Լրահոս

08.02.2016 14:57


Ստ. Մարգարյան. «ՀՀ–ում միայն ԸՕ-ն չէ վատ ընտրությունների պատճառը»

Ստ. Մարգարյան. «ՀՀ–ում միայն ԸՕ-ն չէ վատ ընտրությունների պատճառը»
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո սկսվել է քննարկվել Ընտրական օրենսգրքում (ԸՕ) փոփոխություներն ու լրացումները:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների, նոր մեխանիզմների կիրառման մասին «Zham.am» զրուցեց ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ, ով ԸՕ-ում փոփոխոթյունների իր տարբերակն ունի:

-Պարո՛ն Մարգարյան, Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից առաջ ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ են արվում: Արդյոք միայն ԸՕ՞-ն է ընտրախախտումներով լի ընտրությունների պատճառը:

-Այո, ԸՕ-ում յուրաքանչյուր ընտրությունից առաջ փոփոխություններ արվում են, իբր թե կատարելագործվում են, բայց արդյունքում բոլոր ընտրություններն էլ անցնում են բազմաթիվ խախտումներով և դառնում են հասարակության համար ինչ-որ իմաստով ոչ լեգիտիմ: Սա նշանակում է, որ Հայաստանում միայն ԸՕ-ն չէ վատ ընտրությունների պատճառը: Օրինակ՝ 1990-ին Հայաստանն ուներ ամենաթերի ԸՕ-ն, դեռևս չմշակված, նույնիսկ՝ բազմաթիվ հարցերի պատասխան չունեցող, բայց այդ ժամանակ ամենաարդար ընտրությունն է անցկացվել:
Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները պայմանավորվում են ոչ միայն ԸՕ-ով, այլ ընտրական արատավոր մեխանիզմներով:

-Ի՞նչ է անհրաժեշտ Ընտրական օրենսգրքով ընտրություններն առավել արդար, հասարակության համար էլ լեգիտիմ դարձնելու համար:

-Եթե մենք ուզում ենք ԸՕ-ով լուծել ընտրությունների ավելի լավը լինելու հարցը, ապա պետք է ԸՕ-ն կարողանա արգելել այն հիմնական կետերը, որոնք չեն խանգարում կամ նպաստում են այդ արատավոր մեխանիզմերին:

-Որո՞նք են այդ մեխանիզմները, և ի՞նչ տարբերակով կարելի է լուծել արմատացած ընտրակեղծիքների մեխանիզմները, որոնք գնալով ընդլայնվում են:

-Մեխանիզմներից է բազմակի քվեարկությունը միևնույն ընտրողի կողմից, «կարուսել» կոչվածը` տարբեր խմբերի կողմից և այլն: Իմ կարծիքով, եթե ԸՕ-ն առաջարկի այնպիսի մեխանիզմներ, որոնց կիրառման դեպքում անհնար կլինի նման ընտրակեղծիքներ կազմակերպելը, ապա շատ թերություններ կշտկվեն: Այդպիսի մեխանիզմ ես համարում եմ ընտրություններ էլեկտրոնային քվեարկության ձևաչափով անցկացնելը` ընտրողից էլեկտրոնային մատնահետք վերցնելով: Եթե մատը թանաքոտելը կամ ինչ-որ նշան անելը համարվում է հետամնաց կամ ավելորդ աշխատանք, ինչի մասին բազմիցս խոսվեց խորհրդարանում, չնայած նման տարբերակով ընտրություններ անցկացվում են բազմաթիվ զարգացած երկրներում, ապա այս դեպքում էլեկտրոնային մատնահետքը որևէ խնդիր չէ. մենք դա անում ենք նաև օդանավակայաներում թռիչքից առաջ:
Քվերակության նման տեխնիկական միջոցները շատ պարզ են՝ տեղամասում մեկ համակարգիչ, մի քանի էլեկտրոնային մատնահետքեր վերցնելու համապատասխան սարքեր և մի ծրագիր, որը ճանաչում է մատնահետքը և բացառում բազմակի քվերակությունը մեկ անձի կողմից:

-Մասնավորապես, ո ՞ր խնդիրներն է լուծում էլեկտրոնային տարբերակով ընտրությունների անցկացումը հենց Հայաստանում:

-Նախ՝ վերանում է անհրաժեշտությունը դասակարգելու, թե քաղաքացին ինչ փաստաթուղթ է ներկայացնում ընտրատեղամաս: Հիշում ենք, որ խորհրդարանում նույնականացման քարտերով և անձնագրերով քվեարկությանը մասնակցելու հարցում տարաձայնություններ կային:
Վերանում է ընդդիմադիր ուժերի` ընտրություններից հետո մասնակիցները ցուցակները հրապարակելու պահանջը: Վերանում է «կարուսել» կոչվածը: Եթե մենք սա չենք անում, կամ եթե որևէ մեկը հրաժարվում է ընդունել այս մեխանիզմը, ապա դրա պատճառը կասկածելի է, որովհետև դա վերացնում է այն հիմնական խնդիրները, որոնք շուրջ միշտ բանավեճ և անհամաձայնություն կան:
Մյուս կարևոր մեխանիզմն այն է, որ ոչ միայն թույլատրվի տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասում, այլ նաև թույլատրվի, որ հանձնաժողովի կողմից դա արվի և նկարահանվի ընտրության ողջ ընթացքը:

-Պարո՛ն Մարգարյան, կա՞ն անհրաժեշտ ռեսուրսներ, կամ ո՞վ է վճարելու համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար. չէ՞ որ դա կարող է անընդունելի լինել՝ պատաճառաբանվելով, որ բավարար ֆինանսական միջոցներ չկան:

-Իրականում դրանք մեծ ծախսեր չեն պահանջում, բացի այդ, միջազգային կառույցների հետ շփումներից պարզ է դարձել, որ անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն նրանց կողմից, մանավանդ որ նման փորձ կա, ինչպես, օրինակ, հարևան Վրաստանում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը