Մեկնաբանություն

10.02.2016 18:20


«Մարդակենտրոն ռեմոնտը» սկսվել է

«Մարդակենտրոն ռեմոնտը» սկսվել է

Երկիրը խառն է: Նման այն տանը, որի «տանտերը» հանկարծ քնից զարթնում է ու որոշում, որ պետք է «ռեմոնտ սկսեն»: Տնեցիներն էլ նրա բուռն էնտուզիազմը տեսնելով՝ վախից այս ու այն կողմ են փախչում. դե, ինչ իմանաս, կարող է միանգամից բանվորներին բերի ու տա հիմնապատը փլի:

Մի խոսքով, Հայաստանը թեւակոխում է «սահմանադրական բարեփոխումների» կիրառման գործնական փուլ: Էս դեսպանին հանում են, տանում են ուրիշ երկիր, էն մեկելին դնում են նրա տեղը, էն գիմնազիստուհու մուրազը փորում են թողնում: Բայց ամենակարեւորը՝ ՀՀԿ-ՀՅԴ «շուկայական» համագործակցության մասին համաձայնագիր է կնքվում: Ինչից կիսասթրեսային վիճակի մեջ է հայտնվել Աշոտյանը, որը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին տեղեկություններին՝ երկու անգամ շեշտել է «պատմական պահ» բառակապակցությունը: Դե, ինքը համարյա Նապոլեոնն է, որին Հռոմի պապի կողմից կայսր օծելու արարողությունն է համարվել «պատմական պահ»: Ինչպես նաեւ այդպես են բնորոշել մարդկության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր տեսակի պատերազմների ելքը:

Այնպես որ, ինքը Աշոտյանն ի՞նչ պակաս «պատմական դեմք» է, որ իր հետ կապված ցանկացած պահ «պատմական» չբնորոշի:

Իսկ մեր կարծիքով իրապես տեղի ունեցած «պատմական պահն» արդեն անցել է, երբ Բաղրամյան պողոտայում Աշոտյանին մի 20 րոպե «ս» էին անում: Ինչեւէ:

Երջանկության արցունքներ են երեւում ՀՅԴ վերնախավի աչքերում: Աշոտյանին ԿԳ նախարարի պաշտոնում, ըստ տեղեկությունների, փոխարինելու է իրենց ընկերը՝ Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ-ում կադրերի սով է. նույն մարդկանց հավերժորեն առաջարկում են նույն պաշտոնին):

Մի քանի ժամից հնարավոր է՝ այս տեղեկություններն արդեն հնանան, եւ տարածվեն նորերը: Ասեցինք, չէ՞, երկիրը թեւակոխել է «սահմանադրական բարեփոխումների» կիրառման գործնական փուլ: Այն է՝ «տան» քանդուքարափությունն սկսվել է, եւ արդեն լիքը շինարարական աղբ է կուտակվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը