ-ին տանջելու է): Բայց եթե ՀՅԴ–ին դա ձեռնտու է, ապա, ինչպես ասում են, հասնում է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը