Մեկնաբանություն

08.02.2016 00:27


Առուն չթռած՝ գոռում ենք՝ «հո՛պ»

Առուն չթռած՝ գոռում ենք՝ «հո՛պ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառումների շարքում հայոց իշխանությունը մինչ օրս եթե ինչ-որ արժանապատիվ, հայությանը վեհացնող բան է նշում, ապա դա Վատիկանում, Սուրբ Պետրոսի տաճարում անցյալ տարվա ապրիլի 12-ին Հռոմի պապի կողմից մատուցված պատարագն է, երբ Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, թե հայերի կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են, և ավելացրեց․ «Չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել»։

Օ՛հ, այդ տաճարում էր բազմել «հայոց էլիտան», որը մինչ օրս «առինքնող» հայացքով հիշեցնում է միայն այդ պատարագի փաստը («մոռանալով», որ դեռեւս 2001-ին այստեղ՝ Ծիծեռնակաբերդում է եղել Հռոմի պապը եւ արտաբերել «ցեղասպանություն» տերմինը. ի դեպ, Ազնավուրն էլ նրա դիմաց կանգնած «Ավե Մարիա» էր երգում):

Ակնհայտ է քծնանքն առ իշխանություն և, մասնավորապես, Սուրբ Աթոռում դիվանագիտական ծառայություն իրականացնող դեսպանի, որը «տիեզերեկան» ջանքեր էր թափել, որ տեղի ունենար այդ պատարագը:

Սակայն տարին էլ դեռ չլրացած՝ Թուրքիան Վատիկան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին հետ կանչված իր դեսպանին: Թուրքիայի ԱԳՆ-ն իր այս որոշումը պատճառաբանել է Վատիկանի պաշտոնական մի հաղորդագրությամբ, որում նշվում է, թե փետրվարի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

Նշվում է, որ այս մասին Հռոմի պապը հայտարարել է իտալացի պատմաբան Ռինալդո Մարմարայի հետ հանդիպման և նրանից 1667թ․ Դարդանելի նեղուցում Օսմանյան Թուրքիայի և պապական նավատորմերի միջև տեղի ունեցած ճակատամարտի մասին գիրքը ստանալու ժամանակ:

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը Պարոնյանի լեզվով ասած՝ այս «թյուրատեսությունը» ճշտելո, կամ պապից հստակ գնահատական ստանալու համար: Ոչի՛նչ:

Փետրվարի 3-ից մինչ օրս ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկել (բացի այն, որ Նալբանդյանի մամուլի քարտուղարն իր ՖԲ-ի էջում ինչ-որ հայրենասիրական ծղրտոց է հանել՝ իբր, կեղծիք է այդ ամենը):

Տեսնենք, թե հիմա ով է «տիեզերական» ջանքեր ներդնելու Հռոմի պապին «դարձի բերելու» համար։ Որպեսզի սազանդարները կրկին «բռա՜վո» գոռան «պետպատվերի» շրջանակներում։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը