Լրահոս

27.11.2009 16:49


Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ. «Համագործակցության մասին խոսք լինել չի կարող»

Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ. «Համագործակցության մասին խոսք լինել չի կարող»

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ Դավիթ Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ իրենք մտածում են վատթարագույնը, և կարծում են, որ 2010թ. հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում գործ են ունենալու կեղծիքի մեքենայի հետ, սակայն նաև պատրաստակամ են մինչև վերջ պայքարելով՝ հաղթանակ ապահովել, այն հաղթանակը, որը, Դ. Մաթևոսյանի համոզմամբ, ազատ մրցակցության և ընտրության պարագայում անկասկած կլիներ։

Իսկ թե ո՞վ է այդ կեղծիքի մեքենան գործի դնողը, և թե իշխանությունները ո՞ր թեկնածուի վրա են խաղադրույք կատարել կամ կատարելու, Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորված Դ. Մաթևոսյանին բացարձակապես չի հետաքրքրում։

Այն տեսակետի կապակցությամբ էլ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի պատգամավոր, ապա դա Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցության արդյունքը կլինի, Դ. Մաթևոսյանը նախ ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության կոչ չի արել, իսկ հետո նաև հավելել.

-Դա չի կարող լինել համագործակցության արդյունք։ Ընդհանրապես համագործակցության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ մյուս 14 քաղբանտարկյալները, բացի Նիկոլ Փաշինյանից, անազատության մեջ են։ Ես խնդրում եմ՝ Նիկոլ Փաշինյանին մի՛ նայեք որպես թեկնածություն առաջադրած քաղբանտարկյալի, այլ նայեք ուղղակի որպես քաղբանտարկյալի։

Ի դեպ, Դ. Մաթևոսյանը նաև նշել է, որ պատրաստ է բանավիճել կեղծիքի մեքենայի հովանավորի հետ միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը