Հարցազրույց

07.10.2010 18:45


Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյան

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

-Ինչո՞վ եք պայմանավորում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրումը՝ հատկապես հաշվի առնելով նրա անցած կուսակցական ուղին։ Այսինքն այն, որ այլ կուսակցությունում է եղել, «Օրինաց երկրից» հեռացավ, երբ որ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ։

-Ո՛չ, դու սխալվում ես։ Նա ընդդիմություն դառնալուց չի հեռացել, նա ընդամենը ասել է, որ, այո՛, իմ ճակատին գրված է օրինաց երկիր, նրա տղամարդկային պահվածքը եղել է, երբ որ անցել է ընդդիմադիր։ դաշտ։ Իսկ այդ ժամանակ շատ մարդիկ, ովքեր պետք է լինեին, նրանք թողել-հեռացել են։ Բայց նա ընդմիշտ կանգնել է այնտեղ, մինչև վերջ։

-Իսկ այս փոփոխության բուն պատճառը ո՞րն է։

-Բուն պատճառն այն է, որ մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, լիարժեք՝ հօգուտ մեր ծրագրերի, մեր աշխատանքի։ Արևիկ Պետրոսյանի աշխատանքի առումով ես բան չունեմ ասելու։ Նա շատ գրագետ, պատրաստված է։ Բայց կուսակցական աշխատանքներով, Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արևիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին կրեր և կուսակցության անունից որևէ ծրագրերի և մեր նախաձեռնությունների մասին խոսեր։ Այդքան խնդիր է եղել, որը ընդհանուր որոշել ենք, և իր համաձայնությամբ այդ հարցերը կարգավորել ենք։

-Արևիկ Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու հարց կարո՞ղ է առաջանալ։

-Ոչ, այդպիսի խնդիր չկա, նա մնալու է որպես պատգամավոր, նրան առաջարկվել են նաև ուրիշ բաներ, համապատասխան մենք կնայենք՝ ոնց լինի, իր համար ավելի լավ, իր համաձայնությամբ, այդպես էլ կանենք։ Ինքը մեր թիմակիցն է, մեր կուսակից անդամն է։

-Բայց Արևիկ Պետրոսյանն ասում էր, որ ԱԺ ամբիոնը կուսակցական հարցեր բարձրացնելու համար չէ։

-Հիմա դու է՞լ ես այդպես ասում՝ որպես լրագրող։ Բա խորհրդարանն ինչի՞ համար է, եթե քաղաքական հարցեր բարձրացնելու համար չէ։ Ասա՛։

-Ի՛նքն է այդպես ասել։

-Ինքն է այդպես ասել, դու էլ ուրեմն խելք ունեցի ու այդ հարցն ինձ մի տուր։ Ուրիշ։

-Բալասանյանից բացի, ուրիշ արժանի թեկնածուներ չունեի՞ք կուսակցությունում։

-Մենք թեկնածուներ շատ ունեինք, դուք մեզանից լավ գիտեիք, 4-ի անունը տալիս էիք մեզնից ավելի շուտ։ Բայց որոշեցինք, որ Բալասանյանը։ Սաֆարյանն էր, Նաիրան էր և պարոն Բոստանջյանը։ 3-ն էլ հրաժարվել են, և մնացել է պարոն Բալասանյանը։

-Բայց ձեր կադրերի հետ մի քիչ դաժա՞ն չեք վարվում։ Օրինակ, նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանին ազատեցիք, հիմա ինչ վիճակում է...

-Ուրեմն Պետրոսյանը կյանքում չէր կարող պատկերացնել, որ կարող է նախարար դառնալ։

-Բա ինչո՞ւ նշանակեցիք։

-Որովհետև ինքն էր միակ մասնագետը, երիտասարդ կադր, որը շատ պատրաստված էր, շատ գրագետ։ Համապատասխան, որ ինքը կարող է աշխատել, այդ հնարավորությունը մենք իրեն ընձեռեցինք։ Բայց տեսնելով, որ եթե ինքը լիարժեք չի կարողանում աշխատել, դա չի նշանակում, որ պետք է նա իրեն լավ զգա, բայց ամբողջ 3 մլն ժողովուրդը տանջվի։ Այդպես պետք է վերաբերվեն բոլոր ոլորտներում համապատասխան մարդկանց, ովքեր որ ժողովրդի կողմից ընտրվել են և պաշտոնին են անցնում։ Պետք է ինքը մտածի ամբողջ այդ ժողովրդի համար, ոչ թե իր անձնականի մասին։ Անձնականի համար թող գնա սեփական բիզնես դնի, ուր հաջողությունն էլ, անհաջողությունն էլ իրենն է։ Բոլորս պետք է այդպես մոտենանք։ Ով չի կարողանում, ով չի տիրապետում աշխատանքին... Ինքն էլ զգուշացվել է ու շատ գոհ, շնորհակալ... Այդպիսի բան չկա, որ մարդուն նեղացնենք։ Մենք աշխատողին գնահատում ենք, պարգևատրում ենք, մեծարում ենք և բոլոր ճանապարհներն իր համար բաց են։

-Իսկ Ձյուդոյի ֆեդերացիայի շուրջ բարձրացած աղմուկի մասի՞ն ինչ կասեք։

-Այսօր բոլորդ հեռուստաալիքներով կնայեք, որ ձյուդոյի բոլոր մասնակիցները Ծառուկյանին դիմել են լսելու, ես էլ Ալիկին (Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյան-Ա.Մ) դրել եմ մի կողմ, ամբողջ դիմողներին, ֆեդերացիային՝ մյուս կողմը։ Հարցուպատասխան է։ Ալիկը ծախել է կիմանոներ աշակերտներին, որ դրանք պետք է ինքը բաժաներ։ Ալիկը տատամին, որ մենք առնում-բերում ենք, հասանելիքը վաճառել է անհատ մարդու, որ էդ մարդու տանը դրած է։ Ալիկը ծնողներից գումարներ է վերցրել, որ այդ գումարները Օլիմպիական կոմիտեից հանձնել ենք ծնողներին։ Պետությունն այդ գումարները տրամադրում է, մոտավորապես ինքն ունի 87մլն բյուջե, ինչը Օլիմպիական կոմիտեի նախագահ լինելուց մինչև վերջ այդպիսի բաներ չի եղել։ Նա հարցերի պատասխանը չի կարողացել տալ, ամբողջ անձնակազմը, որը դեմ է քվեարկել, որ այսօր միջազգային աշխարհի ֆեդերացիայի նախագահն էլ է գալու՝ տեսնելու, թե ինչ է կատարվել։ Այսօր ես սպորտում այդպիսի խնդիր չունեմ։ Սպորտն այսօր դուք տեսնում եք, ամենազարգացող ոլորտն է և մենք խնդիր ունենք աշխարհին ճանաչեցնել տալու, ցույց տալու մեր պահվածքը, մեր աշխատանքը, մեր արդյունքը, որը մենք սպորտով դա անում ենք։ Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, կարողանանք մեր սպորտսմեններին, մարզիկներին, մեր պատանիներին պատրաստել, որովհետև վաղվա մեր չեմպիոնները մեր մանուկներն են, իսկ պարոն Ծառուկյանն այսօր բոլոր հարցերով պատրաստ է այդ բոլոր մանուկներին ուշադրություն ընձեռի. թոշակներն ենք տալիս, տներ ենք տալիս, որ նրանց սրտները տաք լինի, կարողանան պարապել, մեր երկրի պատիվը բարձր պահել։ Ինչպես եղավ, որ 20 տարի մենք չունեինք, իսկ հիմա Թուրքիայում դրոշը բարձրացավ, հիմնը հնչեց, երկրորդն էլ պետք է վերցնեինք, երևի էդ էլ թուրքերի նաֆսից էր, որը չստացվեց։

-Ձեր հեռուստաընկերությունն արդեն 4 օր է, չի աշխատում։ Ո՞րն է պատճառը։

-Կայծակից էր, հիմա սարքում են, մեկ ժամից կլինի, և բոլորիդ խնդրում եմ, որ մեկ ժամից բոլոր հեռուստաալիքներով նայեք Ալիկի հետ կապված դեպքը, որ ամբողջ ձյուդոյի անձնակազմը մի կողմում է նստած, ինքը՝ մյուս կողմում։ Ասել եմ՝ հարցը տվեք, բողոքը գրեք, Ալիկը թող պատասխանի։ Չի՞ կարող պատասխանել, ինքը գործ չունի սպորտի հետ։

-«Ակցիզային հարկի մասին» օրենքին ձեր խմբակցության մեծամասնությունը կամ չքվեարկեց կամ դեմ քվեարկեց։

-Մեր բոլոր պատգամավորներին տված են արտոնություններ, որ իրենք իրենց իրավունք են վերապահում  քվեարկություն կատարեն։ Նրանք ոնց կատարել են, ճիշտ էլ կատարել են, իրենք նայելով, ծանոթանալով՝ համապատասխան քայլն են կատարել։

-Այդ օրինագծի մասին ձեր անձնական կարծիքը ո՞րն է։

-Ես չեմ ծանոթացել, չգիտեմ։

-Բանակում գրացված վերջին դեպքերն ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ վատ։ Համապատասխան հանձնաժողով պետք է նշանակվի, աշխատանքներ պետք է կատարի։ Այսօր մեր կարևորագույն մեջքը բանակն է, բանակում պետք է լինի կարգուկանոն, հետևողական պետք է լինեն, պետք է մարդիկ կարողանան լիարժեք աշխատել, որպեսզի երբ մեր երեխաները գնում են բանակ, մենք վստահ լինենք, որ կարգուկանոն կա, օրենք է գործում, համապատասխան մարդիկ պետք է պատժվեն։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան ԲՀԿ-ն։

-Այսօր ամեն մեկս կոալիցիոն գործընկերներ ենք, բայց պայքարում ենք մեր կուսակցության համար։ Այսօր այդպես ավել-պակաս խոսակցություններ՝ այս տեղը, այն տեղը, դա որոշողը ժողովուրդն է։ Մենք աշխատում ենք, որ կարողանանք լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել։ Հազար անգամ քվեարկություններ են եղել, մենք առաջարկել ենք մեր ծրագիրը, որը մենք փոքրամասնություն լինելով՝ չենք կարողացել անցկացնել։ Այսօր մենք պայքարում ենք, որ մեծ լինենք, որ մենք կարողանանք ունենալ 50+1, որ մեր որոշումները, մեր ծրագրերն իրականացնենք և կարողանանք, ոնց որ մեր խոսքը գործ է, այդ քայլով էլ շարժվենք։ Մնացածը՝ ով ինչ կասի, ինչ չի ասի, դրանք հեքիաթներ են, մարդիկ տանը քնած են լինում, երազ են տեսնում, առավոտ հելնում, խոսում են։ Մենք աշխատում ենք, աշխատելու ենք, որ կարողանանք ունենալ 50+1։

-Բայց ասում են, որ 8% հազիվ ունենաք։

-Ասողները գլուխները պատին են տալիս, նրանք իսկի իրենց տանը ձայն չունեն՝ իրենց կնիկներն իրենց ձայն տան։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր դեմ մահափորձի մասին անընդհատ շրջանառության մեջ դրվող լուրերին։

-Ես չեմ իմանում՝ ով է այդպիսի խոսակցություններ տարածում։ Պարոն Ծառուկյանի մոտ այդպիսի բաներ չկան, չեն կարող լինել, մնացածը չգիտեմ ում է խառնաշփոթությունը ձեռք տալիս, կամ ով է ասում, չգիտեմ։

-Այդ դեպքում ձեր տան շուրջը երկրորդ պարիսպն ինչո՞ւ եք կառուցում։

-Երկրորդ պարիսպը եկեղեցու համար է, որ այնտեղ կարողանանք կենդանիներ բաց թողնել, գեղեցկացնենք, ջրենք, ծառեր տնկենք։ Երկու եկեղեցի է կառուցված, մարդիկ գալիս են, հարսանիքներ, կնունքներ են անում։ Որ սարն այդպես չոր մնար, ինչի՞ նման էր։

-Վիկտոր Դալլաքյանի ելույթն ինչպե՞ս եք գնահատում։

-Այդ խնդիրները դուք որոշեք, դուք ասեք։ Միայն ես կարող եմ մի հայտարարություն անել։ Քաղաքական գործիչը պարտավոր է ոչ թե օդի մեջ խոսել, այլ լիարժեք նա պարտավոր է տեղը տեղին ասել։

-Անո՞ւն տար։

-Եթե ես այսօր հայտարարություն եմ անում, ես պետք է ասեմ՝ ինչի՞ համար եմ անում։ Օդի մեջ մեջբերում է, դա ի՞նչ է նշանակում։

-Եթե անուն չէր տվել, ինչո՞ւ ձեզ վրա վերցրեցիք։

-Ես՝ որպես բարեգործ, հարգելի լրագրողուհի ջան, բարեգործությունը ամեն մարդ, դու էլ քո չափով, քո հնարավորության սահմաններով, պետք է կարողանաս բարի գործ կատարես։ Մենք առաջարկել ենք, որ պետք է լինի բարեգործության օր, որ մարդիկ այդ օրը կարողանան ինչ-որ չափով բարի գործ կատարել, որ մեկն էլ մյուսից օրինակ վերցնի։ Ծառուկյանը եթե դպրոց է բացում, մեկը պետք է համալսարան կամ հիվանդանոց բացի։

-Բայց ձեր անունը չի տրվել, չէ՞։

-Մենք մեր վրա չենք վերցրել։ Մենք բարեգործության անունից ենք խոսել։ Ավելի շատ դուք եք այդ խառնաշփոթությունը սարքում։ Մենք խոսել ենք միայն բարեգործի անունից՝ որպես բարեգործ։ Եթե այսօր Հայաստանում ասում են բարեգործություն, առաջին հերթին հասկանում են Ծառուկյան Գագիկ։ Բայց պարոն Դալլաքյանն ասել է, որ այդ մարդու արածները ես գնահատում, հարգում եմ։ Մնացած այն մարդիկ թող իրենց վրա վերցնեն, որ ձենները կտրել են, դե թող ուրիշներն էլ պատասխանեն։

-Այդ դեպքում Վարդան Բոստանջյանն ինչո՞ւ հրաժարվեց Դալլաքյանի քավորությունից։

-Դուք գնացեք պարոն Բոստանջյանին հարցեր տվեք։ Ընդհանուր բարեգործությանն է վերաբերվել, էդ մարդը գիտի, որ իր կուսակցության ղեկավարը բարեգործություն է կատարում։ Բարի գործ կատարելը ամեն մեկը պարտավոր է գնահատել, հարգել և ընդունել։ Բարի պետք է լինեն մարդիկ։ Մի հատ որ փորձեն, իրենց անձնական գումարից որևիցե մի բարի գործ կատարեն, նոր այդ ժամանակ կհասկանան մեր վիճակն էլ։ Ոչ թե մենք առիթից առիթ ենք անում. երևի դուք նկատում եք՝ պարբերաբար, ամեն օր, ամեն ժամ, ու ինչքան որ մենք շատ ենք անում, դա Աստծու տված շնորհ է։ Որ ասում են՝ ինչքան շատ բաժանես, այնքան Աստված քեզ շատ կտա։ Ոչ թե պետք է բաժանես, սպասես, որ տա, այլ դու պետք է ի սրտե, հավեսով, լիաթոք, որ Աստված քեզ այդ հնարավորությունը տվել է, որ դու կարողանում ես տալ, կարողանաս ճիշտ, լիաթոք դա բաժանել։ Աստված հարյուրապատկում է, իմացեք այդքանը։

-Արտահերթ ընտրությունների հավանականությունը որքա՞ն եք համարում։

-Չկա այդպիսի բան։

-Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը։

-Շատ նորմալ։ Դա նորմալ է, ոնց որ ասեցինք, մենք նստացրեցինք Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին և բողոքարկողներին, հիմա էլ՝ թե ընդդիմությունը մինչև այդ ի՞նչ է արել, այսօր ի՞նչ նոր բան է անելու։ Կարող են նստել, հարցուպատասխան, ամեն մեկն ասի՝ ինչ նպատակ կա, ինչ ծրագիր կա, իրենց ուզածն ինչ է կամ հնարավորության դեպքում ինչ են արել։ Այնպես որ, մեկը մյուսից փախնելու խնդիր չկա։

-Այդ հարցում ԲՀԿ-ն միջնորդ կարո՞ղ է լինել։

-Ես կողմնակից եմ, հիմա ինձնից ինչքան հասնում է, ես իրավասու չեմ, որ անպայման այս երկուսին իրար հետ նստացնեմ, բայց ես կողմնակից եմ, այո՛, նստեն, պատասխանեն։ Ի՞նչ կա դրա մեջ։ Դա ոչ փախչելու խնդիր է, ոչ էլ։

-Հոկտեմբերի 9-ին «Առաջադիմական» կուսակցությունը պետք է համագումար անի, լուծարվեն և միանան ԲՀԿ-ին։ Դուք ընդունելո՞ւ եք նրանց։

-Մենք այդ հարցը նայում ենք, դա հետաձգվել է, որովհետև դա քննարկման մեջ է։ Ես ձեզ ասեմ, որ այդպիսի շատ առաջարկներ կան, շատ մարդիկ կան, որ ընդգրկվում են մեր կուսակցության շարքերը, մենք ասացինք, որ ամեն պատահածին արդեն չենք ընդունում վաղուց, որ պետք է երաշխավորագիր լինի մի 5 հոգուց, մեր կուսակցության անդամներից։ Մենք մոտ օրերս ցույց կտանք, թե ինչ թիմ է, ինչ կուսակից անդամ է, ինչ մարդիկ են անդամագրվել։ Մոտավորապես մի 15 օրից հազարավոր մարդկանց մենք ցույց կտանք, այնպես որ ոչ թե մենք պարտադրված մարդկանց հրավիրում ենք մեզ մոտ, ինչ-որ խոստումներ ենք տալիս, այլ մարդիկ ցանկանալով, տեսնելով մեր գործունեությունը, մեր աշխատանքը, մեր պահվածքը՝ ուզում են աջակից լինել, կողմնակից լինել, որ միասնական այդ ծրագրերն իրականցնենք։

-Ասում եք, որ ոչ մի բանի կարիք չունենք։ Այս պահին Ձեզ ի՞նչն է պակասում։

-Ինձ պակասում է իմ երկրի զարգացումը, մարդկանց բարեկեցիկ ապրելը, որ բարգավաճի, ձեր պես գեղեցիկ լրագրողներին, որ ամեն մեկդ աշխատում է ձեր ընտանիքը պահելու համար, հնարավորություն տրվի՝ ոչ թե պատվեր կատարեք, այլ ամեն մեկդ ստանաք 2-3 հազար դոլլար գումար, որ ձեր արժանապատվությունը տեղը լինի։ Ոչ թե այսօր փողը տան, պատվեր կատարեն, դուք էլ պարոն Ծառուկյանի վրա հելնեք՝ մահափորձ են կատարել, Ծառուկյանն էս է, Ծառուկյանն էն է։

-Բայց ինչի՞ց է, որ օրինակ ես 2000 չեմ ստանում, այլ 200 եմ ստանում (սա լրագրողներից մեկի հարցն էր)։  

-Եթե լավ գրող ես, արի մեր մոտ, մենք քեզ 2000 կտանք։ Խնդիր չկա։ Մենք կադրերի խնդիր ունենք երկրով մեկ։ Մենք պետք է ունենանք որակյալ մասնագետներ բոլոր ոլորտներում՝ և՛ լրագրողական կազմում, և՛ կառավարությունում, և՛ բիզնեսում, և՛ մարկետինգում։

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը