Մեկնաբանություն

08.02.2016 13:55


Ալվարդ Պետրոսյանը, բենզինի հոտը, «սառեցված» անդամությունը և ՀՅԴ–ի պորտֆելները

Ալվարդ Պետրոսյանը, բենզինի հոտը, «սառեցված» անդամությունը և ՀՅԴ–ի պորտֆելները

ՀՅԴ–ական վերնախավը պաշտոնապես հաճախորդանալուց, Սերժ Սարգսյանի հետ գործարք կնքելուց և պորտֆելատեր դառնալուց առաջ պետք է ներողություն խնդրի դաշնակցական, նախկին դաշնակցական կամ սառեցված անդամությամբ դաշնակցական (ՀՅԴ–ում ավելի լավ կիմանան) գրող Ալվարդ Պետրոսյանից, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում ՀՅԴ–ն հանդես էր գալիս «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսով ու պահանջում արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը։ Սփյուռքի ճնշման տակ՝ ՀՅԴ–ն նաև դուրս եկավ իշխող կոալիցիայից։

Այդ գծին դեմ էր դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը, ով 2008–ից առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոլի կողմնակիցներից էր ու զզվանքով էր խոսում այն մասին, որ հայ մտավորականների վրայից բենզինի հոտ է գալիս՝ ակնարկելով, որ այդ «դիշովկեքը» ծրարով փող են ստանում այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից, ով բենզինի բիզնեսում շատ կոնկրետ հետաքրքրություններ ունի։ «Մտավորականություն» կոչվածի համար փողն ապահովում էր բենզին ներկրող «Ֆլեշը», և Պետրոսյանն այդ իսկ պատճառով էլ բենզինահոտ էր համարում ոմանց։

2008–ի նախագահական «ընտրություններից» հետո, սակայն, Ալվարդ Պետրոսյանը դարձավ թունդ սերժամետ։ Նա սկսեց բենզինի հոտ չառնել, քանզի ինքն էր, պատկերավոր ասած, բենզինահոտ դարձել։

Ա. Պետրոսյանը, ի տարբերություն իր հին ընկերների, չքննադատեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Ճիշտ հակառակը՝ նա համարում էր, որ ՀՀԿ ղեկավարն ամեն ինչ ճիշտ է անում, և ՀՅԴ–ականները թող կեղծ խաղեր չխաղան։

ՀՅԴ–ում այդ ամենից հետո որոշեցին պատժել Ալվարդ Պետրոսյանին։ Նրան նախ արգելեցին հրապարակավ ելույթներ ունենալ։ Բացի այդ՝ «սառեցրեցին» նրա կուսակցական անդամությունը։

Ու հիմա, երբ հայ–թուրքական չարաբաստիկ արձանագրությունների տակ շարունակում է մնալ պաշտոնական Երևանի ստորագրությունը, ՀՅԴ–ն պատրաստվում է լիզել թքածը, այն է՝ Նալբանդյանի հետ ուս ուսի տված ու «նախաձեռնողական» Սարգսյանի ղեկավարությամբ՝ կոալիցիա կազմել։

Փաստորեն, Ալվարդ Պետրոսյանը լավ գիտեր իր հին ընկերների իրական էությունն ու «Ֆուտբոլային» օրերին առաջարկում էր ձևականությունների հետևից չընկնել։

Եվ այսպես, ՀՅԴ–ում այժմ պետք է Պետրոսյանի սառեցված անդամությունը, այսպես ասած, տաքացնեն, նրանից ներողություն խնդրեն ու դարձնեն Դաշնակցության թիվ մեկ գաղափարախոսը, քանզի հիմա 126–ամյա այդ կառույցից բենզինի հոտ է գալիս, ընդ որում՝ անորակ բենզինի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը