Մեկնաբանություն

08.02.2016 11:09


Ռուս–թուրքական լարվածությունն աճում է

Ռուս–թուրքական լարվածությունն աճում է

Ռուս–թուրքական լարվածությունը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո աճում է և ստանում տարբեր դրսևորումներ։

Ռուսական ավիաուժերի աջակցությամբ Ասադի բանակը հաջողություններ է գրանցում կարևոր նշանակություն ունեցող Լաթաքիայում և եթե կարողանա զարգացնել հաջողությունը, ապա կփակի թուրք–սիրիական սահմանը Սիրիայի հյուսիսում։ Դա ռազմավարական նշանակության խնդիր է, քանզի այդ հատվածի ահաբեկչական խմբավորումները Թուրքիայից են օժանդակություն ստանում։ Հյուսիսային սահմանի փակումը, հետևաբար, իրավիճակն էականորեն կփոխի Սիրիայում։

Սա շատ լավ հասկանում են Անկարայում և ուզում են քայլեր ձեռնարկել։ Ռուսական հետախուզական տվյալների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է ցամաքային զորք մտցնել Սիրիա։ Եթե դա տեղի ունենա, ապա սիրիական ռազմական թատերաբեմն ուղղակիորեն կվերածվի գլոբալ հակամարտության՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Թուրքիային անհանգստացնում է ոչ միայն Սիրիայում ռուսական օդուժի գործողության արդյունքում իր ծրագրերի տապալումը, այլ նաև բուն Թուրքիայում քրդական գործոնն ու այդ գործոնի միավորումը սիրիական քրդերի հետ։ Ահա այդ իսկ պատճառով էլ Էրդողանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության։

ՌԴ–ում, բնականաբար, այս ամենին հետևում են և պատրաստվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք, այսպես թե այնպես, ներքաշված ենք ռուս–թուրքական հակամարտության մեջ։ Առայժմ ամեն ինչ պասիվ է, բայց պետք է պատրաստ լինել բոլոր տիպի սցենարներին ու սեփական շահը պաշտպանել, այլ ոչ թե դառնալ մանրադրամ խոշորների կռվում։

Ուշագրավ է, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Միրոնովի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը ամրագրող օրինագծին հաջորդում է մեկ այլ քայլ, որը կրկին շոշափում է Հայաստանի թեման։

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկել են ՌԴ նախագահ Պուտինին ու ՌԴ արտգործնախարար Լավրովին չեղարկել բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16–ին կնքված Մոսկվայի Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։

Ռուս պատգամավորների կարծիքով այդ պայմանագիրը հակասում է ՌԴ–ի ու նրա դաշնակից Հայաստանի շահերին։ Պարզ է, որ նմանատիպ առաջարկն ինքնաբուխ չի ծնվել, և «պասը» եկել է Կրեմլից։ Պարզ է նաև, որ ՌԴ–ում հայամետության նոպաները հայերիս գեղեցիկ աչքերի համար չեն առաջացել։ Իրենք իրենց խնդիրներն են լուծում։

Հասկանալի է, որ Ռուսաստանին սեփական խնդիրներն են հետաքրքրում, և նրանք պատրաստվում են Թուրքիայի հետ հակամարտության բոլոր ճակատներում։ Մոսկվայի պայմանագրի հետ կապված առաջարկը նախևառաջ քարոզչական քայլ է և քաղաքական կոնկրետ հետևանք չի կարող ունենալ («մեծ եղբոր» ձեռքերով հայ «ազգայնականների» հույսերն այս առումով չեն արդարանա)։ Ռուսներն այս տիպի քայլերով ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և նախանշում հետագա անելիքների ուղղությունները, որպեսզի Անկարայում էլ հասկանան, թե մինչև ուր կարող է այս ամենը գնալ։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։ Պատրա՞ստ է ցանկացած տիպի զարգացման, որն անխուսափելիորեն լինելու է։ Ի՞նչ մոտեցում է ունենալու Հայաստանը, եթե Դումայում քննարկվի Մոսկվայի պայմանագրի չեղարկման հարցը։ Մտածո՞ւմ են այս մասին իշխանական կաբինետներում, թե՞ միայն փող փախցնելու հարցն է օրակարգում։

Ավելորդ է բացատրել, որ ռուս–թուրքական հակամարտությունը չի կարող շրջանցել մեզ։ Հայաստանը պետք է սեփական դիրքավորումն ունենա և բացառապես սեփական շահերի համատեքստում քաղաքականություն վարի։ Կա՞ այդ գիտակցությունն ու պատրաստվածությունը։ Ցավոք, ոչ։

Պետք է նկատել, որ ՀՀ իշխանական և ընդհանրապես քաղաքական դաշտում այս թեմաներով որևէ քննարկում չկա։ «Նախաձեռնողական» ինքնահռչակված սերժսարգսյանական թիմին հետաքրքրում է բացառապես անձնական շահը, փող հավաքելը, պանիկովսկիական ոճով պորտֆել բաժանելն ու դաշնակ խաղացնելը։ Իսկ թե ինչպիսի գործընթացներ կարող են լինել ռուս–թուրքական լարվածության աճի հետևանքով, և ինչպես պետք է պատրաստվել այս ամենին, թողնված է ինքնահոսի։

Ինչպես սերժական «շավկա» և դիշովկա կայքերից մեկն էր գրել, ռուսները С400 են բերել հայ–թուրքական սահմանին, ռուսներն են մեր անվտանգության երաշխավորը, ու ամեն ինչ «OK» է, իսկ Հայաստանում իշխանությունը զբաղված է «նայողի» ֆունկցիայով, ինչը Սերժը փայլուն կատարում է։ Այդ ձևակերպումն ամբողջությամբ ցույց է տալիս ՀՀԿ ղեկավարի գավառական մտածողությունը։ Մտածողություն, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել ու էլի կդառնա, եթե թույլ տանք՝ վերարտադրվի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը