Մեկնաբանություն

11.02.2016 20:50


Փչի՜ր, Գավրիլա

Փչի՜ր, Գավրիլա

Երկրում, որտեղ առաջին դեմքն ասում է՝ ինչքան ուզենք՝ էնքան տոկոս կխփենք, նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի «բարեփոխումը»: Ով ասես որ չի խոսում այդ մասին:

Ինչքան հոդաբաշխ նախադասություն կազմող ՀՀԿ-ական կա՝ արդեն խոսել է ԸՕ-ն «բարեփոխելու» մասին (դե՛, ինչպես Սահմանադրությունը փոխեցին, էլի՛): Բայց ոչ ոք հոդաբաշխ կերպով չի բացատրում, թե ինչ բան է էլեկտրոնային քվեարկությունը: Սակայն շեֆին քծնելու համար հայտարարում են, որ քննակում են էլեկտրոնային քվեարկության տարբերակը: Իսկ թե ինչ է դա կամ ինչով է դա ուտվում, այդ մասին ոչ մի խոսք:

Հերթը հասավ Սարգսյանի համար նոր Սահմանադրություն գրող Հրայր Թոմվասյանին։

«Էլեկտրոնային համակարգն իր հերթին կոչված է ապահովելու վստահության բարձրացումը: Այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում. այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները: Այդ համակարգերն անձեռնմխելի են. ոչ ոք չի կարող այդ համակարգերին մուտք գործել և ինչ-որ բան փոխել»,- հայտարարել է Հրայր Թովմասյանը:

Մարդը էս գլխից փչում է («Փչի՜ր, Գավրիլա»):

Դե, բարբառային լեզվով ասած՝ Հրայրը թլոզելու մեծ վարպետ է, որն, իբր, անգիր գիտի միջազգային ընտրական փորձը, բայց հիմա ակնարկում է ՀՀ-ի կողմից միջազգային կառույցներին հատուկ պատվեր տալու մասին:

Էդ ո՞ր միջազգային կառույցն է զբաղվելու հատուկ ՀՀ-ի ընտրական համակարգով, երբ այն կա եւ տարբեր երկրներում գործել է ու գործում է:

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները հատուկ պետք է պատվե՞ր տան միջազգային կառույցներին մեզ համար հատուկ էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար: Երբ կա եվրոպական փորձը, ինչից կարող է օգտվել ՀՀ-ն:

Իրականում այս ամենը բլեֆ է, քանի որ ինչ ընտրական համակարգ էլ մոգոնեն ու ներդնեն՝ Սերժ Սարգսյանն էլի տոկոս է խփելու: Եթե նա ու իր նեղ թիմն են մնալու, ապա ընտրական համակարգի նկատմամբ հանրության անվստահությունն ինչպես եղել է, անպես էլ մնալու է: Անգամ մեզ «զարմացնելու» համար ներդրվող էլեկտրոնային քվեարկության դեպքում: Գործող իշխանությունն ունակ է սողոսկել բոլոր տարածությունները՝ ուզած տոկոսը խփելու համար: Բայց եթե հանրությունն իր քաղաքական ներկայացուցիչն ունենա, և տեղի ունենա լայն քաղաքական համախմբում, ապա կարելի է ջարդել «տոկոս խփող» մեքենան։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը